Ադրբեջանի ԳԱԱ գիտնականի «հանճարեղ» բացահայտումը. երկրագունդը չի պտտվում

Ադրբեջանի ԳԱԱ գիտնականի «հանճարեղ» բացահայտումը. երկրագունդը չի պտտվում

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի աշխատակից, փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը սոցիալական ցանցերում գրառել է, թե սուտ է գիտական այն պնդումը, որ երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը:

Moderator.az-ը, հղում կատարելով ANS PRESS-ին, հայտնում է, որ «գիտնականը» գրել է, որ որոշ երկրներում 6 ամիս ցերեկ, 6 ամիս գիշեր է լինում, եւ հայտարարել, որ չի հավատում գիտական այն պնդմանը, թե երկրագունդը պտտվում է:

«Նորվեգիայի հյուսիսում արեւը 3 ամիս մայր չի մտնում: Եթե երկագունդը պտտվեր, արեւը մայր կմտներ: Նշանակում է, պետք է հասկանանք, որ չնայած մեզ հրամցվող տեղեկությունները գիտական են, դա ապացուցող հզոր փաստարկների կարիք կա: Նույնիսկ` 6 ամիս ցերեկ, 6 ամիս գիշեր ունեցող երկրներ կան: Այդ ինչպես է երկրագունդը պտտվում, որ այդ երկրներում գիշերն ու ցերեկը տեւում են 6-ական ամիս», -զարմանք է հայտնել է նա:

Իր այդ «բացահայտումներով» ադրբեջանցի «գիտնականը» եզրահանգել է. «Ստացվում է, որ այդ երկրներում երկրագունդը 6 ամիս չի պտտվում: Ինչպես տեսնում եք, չպետք է մոռանանք, որ մեր կարդացածներն ու որպես գիտություն մեր ընդունած երեւույթները դեռեւս մութ են մնում մեզ համար»:

Ադրբեջանցի «գիտնականի» օրինակը, ում դոկտորական թեզն արդեն հաստատել է Գիտությունների ակադեմիայի նախագահությունը, խոսում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի «հզոր» գիտական մակարդակի մասին:

Ինչպես երեւում է, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցը իր այդ «հանճարեղ» կասկածը հիմնավորել է Սաուդյան Արաբիայից իմամ, շեյխ Բանդար ալ Հայբարիի այն ծիծաղելի պնդումով, թե «երկրագունդը չի կարող պտտվել իր առանցքի շուրջը»: Դրանից հետո նման պնդումով հանդես էր եկել նաեւ ադրբեջանցի հաջի Գամաթ Սուլեյմանովը:

Սաուդյան հոգեւորականության ներկայացուցիչ Բանդար ալ Հայբարին ավելի վաղ մատների վրա «ապացուցել էր», որ երկրագունդը չի կարող պտտվել իր առանցքի շուրջը: Պատասխանելով ուսանողի հարցին այն մասին, թե երկրագունդն արդյոք պտտվո՞ւմ է կամ մնում է անշա՞րժ, նա նախ ցիտել է կրոնավորներին ու սուրբ տեքստերից մեջբերումներ արել, հետո որոշել է բերել սեփական «տրամաբանական» փաստարկները: Նա ձեռքն է վերցրել ջրով անոթ եւ առաջարկել պատկերացնել, որ դա երկրագունդն է, իսկ դիտողը նրա շուրջը ինքնաթիռով թռչում է ԱՄԷ-ից Չինաստան: Եթե ինքնաթիռը կանգնի օդում, եւ երկրագունդը պտտվի, ապա Չինաստանը կամ ինքը կշարժվի ինքնաթիռին ընդառաջ, կամ հակառակը` անընդհատ «կփախչի» իրենից, «տրամաբանել» էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում