«Առավոտ». Դրոշ վառելն հուսահատ քայլ է, որը բնորոշ է թույլերին. խմբագրական

«Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ’ 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ագգանունը Գաբրիել Ուռեբլյան է]: Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ոուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձևափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր’ մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը,թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չեն հարգում ոչ մի պետություն, հետևաբար’քո սեփական պետությունը, հետևաբար նաև’ ինքդ քեզ:
Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել’ դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարևոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե’ մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, և այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:
Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, և նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները’ ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրբական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Երեկ այդ տեսակետը «Ա1+»-ի P.Տ.-ով ինձ տված հարցազրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը’ չնայած թուրքական դրոշ վառելով զբաղվում են հենց այդ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Ես կարծում եմ, որ մենք պետականություն ենք և պետք չունենք դա անելու: Գուցե 20 տարի առաջ դա հասկանալի և ընդունելի էր, բայց այսօրվա պայմաններում նպատակահարմար չէ»: Իրոք որ, Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձև է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների’ նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից’ այն բարեկամական է, թե թշնամական:
Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին’ մարդկանց խմբին, որն այլ ձևով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է»,-գրում է «Առավոտի» խմբագիրն այսօրվա խմբագրականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում