Խորհրդարանական ընտրությունները Քարվաճառում անցնում են բնականոն

Խորհրդարանական ընտրությունները Քարվաճառում անցնում են բնականոն

Այսօր, Արցախի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների օրը, Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի 11/17 ընտրական տեղամասի դռները բացվել են առավոտյան ժամը 08:00֊ից: Քարվաճառ համայնքի 464 գրանցված ընտրողներից ժամը 14:00֊ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 140֊ից ավել ընտրողներ։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, քաղաքացիները շարունակում են այցելել ընտրատեղամաս ու իրենց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին ու պատգամավորի թեկնածուին։ Տեղեկացնենք, որ 11/17 ընտրատեղամասում արդեն իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանն ու Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը։

Ինչպես նշեց պարոն Սարգսյանը, ընտրական գործընթացն անցնում է նորմալ, բնականոն ընթացքով։ Վստահված անձանց կողմից որեւէ ընտրախախտում չի արձանագրվել։

«Ընտրողներն ուրախ տրամադրությամբ գալիս են, իրենց քաղաքացիական պարտքը կատարում են, գնում են։ Մարդիկ հետաքրքրված են ընտրություններով», նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը։

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության վստահված անձ Սերոբ Նալթակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն ընթանում է հանգիստ, ընտրախախտման որեւէ դեպք չի արձանագրվել։ «Կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին ընտրողների ակտիվությունը կավելանա, ավելի շատ մարդիկ կգան իրենց քաղաքացիական պարտքը կատարելու», ընդգծեց Սերոբ Նալթակյանը։

Տեղեկացնենք, որ Շահումյանի շրջանի ընտրական տեղամասերի աշխատանքը համակարգում է Մարտակերտում տեղակայված տարածքային ընտրական հանձնաժողովը։

Ընտրախախտումների մասին արձանագրությունները պետք է ուղարկվեն Մարտակերտ։ Նշենք, որ Շահումյանի շրջանի որեւէ ընտրատեղամասում դեռեւս որեւէ ընտրախախտում չի արձանագրվել։

Ընտրատեղամասի փակվելուց, քվեաթերթիկները հաշվելուց եւ արձանագրություններ կազմելուց հետո քվեատուփերը կկնքվեն եւ կտարվեն տարածքային ընտրական տեղամաս։

Թամարա Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում