Ուխտագնացության 100 կմ քայլք Իսպանիայում

Ուխտագնացության 100 կմ քայլք Իսպանիայում

 Հայաստանից առաջին անգամ ուխտագնացություն է կատարվել Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցի:

Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանի ուղեկցությամբ ուխտագնացությունը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 12 ուխտագնացներից բաղկացած խումբը 100 կմ քայլքով երթը մայիսի 7-ին սկսել է Իսպանիայի Սարրիա բնակավայրից: Ուխտագնացությունը տեւել է 4 օր:

Սանտյագոյի Սուրբ Հակոբ եկեղեցում Հայաստանից ժամանած խմբի մասնակցությամբ մայիսի 11-ին մատուցվել է Սուրբ Պատարագ: Արարողության ժամանակ պատարագիչ հայր Սալվադորը հիշատակել է Օսմանյան կայսրությունում հայերի ծրագրված կոտորածների մասին` մի քանի անգամ շեշտելով «ցեղասպանություն» եզրույթը: Պատարագի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խնկարկման հատուկ արարողություն է կատարվել:

Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկիէ Սուրբ Հակոբի գլուխը թաղված է Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյաց վանքում: Ըստ ավանդության` հռոմեացի զինվորները Հակոբ առաքյալի մարմինը նետել են Միջերկրական ծովը: Խեցիները նրա մարմինը դուրս են բերել Իսպանիայի հյուսիս-արեւմտյան ափ, որտեղ այն ամփոփվել է Կոմպոստելա քաղաքում: 12-րդ դարում հաստատվել է, որ ափ դուրս բերվածը եղել է Հակոբ առաքյալի մարմինը: Հակոբ առաքյալի գերեզմանի վրա կառուցվել է Սուրբ Հակոբ հրաշագեղ եկեղեցին, որը դարձել է բոլոր իսպանացիների եւ քրիստոնյա աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը:

Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում գտնվող Սուրբ Հակոբի գերեզմանին ուխտագնացություն կատարվում է աշխարհի բոլոր ծայրերից: Ուխտագնացի քայլքով նվազագույն ճանապարհը 100 կմ-ն է, որն անցնելուց հետո Սուրբ Հակոբ եկեղեցում նրան տրվում է անվանական հատուկ վկայական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում