Ջոն Հեֆերնը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին հայտնում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Ըստ վերջինիս, առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ:

Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին, Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին:

Դեսպանի խոսքով, սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:

Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում:

Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով և ելույթներով»:

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա և կայացվի օբյեկտիվ որոշում:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ, ասվում է ԲՀԿ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում