Ադրբեջանը կորցնում է միակ դաշնակցին

Ադրբեջանը կորցնում է միակ դաշնակցին

Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցող զարգացումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա: Վերջին տասնամյակներում մշտապես արդի նշանակություն ունեցող թուրք-քրդական հակամարտությունը նոր փուլ է մտել: Տեղական բնույթի փոքր բախումներից այն վերածվել է իրական պատերազմի, որտեղ հակամարտող կողմերից զատ ներկայացված են նաև արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերը: Ավելին` թուրք-քրդական հակամարտոթյունը վաղուց արդեն տարածաշրջանային նշանակություն է ստացել և Թուրքիայի ներկայիս տարածքից տեղափոխվել հարակից պետություններ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ քրդերի հետ հարաբերություններում Թուրքիայի դիրքերը գնալով թուլանում են, ինչը խոսում է տարածաշրջանում կարևոր զարգացումներ սպասելու անհրաժեշտության մասին: Աշխարհի առաջատար վերլուծական կենտրոններում դիտարկվում են հնարավոր բոլոր սցենարները` սկսած Թուրքիայի մասնատումից, վերջացնելով Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի ամբողջական վերափոխումով: Մի բան պարզ է, որ տարածաշրջանում, ի դեմս քրդերի, հայտնվել է այնպիսի նոր ուժ, որը երբեք չի սահմանափակվի իր ներկայիս կարգավիճակով: Քրդերը ձգտում են առավելագույնին և այդ ճանապարհին մեծ հաջողություններ ունեն Թուրքիայում, Իրաքում ու Սիրիայում:

Թուրք-քրդական բախումները լուրջ անհանգստություններ են պատճառում նաև հարևան պետություններին: Իրավիճակը հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի համար, որը կանգնել է տարածաշրջանում միակ իրական դաշնակցի կորստի վտանգի առջև։ Ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանները վաղուց արդեն անվտանգ չեն ադրբեջանցիների համար: Ինչպես վկայում են այդ վայրերից ստացվող լուրերը, Քրդական Բանվորական Կուսակցության ներկայացուցիչները ադրբեջանցիներին Իգդիրի շրջանից արտաքսելու հետևողական քաղաքականություն են իրականացնում: Վերջիններս, սոցիալ-տնտեսական ավելի լավ պայմաններ գտնելու հույսով անցած մի քանի տարիների ընթացքում Նախիջևանից տեղափոխվել էին Իգդիր և հարակից բնակավայրեր: Իսկ հիմա, երբ քրդերն ակտիվ գործողություններ են սկսել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, ադրբեջանցիները պատանդ են մնացել այնտեղ և չեն կարող վերադառնալ Նախիջևան:

Բայց քուրդ զինյալները չեն բավարարվում միայն այսքանով: Անցած մեկ շաբաթվա ընթացքում նրանք երկու անգամ վնասել են Թուրքիայի տարածքով անցնող ադրբեջանական նավթա- և գազատար խողովակաշարերը, մի քանի անգամ հարձակվել Ադրբեջանից Թուրքիա գնացող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վրա և այլն: Համաշխարհային շուկաներում նավթի գնի անկման ներկայիս պայմաններում, երբ Ադրբեջանը կանգնել է ֆինանսատնտեսական ճգնաժամի առջև, քրդերի այս գործողությունները փաստորեն ոչնչացնում են նաև Կասպյան տարածաշրջանից էժան և անվտանգ էներգառեսուրսներ ստանալու արևմտյան հանրության հույսերը: Այսպես, ադրբեջանի էներգետիկ ոլորտում խոշոր ներդրում կատարած British Petroleum-ը հետզհետե կրճատում է իր ծախսերն այդ պետության մեջ` ակնհայտորեն ցույց տալով, որ ապագայում պատրաստվում է լքել ադրբեջանական շուկան: Ավելի վաղ Ադրբեջանից արդեն հեռացել են մի քանի նման ընկերություններ:

Բայց այս ամենը Ադրբեջանի խնդիրների փոքր մասն է միայն: Բաքվի հիմնական մտավախությունները վերաբերվում են այն փաստին, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ: Հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է ընկալվում Ադրբեջանում։ Բաքվում գիտակցում են, որ հայկական պետությունների դեմ ագրեսիայի պարագայում Հայաստանը լուրջ գործողություններ է ծավալելու նախիջևանյան ուղղությամբ: Առանց այն էլ վերջին երկու տարիների ընթացքում հայկական զինված ուժերը զգալիորեն բարելավել են իրենց մարտական դիրքերը Նախիջևանի հետ սահմանում: Եվ եթե այդ ամենին գումարվում է նաև քրդական ակտիվությունը թուրք-ադրբեջանական սահմանում, ապա պատկերը Բաքվի համար խիստ անմխիթար է դառնում։

Իրականում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը միշտ խիստ կախված է եղել Անկարայի տարածաշրջանային շահերից: Որքան էլ Իլհամ Ալիևը իրեն անկախ գործիչ ձևացներ, պարզ է, որ առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը խիստ սահմանափակված է իր գործողություններում: Ավելին` Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հենց Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է Հարավային Կովկասում: Եվ հիմա, երբ Թուրքիան ներքաշված է քրդերի հետ կենաց մահու կռիվ մեջ, Բաքվում ձգտում են հասկանալ այդ հակամարտության հնարավոր ելքը` զուգահեռաբար փորձելով հասկանալ, թե ժամանակային որքան լիմիտներ ունեն տարածաշրջանում Անկարայի աջակցությամբ որոշակի խնդիրներ լուծելու համար:

Իհարկե, խոսքն առաջին հերթին վերաբերվում է հայ-ադրբեջանական հակամարտության հեռանկարներին: Ալիևի վարչակազմը իշխանության իր տրամաբանությունը վաղուց է հիմնել Արցախը ռազմական ճանապարհով Ադրբեջանին բռնակցելու գաղափարի վրա: Մեծ հաշվով, հայկական պետությունների դեմ հաղթանակը Ալիևի այն վերջին խոստումն է, որին Ադրբեջանի հասարակությունը դեռևս քիչ թե շատ հավատում է: Ադրբեջանի նախագահի մնացած բոլոր ծրագրերը վաղուց տապալված են: Նա չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, հանրապետությունում կառուցել ժամանակակից սոցիալ-քաղաքական ինստիտուտներ, բարելավել քաղաքացիների կենսամակարդակը, զերծ պահել երկիրը արտաքին ազդեցության գործոններից (այդ թվում` նաև իսլամական ծայրահեղ գաղափարներից) և այլն: Այս ամենը նա փոխարինեց բռնապետական կարգի ամրապնդմամբ` հույս ունենալով, որ ներքին և արտաքին վախի գործոնները կստիպեն Ադրբեջանի բնակիչներին ենթարկվել իր իշխանությանը: Ի՞նչ խոսք, սա ժամանակավոր լուծում է, որը դեռևս աշխատում է: Բայց ամենասարսափելին դեռ առջևում է:

Ինչպես արդեն նշեցի, թուրք-քրդական հակամարտության հետագա խորացումը կզրկի Ադրբեջանին արտաքին լուրջ աջակցությունից: Բնական է` այդ իրավիճակից կօգտվեն Ադրբեջանի հարևանները` Ռուսաստանը, Իրանը, դե իհարկե նաև Հայաստանը: Իրավիճակը փրկելու համար Ալիևի վարչակազմը փորձում է որոշակի քայլեր անել, օրինակ, Ռուսաստանին նավթ և գազ առաջարկել, իսկ Իրանին` բեռները դեպի Արևմուտք տեղափոխելու տարանցիկ հնարավորություններ: Փոխարենը պաշտոնական Բաքուն ուզում է պահպանել տարածաշրջանում այս երկու տերությունների գործընկերոջ կարգավիճակը` փորձելով չնկատելու տալ այն փաստը, որ առանց Թուրքիայի աջակցության ինքն ընդամենը հեշտ որս է թե’ Ռուսաստանի, և թե’ Իրանի համար: Նույն կերպ Բաքուն փորձում է չեզոքացնել նաև հայկական վտանգը: Շարունակաբար սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում` Ալիևը փորձում է միջնորդների օգնությամբ առավելագույնս կորզել հայկական կողմից: Եվ դա անել հնարավորինս շուտ, քանի դեռ թուրքական գործոնը կա: Բայց արդեն հիշատակված ժամանակային լիմիտները խիստ ճնշում են գործադրում Ալիևի վարչակազմի վրա: Բաքուն հասկանում է, որ կարող է և չհասցնել բայց ավելի արագ գործելու ոչ մի ռեսուրս չունի:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում