«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի միջև հակասությունը վերաճել է թշնամանքի

Ըստ «168 ժամի» տեղեկությունների, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը նույնքան հետևողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվում’ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը: Կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրների վտխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի և Զուրաբյանի միջև հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի, մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը’ այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից: Թերթը հիշեցնում է, որ նախօրեին կայացած ասուլիսում Լևոն Զուրաբյանը չէր հերքել, որ ինքը հակասություններ է ունեցել ՀԱԿ-ի բազմաթիվ անդամների, այդ թվում’ Նիկոլ Փաշինյանի հետ: «Կենտրոնական շտաբի անդամ ենք մենք բոլորս’ ես էլ, Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ, և այլն, և ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք 5 տարվա մեջ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում»,-պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունների մասին հարցին, ասել է Լևոն Զուրաբյանը: Այսինքն’ չի հերքել այդ տեղեկությունները: Այնպես, ինչպես չի բացառել, որ ՀԱԿ-ն ընտրություններում կարող է սատարել ԲՀԿ-ի թեկնածուին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում