Քոչարյան․ «Վերադառնալու անձնական ցանկություն չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ». «Ազատություն»

Քոչարյան․ «Վերադառնալու  անձնական ցանկություն չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ». «Ազատություն»

Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 5-ին ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում: Հարցազրույցը «Ազատության»  կայքում  կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց ռադիոկայանի կայքում որոշ մանրամասներ ներկայացվել են արդեն:

«Ազատության»  փոխանցմամբ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված: 

«Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ», – ասել է Քոչարյանը:

Անդրադառնալով ռուսական ՀԷՑ-ի շուրջ բողոքի ցույցերին ու ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանը պնդել է՝ հարցը սուր հնչեղություն ստացավ Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով:

«Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, ապա, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումը էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են: Սակայն դրա պատճառները կարող են լինել և՛ ծառայությունները կարգավորողի գործողությունները, և՛ ընկերության անարդյունավետությունը, և՛ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էներգակիրների շուկայում: Պետք է մարդկանց բացատրել և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել», – ասել է Քոչարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում