Ի՞նչ նորամածություններ է ԵՄ-ն կատարել Ադրբեջանին քննադատող 2015թ-ի բանաձևում

Ի՞նչ նորամածություններ  է ԵՄ-ն կատարել Ադրբեջանին քննադատող 2015թ-ի բանաձևում

Եվրախորհրդարանի աշնանային նստաշրջանի եռօրյա նիստերը եզրափակվեցին Ադրբեջանի նկատմամբ քննադատողական բանաձևի ընդունմամբ: Շուրջ վեց էջից բաղկացած փաստաթուղթը, որի հեղինակը հեղինակը Եվրախորհրդարանում Լիբերալ-դեմոկրկրատական խմբակցությունն է (ALDE), հանգամանորեն անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, քաղբանտարկյալների հիմնահարցին, օրեցօր աճող ատելության հռետորաբանությանը, փոքրամասնությունների նկատմամբ անհադուրժողական վերաբերմունքին, իշխանական համակարգում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակին և հնչեցնում կոչեր ու առաջարկություններ: Բանաձևն ընդունվել է 365 կողմ, 202 դեմ և 72 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ մի բանաձև ԵԽ-ն ընդունել էր նաև 2014թ-ի սեպտեմբերի 18-ին: Փորձենք համեմատել երկու փաստաթղթերը` մատնանշելով նմանությունները և այս տարվա բանաձևում առկա տարբերություններն ու նորամուծությունները:

2015թ-ի բանաձևը չենք կարող աննախադեպ համարել, քանի որ գրեթե ամեն տարի ԵՄ-ն Ադրբեջանի վերաբերյալ ընդունել է քննադատության բարձր չափաքանակ պարունակող բանաձևեր, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, առաջին անգամ է, որ խոսվում է սանկցիաների կիրառման, համագործակցությունից հրաժարման մասին: Այսինքն` առաջին անգամ է ԵՄ-ն ոչ ազդեցիկ կոչեր անելուց բացի դիմում է գործնական քայլերի, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Ի տարբերության նախորդ տարվա, որտեղ կոչերի և առաջարկների բաժինը սահմանափակվում էր 18 հոդվածներով, այս տարի դրանց թիվն արդեն իսկ հասել է 25-ի:
Երկու բանաձևերի սկզբնական հատվածը գրեթե կրկնվում է` նշելով տարվա ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, քաղաքական հայացքների համար ձերբակալվածների նախադեպերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները:Քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում այս առումով գրեթե ոչինիչ չի փոխվել, այլ ընդհակառակն իրավիճակն ավելի է սրացել, տեքստում էական բովանդակային փոփոխություններ ևս չկան:

Ինչպես արդեն նշել ենք, հիմնական տարբերությունները առաջարկների, կոչերի և հետագա գործողությունների բաժնում է: Ինչպես նախորդ բանաձևում, այս տարի ևս կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և լրագրողներին, հոգ տանել Յունուսների վատթարացող առողջական վիճակի մասին, վերջ տալ փոքրամասնությունների նկատմամբ ատելության տարածմանը, հարգել խոսքի և մամուլի ազատությունը և այլն: Նախորդ տարի անդրադարձ էր կատարվել այն հանգամանքին, որ Ադրբեջանը 2015թ-ին հյուրընկալելու է Եվրոպական խաղերը, ուստի պետք է դադարեցնի բռնաճնշումները և պայմաններ ստեղծի լրատվամիջոցների անաչառ լուսաբանման համար:

ԵՄ-ի այդ բանաձևը ոչինիչ չփոխեց և ազդեցություն չունեցավ ալիևյան վարչակազմի վրա: Ընդհակառակը` Եվրոպական խաղերին ընդառաջ Ադրբեջանում հետապնդումների նոր ալիք սկսվեց: Այս կերպ Ալիևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը, չնայած փորձում է իրեն եվրոպական իմիջով ներկայացնել, սակայն շատ հեռու է եվրոպական արժեքներից, և ոչ միայն չի ձգտում հասնել դրանց, այլ նաև արհամարհում է:

Եվրոպայի արձագանքը երկար սպասեցնել չտվեց, և առաջին անգամ ընդունվեց բանաձև, որտեղ ապարդյուն կոչերից բացի հստակ գործողություններ են մատնանշվել: Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ են որոշ հոդվածներ, որտեղ կոչ է արվում է Ադրբեջանի իշխանություններին վերսկսել համագործակցությունը տարածաշրջանային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ:

Վեհաժողովը կոչ է անում ԵՄ պաշտոնյաներին՝ մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքի շնորհիվ։ Սա կարելի է որակել առաջին դեպքը, երբ ԵՄ-ի` նման բարձր հարթակից մեղադրանք է ներկայցվում Ալիևին և նրա կոռումպացված ընտանիքին:

Կոչ է անում ԵՄ խորհրդին՝ թիրախային սանկցիաներ և վիզային արգելքներ սահմանել բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումների մեջ։ Սա ևս առաջընթաց քայլ կարող ենք համարել, քանի որ առաջին անգամ է նշվում պատժամիջոցների կիրառման մասին, որը կարող է արդյունավետ առաջին քայլը լինել` Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից: Սակայն չպետք է մոռանանք, որ ԵԽ-ի այս բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք կտա այս ամենին ԵՄ խորհուրդը:

Բանաձևի 23-րդ կետում կոչ է արվում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը և ԵՄ ադամ երկրներին՝ առայժմ զերծ մնալ ընտրական դիտորդական գործողություններից։ Նշում է, որ ԺՀՄԻԳ առաքելությունը ներկայումս գործում է և չափազանց կարևոր է իմանալ նրա վերլուծությունները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Փաստորեն այս կերպ ԵԽ-ն ցույց է տալիս, որ չի ճանաչում այդ երկրում կայանալիք ընտրությունները և դրանց արդյունքները: Սա դրական քայլ կարող էինք համարել, եթե ԵՄ-ն դադարեցներ համագործակցությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն մի կողմից խոսում են ընտրությունների անօրինականության մասին, իսկ մյուս կողմից` շարունակում համագործակցել այդ պետության հետ: Մյուս կողմից, եթե ԵԽ-ն դադարի ընտրություններ դիտորդներ ուղարկել, որոնց ներկայցությունը մեծ հաշվով զսպիչ գործոն չէ ադրբեջանական իշխանությունների համար, ամեն դեպքում Ադրբեջանը կհայտնվի ամենաթողության մթնոլորտում, որը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը:

Սեպտեմբերի 10-ին ընդունված բանաձևի ամենակարևոր կետերից մեկը կարող ենք համարել 14-րդը, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով»։

Հիշեցնենք, որ մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանի համար ցանկալի չէ ասոցացման համաձայնագրի կնքումը, և գերադասում են իրենց համագործակցությունը շարունակել և բանակցություններ վարել ռազմավարական գործընկերության համաձայանագիր կնքելու վերաբերյալ: Ասոցացման համաձայնագիրը, որում հսկայական մասնաբաժին հատկացվում էր մարդու իրավունքների հարգմանը, դեմոկրատական և իրավական պետության կառուցմանը, Ադրբեջանը մերժեց` փաստացի նշելով, որ իրենց համար անընդունելի է եվրոպական արժեքները` ցանկանալով համագործակցությունը շարունակել ռազմավարական նախագծերի ոլորտում: ԵՄ-ն, ելնելով էներգետիկ անվտանգության ապահովման առաջնահերթությունից, համաձայնեց Ադրբեջանի պայմաններին և այսօր քաղում է պտուղները:

Փաստաթուղթն անշուշտ կարևոր նշանակություն ունի, սակայն դրա արդյունավետությունը կախված է հաջորդող գործողություններից: Ցանկալի կլիներ, եթե փաստաթղթում անդրադարձ կատարվեր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին, որոնք խաթարում են Հայաստանի խաղաղ բնակչության անդորրը: Այս առումով կարևոր է, որ հայկական կողմը ոչ միայն գործի դնի խորհրդարանական դիվանագիտությունը, այլ Եվրոպական կուսակցական ընտանիքների անդամ կուսակցությունների միջոցով ձայնը լսելի դարձնել ԵՄ-ի օրենսդիր մարմնում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում