Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել, եթե թղթով ու խոսքով պատասխանես՝ կործանված ես

Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել, եթե թղթով  ու խոսքով պատասխանես՝ կործանված ես

Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքները շատ հիմնարար նշանակություն ունեն: Իհարկե, առաջնայինը ՄԱԿ-ի կանոնադրությունն է, և այստեղ ուղղակի հղում կա  դրան: Սակայն Հելսինկյան սկզբունքների մեջ կան շատ փայլուն ձևակերպումներ, օրինակ՝ եթե  ՄԱԿ-ի կանոնադրությունը որպես կազմակերպության նպատակ նշում է ինքնորոշումը և ժողովուրդների իրավահավասարությունը, բայց չի բացում ձևակերպումը, ապա Հելսինկյան եզրափակիչ ակտում փայլուն կերպով ասվում է, որ ցանկացած ժողովուրդ երբ և ինչպես կամենա  առանց արտաքին  միջամտության  կարող է ինքնուրույն որոշել  իր կարգավիճակը:  Իհարկե,  խնդիրը ոչ այնքան փաստաթուղթն է, այլ  այն  հանգամանքները, որ ՄԱԿ-ի անդամ պետություններն անգամ  գործում են  հակառակ  իրենց պարտավորությունների: Այս մասին Times.am-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

-Ամենապարզ օրինակը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ  ինքնորոշման իրավունքը  և ժողովուրդների  իրավահավասարությունը կազմակերպության նպատակն է, իսկ տարածքային  ամբողջականությունը որպես միջոց ուղղված այդ նպատակին: Այստեղ ակնհայտ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը գործում է միջազգային պարտավորությունների դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության,  Հելսինկյան եզրափակիչ ակտի: Եվ պատահական չէ, որ հայտնվել է  այնպիսի սուր քննադատության տակ, երբ  արդեն հայտարարում է, թե  դուրս է գալիս «Եվրանեսթից», Հարևանության ծրագրից: Իրոք, իրենք  քաղաքակիրթ   աշխարհում   անելիք  չունեն:

-Բայց անհրաժեշտ պահերին նույն այդ միջազգային հանրությունը զերծ է մնում հասցեական քննադատությունից, ինչը ինչ-որ չափով նպաստում է սահմանին Ադրբեջանի սադրանքների շարունակմանը:

-Ցավոք սրտի դա այդպես է: Բացառիկ դեպքերում է, որ հասցեական սկսում են խոսել այս կամ այն պետության մասին: Բայց ինձ թվում է՝ Ադրբեջանը շատ մոտ է դրան: 

-Կսկսեն ոչ թե կողմերին, այլ հասցեակա՞ն…

-Այո, մոտ է, որ հասցեական խոսեն ոչ միայն  մարդու  իրավունքների, լրագրողների իրավունքների, այլ այդ պետության  ընդհանուր վարքի  մասին:

-ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին,  մոտ երկու տարի առաջ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին  անդրադառնալով  Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքին,  ասաց, որ պետք է մշակել միջազգային այնպիսի համաձայնագիր, որը կարգելի  կազմակերպության անդամի կողմից երրորդ երկրին սպառազինությունների վաճառքը, քանի որ այսօր ՀԱՊԿ կանոնադրությամբ կազմակերպության անդամ երկրների կողմից զենքի վաճառքն արգելված չէ: Նման փաստաթղթի կարող ենք հասնե՞լ:

-Իրականում  մենք պետք է առաջնորդվենք այն փաստաթղթերով, որոնք կան՝  ՄԱԿ-ի կանոնադրություն, պայմանագիր: Մենք պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ն կայացող կառույց է, որ նա երիտասարդ է, ՆԱՏՕ չէ: Իսկ ՀԱՊԿ-ի կայացման հարցում  Հայաստանն ունի իր լուման: Մենք 2 անգամ նախագահել ենք և այդ ընթացքում լուրջ ներդրում ենք ունեցել ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման հարցում, հիմա մեր նախագահությունն է և կփորձենք դա իրականացնել: ՀԱՊԿ-ն շատ կարևոր է որպես կառույց, բայց մենք մեր հույսը միշտ մեզ վրա պիտի դնենք: Կրկնում եմ՝ սա չի նշանակում, որ չպետք է ձևավորենք համապատասխան մթնոլորտ՝ թե միջազգային կառույցներում, թե այն պետություններում, որոնք մեր հանդեպ  պայմանագրային պարտավորություն ունեն:

-ԱԳՆ-ին շատ հաճախ են մեղադրում անգործության մեջ, հատկապես, երբ սահմանին իրավիճակը սրվում է: Որպես փոխարտգործնախարար վիրավորվո՞ւմ եք, թե՞…

-Շատ պարզ է՝ երբ սահմանին կրակում են, պաշտպանության նախարարությունն է պատասխանում:

-ՀՀ ԶՈՒ-ն կարող է շատ հզոր պատասխան տալ հակառակորդին, հարցն այն է, թե ԱԳՆ-ն կարո՞ղ է մարսել տալ դա միջազգային հարթակում և նաև իր  դիվանագիտական հարվածները հասցնել Ադրբեջանին:

-Սահմանին  կրակոցին պետք է կրակոցով պատասխանել, իսկ եթե թղթով  ու խոսքով պատասխանես՝ կործանված ես: Այլ բան է, երբ  խոսքը վերաբերում է այն հարձակումներին, որոնք Ադրբեջանը փորձում է իրականացնել տարբեր միջազգային կառույցներում,   տարբեր հարթակներում,  տարբեր պետությունների ԱԳՆ-երում, այստեղ  պարտավոր ենք պատասխան տալ և տալիս ենք: Եվ ոչ միայն համաչափ, այլև՝ հեռանկարային: Այնպես որ եկեք չհամեմատենք գործառույթները:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում