Միգրացիոն այս աննախադեպ հոսքը Եվրոպա ոչ թե աղետալի է, այլ սարսափելի աղետալի. Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

Միգրացիոն այս աննախադեպ հոսքը Եվրոպա ոչ թե աղետալի է, այլ սարսափելի աղետալի. Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

Միգրացիայի ներկայիս ալիքն աննախադեպ է պատմության մեջ: Այն նույնիսկ գերազանցում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ալիքին: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում, կարելի է բնորոշել մի քանի բառով՝ արևմտյան քաղաքակրթության վախճան: Քաղաքագետը միգրացիոն այս աննախադեպ հոսքը համարում է ոչ թե աղետալի, այլ սարսափելի աղետալի:

«Ֆրանսիայում միգրանտների հոսքը սկսվեց նախագահ Միտերանի օրոք, որը հիմք դրեց ֆրանսիական հասարակության փոփոխությանը: Սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, աննախադեպ է, և ֆրանսիական հասարակությունը, ցավոք, շատ ծանր կվճարի առաջիկայում: Շատ ավելի ծանր է վիճակը Գերմանիայում, որտեղ անշուշտ կային թուրքեր, որոնք բերվել էին Թուրքիայից, որպես դաշնակից պետության քաղաքացիներ, երկրորդ աշխարհամարտից հետո երկիրը վերակառուցելու համար: Եւ կյանքը ցույց տվեց, որ այդ թուրքերը չինտեգրվեցին գերմանական հասարակությունը, թեև Թուրքիան ավելի աշխարհիկ պետություն էր, քան այն արաբական երկրները, որտեղից այսօր ահռելի ներհոսք կա Գերմանիա: Անշուշտ, սա կհանգեցնի Գերմանիայի մշակութային և քաղաքակրթական կործանմանը»,-հոռետեսական կանխատեսում է արել բանախոսը:

Սարսափելի վիճակ է նաև Շվեդիայում, Դանիայում: Քաղաքագետը համոզված է, որ միգրացիոն այս հոսքը շատ ծանր կլինի նաեւ շվեդների համար, և նրանք արդեն զգում են դրա տնտեսական հետևանքները:

Հայկ Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ Մերձավոր Արեւելքից եկող փախստականները՝ ձուլվող, ինտեգրվող չեն, ավելին՝ դրանց թվում կան նաեւ վտանգավոր տարրեր: «Նախ պետք է հասկանանք, թե ովքեր են սիրիացիները, որոնց այդքան խղճում են արևմտաեվրոպացիները: Ա՛յո, անշուշտ, կան սիրիացիներ, ալևիներ, շիաներ, սակայն միգրանտների գերակշիռ մասը՝ սունիներն են, որոնք սիրիական ընդդիմության համակիրներ են և, ընդհանրապես, դուրս են գալիս երկրից՝ նոր, առավել բարեկեցիկ երկրներ մուտք գործելու համար: Եվրոպայում նրանք չեն ինտեգրվելու, այլ փորձելու են իրենց ինտեգրել Եվրոպան: Սա ոչ թե իսլամաֆոբիա է, կանխատրամադրված մոտեցում է, այլ օբյեկտիվ փաստերի և իրականության քննություն է»,-վստահեցրել է նա:

Քաղաքագիտության դոկտորի ներկայացմամբ՝ այսօր կա խորքային տարբերություն՝ միգրանտի և փախստականի միջեւ: Վերջինս բռնագաղթածն է, մինչդեռ միգրանտը՝տնտեսական, գուցե, նաև կրոնական ներգաղթյալ է: «Ես չեմ ուզում ասել փախստականներ, որովհետև անձամբ չեմ համարում այդ զանգվածի մեծամասնությանը փախստական: Անշուշտ կան փախստականներ, բայց դրանք փոքրամասնություն են»,-համոզված է բանախոսը:

Եվրոպան արդեն «ֆորս մաժորային» իրավիճակում է և արդեն հասկանում է, որ չի կարող ընդունել անթիվ-անհամար միգրանտների: Մարտիրոսյանը նկատում է՝ հակառակ պարագայում այն կդառնա Սոմալիի կամ Սիրիայի գավառ: Հետեւաբար՝ ի՞նչ անել: Հայկ Մարտիրոսյանի պատկերացմամբ՝ այն պետք է փակի սահմանները և պահի միայն իրական փախստականներին, իսկ մնացյալին վերադարձնի ելման երկրներ: «Իհարկե, այս պահի դրությամբ դա գրեթե անհնար է: Սակայն, հակառակ պարագայում Եվրոպան, միանշանակորեն, գործում է ինքնասպանություն և հեռանկարում՝ 20-30 տարի հետո, չի կարելի բացառել նաև սարսափելի սցենարներ, որոնք այսօր կարող են ֆանտաստիկ թվալ»,-հավաստիացրել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում