«Այո»-ն մեր կռիվն է մեզ ու աշխարհի հետ. 24 տարի առաջ հաղթեցինք էս կռվում (տեսանյութ)

«Այո»-ն մեր կռիվն է մեզ ու աշխարհի հետ. 24 տարի առաջ հաղթեցինք էս կռվում (տեսանյութ)

24 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը «Այո» ասեց Անկախ և ինքնիշխան պետությունում  ապրելուն: 

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում:

Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին  հանրաքվե:

Անկախության  հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 2.163.967 էր:

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 2.056.758 մարդ, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 % -ը: 

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական   հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին  «Այո» պատասխանեց 2.042.262 մարդ, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը:  

«Ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը՝ 10.002 էր , որը կազմում էր  քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիաների 0,46 %-ը:

Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը՝ 4129 , որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցող  քաղաքացիների թվի 0,19 %-ը:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

                             Մեծերն Անկախության մասին

Հրանտ Մաթևոսյան

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ  չէ` որ  փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համալիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Աղասի Այվազյան

Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է:  Եվ այժմ անկախության նկատմամբ մեր «Այո»-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:

Համո Սահյան

Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, ի՛ր արդար հացին, ի՛ր պետականության հիմքերին, ի՛ր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:

««Այո»-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք՝ ուրեմն կա՛նք ու լինելու ենք: Լինելու ենք ազա՛տ ու անկա՛խ…:

Խորեն Աբրահամյան

…Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:

Տիգրան Մանսուրյան

Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում և Հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը` էլի մարեց:

Ազգովին մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ-հանդիման, ինքներս մեզ հարցնում ենք` հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է: Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: …Որովհետև մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գելի բերանն ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, ու մեր մեծերը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու:

Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք, և իհարկե, արժանի ենք Հայոց պետականության լույսի մեջ ապրելու:

Մովսես Գորգիսյան

Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի անկախության ճանապարհի ազատագրական պայքարը շեղվի ու վերածվի որևէ կուսակցության ու գաղափարի հակադրության, այլ մնա ի շահ հայ ժողովրդի նվիրական երազանքի, արդար պահանջատիրության, ի շահ մարդասիրության ու պայքարի:

Տեսանյութը՝  «Ա1+»-ի

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում