Ադրբեջանի հարցում ԵՄ-ն խոսքից պիտի անցնի գործի

Ադրբեջանի հարցում ԵՄ-ն խոսքից պիտի անցնի գործի

Կարճ ժամանակ է անցել Եվրախորհրդարանի` Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևից հետո, սակայն մեր հարևան երկրում արդեն իսկ հասցրել են արձագանքել իրավիճակին:

Ադրբեջանը դադարեցնում է ԵՄ-ի հետ խորհրդարանական համագործակցությունը և ԵՎՐԱՆԵՍԹի խորհրդարանական վեհաժողովում անդամակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հավելելով, որ դիտարկում են նաև Արևելյան գործընկերությանն անդամակցելու նպատակահարմարությունը:

Ադրբեջանը հետզհետե դադարեցնում եվրոպական կառույցների հետ համագործակցությունը: Չնայած ԵԱՀԿ-ն հանդիսանում է Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդ կազմակերպություն, սակայն նախորդ տարի Ադրբեջանը դադարեցրեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Բաքվում: Այն բոլոր կառույցները, որոնք համարձակվում են քննադատել Ալիևի վարչակազմին աքսորման են դատապարտվում Ադրբեջանի տարածքից:

Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը քայլ առ քայլ հեռանում է միջազգային կազմակերպություններից և հրաժարվում դրանց առջև ստանձնած պարտավորություններից: Սա, անշուշտ, հղի է վտանգներով, քանի որ անկառավարելի է դարձնում պաշտոնական Բաքվի գործունեությունը:

««Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է համագործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը ևս կասեցվել է։ Ահա մեր դեմ իրականացվող կեղտոտ արշավի պատասխանը: Ադրբեջանն ադեկվատ պատասխան է տվել և սրանից հետո էլ տալու է Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին»,- օրերս հայտարարել է Ալիևը Բաքվում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հարկ է փաստել, որ միջազգային կազմակերպությունների գործունեության դեպքում ևս Ադրբեջանում հաշվի չէին առնում նրանց կայացրած որոշումները: Եվ սա այն պտուղներն են, որոնք քաղում է միջազգային հանրությունը այս տարիներին դրսևորած անտարբերության համար: Եվրոպական կառույցները մեկ անգամ չէ, որ աչք են փակել Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունների, մարդու իրավունքների խախտումների վրա` առաջնությունը տալով էներգետիկ համագործակցությանը: Իսկ ադրբեջանական իշխող էլիտան մեկ անգամ չէ, որ արհամարհել է եվրոպական կառույցների հորդորները և գործել կամայականության սկզբունքով: Եվ ահա առաջին անգամ, երբ իսկապես գործնական քայլեր են ձեռնարկվում, Ալիևն առանց վարանելու դադարեցրեց համագործակցությունը:

Եվրոպական կառույցներից Ադրբեջանը, թերևս, շարունակի միայն Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որտեղ խավիարային դիվանագիտությունը լավագույնս է ռեալիզացվում:
Եվ պատահական չէ, որ Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի կարծիքները հաճախ իրար հակասում են:

Այսպես, 2013թ-ին տեղի ունեցած ընտրություններում, ուր Իլհամ Ալիևը երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ադրբեջանի նախագահ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրուկ գնահատական տվեց, սակայն ԵԽԽՎ-ի կողմից այն գնահատվեց ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Իսկ այդ հարցում զեկուցողը նույն ռոբերտ Ուոլթերն է, որն այժմ զբաղվում է Արցախի վերաբերյալ զեկույցի պատրաստմամբ: Արդեն իսկ կարելի է պատկերացնել` ինչպիսի օբյեկտիվ բնույթ կկրի այդ զեկույցը:

ԵՄ-ն իր ընդունած վերջին բանաձևում կոչ էր արել եվրոպական կառույցներին դիտորդական խմբեր չուղարկել Ադրբեջան` խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար: Սակայն ԵԽ-ն անսաց նաև այս կոչը, քանի որ սեպտեմբերի 21-22-ը Բաքու կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը, որը պետք է գնահատական ներկայացնի նախընտրական գործընթացների վերաբերյալ: Ստացվում է, որ ԵՄ-ի կողմից հնչեցված կոչերը գրոշի արժեք չունեն նույնիսկ եվրոպական կառույցների ներսում, ուր մնաց թե Ադրբեջանի համար: Մասնակցելով ընտրություններին` ԵԽԽՎ-ն միջազգային մակարդակով լեգիտիմացնում է ընտրությունները:

Այսպիսով, միջազգային կառույցներն աստիճանաբար հրաժարվում են Ադրբեջանի հետ քաղաքական համագործակցությունից և այդ երկիրը մատնում ամենաթողության: Սակայն, նմանատիպ քայլերը, դժվար թե, որևէ ազդեցություն ունենան Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք գործողությունների էլ ավելի մեծ ազատություն են ստանում և կարիք չեն զգում հակադարձելու քննադատություններին:

ԵՄ-ի գործողությունների արդյունավետությունը կբարձրանա, եթե քաղաքական որոշումներից բացի կիրառվեն տնտեսական սանկցիաներ: Ադրբեջանը, որը վերջին ութ ամիսների ընթացքում նավթի գների անկման պատճառով 2.45 մլրդ դոլարի կորուստ է կրել, հնարավոր է արձագանքի եվրոպական կոչերին, եթե նրա նկատմամբ կիրառվեն տնտեսական սանկցիաներ: Եթե հարված հասցվի ադրբեջանական տնտեսության մեխին` նավթագազային սեկտորին, ապա հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանում փոփոխություններ կարող են նկատվել քաղաքական դաշտում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում