Պանթուրքականությունը կրկին ակտուալ է, Հայաստանը` կրկին խոչընդոտող գործոն

Պանթուրքականությունը կրկին ակտուալ է,  Հայաստանը` կրկին խոչընդոտող գործոն

Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում Աստանայում կայացավ Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի V համաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը և Թուրքմենստանի փոխվարչապետը:

Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2010թ-ին Թուրքիայի նախաձեռնությամբ: Երբեմն այն անվանում են նաև «թուրքական ՄԱԿ»: Կազմակերպության նպատակն է հիմք դառնալ տարածաշրջանային համաթուրքական միավորման համար, և միավորել նույնալեզու և նման մշակույթներ ունեցող երկրներում ապրող մարդկանց, ամրացնել քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները:

Գործունեության հինգ տարիների ընթացքում խորհուրդը քայլ առ քայլ մոտենում է իր առջև դրված նպատակներին: Այսօր թուրքալեզու ժողովուրդները քաղաքական և տնտեսական գործընկերներ են, միջազգային ասպարեզում աջակցում են միմյանց: Կարևոր է նաև նշել, որ ամեն ինչ արվում է ոչ միայն քաղաքական էլիտաների միջև ամուր կապեր ստեղծելու, այլև արթնացնելու և վառ պահելու թյուրքական ինքնագիտակցությունը, հորիզոնական մակարդակում ամրապնդելու շփումները:

Հաջողությամբ գործում է Թյուրքական ակադեմիան, որը 2014թ-ին միջազգային կարգավիճակ է ստացել: Այն զբաղվում է համաթյուրքական աշխարհի պատմության, մշակութային ժառանգության գիտական հետազոտությամբ: Ներկայումս Ադրբեջանում ստեղծվոմ է Թյուրքական մշակույթի և ժառանգության ֆոնդը:

Նազարբաևի նշեց, որ արագացվում է թուրք-ղազախական միջազգային համալսարանը վերաձևափոխումը և այն դառնալու է թուրքական աշխարհի բոլոր ներկայացուցիչների համար բարձրագույն կրթական հաստատություն:

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում քննարկել էին համատեղ լրատվական ալիքի ստեղծման պլանները: Նախարարների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ուենցած խորհրդակցության ժամանակ հռչակագիր էր ստորագրվել Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային հեռուստաալիքների միջև:

Ադրբեջանի փոխնախագահ Ալի Հասանովն իր ելույթում մատնանշել է, որ թուրքական աշխարհը հաճախ առնչվում է անհարկի քննադատությունների հետ: Լրատվական հեռուստաալիքը, որը շատ հարցերում թույլ կտա արտահայտել թուրքալեզու երկրների տեսակետը, կունենա պատմական նշանակություն:

Այսպիսով, համագործակցության այս խորհուրդն ամեն ինչ անում է ամրապնդելու եղբայր ժողովուրդների միջև կապերը, նպաստելու էթնիկական ինքնագիտակցության զարթոնքին:

Անդրադարձ կատարենք նաև համաժողովի քաղաքական բովանդակությանը: Ի թիվս կողմերին հուզող բազմաթիվ հարցերի, խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է նաև տարածաշրջանային հակամարտությունները` կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Յըլմազն իր խոսքում նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի համար մեծ սպառնալիք է և պետք է ջանքեր գործադրել` լուծելու այն հօգուտ Ադրբեջանի: Մեկ անգամ ևս շեշտվել է, որ Թուրքիան և խորհրդի անդամ երկներն այս հարցում Ադրբեջանի կողքին են:

Իլհամ Ալիևի ելույթը հագեցած էր ադրբեջանական քարոզչամեքենայի բոլոր դրույթներին համապատասխան: Ադրբեջանի նախագահն այնքան հեռու է գնացել` հայտարարելով, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է պատմական Ադրբեջանի մասնիկը կազմում, այլ նաև Զանգեզուրը: Ալիևը փաստել է, որ Զանգեզուրի կորուստով կտրվել է թյուրքական աշխարհի միջև աշխարհագրական կապը: Ալիևը նշել է, որ չնայած թյուրքալեզու երկրների միջև կապն ամեն օր ամրապնդվում է, սակայն աշխարհագրական տեսանկյունից եղբայրական ժողովուրդները բաժանված են միմյանցից:

Ադրբեջանի նախագահն առաջ է քաշում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին առաջացած ու ձևավորված պանթուրքիզմի (համաթուրանականության) գաղափարախոսության դրույթները, որտեղ ևս հայկական գործոնը խոչընդոտ էր պանթուրքական միասնության հասնելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարածաշրջանն հայերից մաքրելու անհաջող փորձ կատարվեց, սակայն հայկական «ոսկորը» դեռևս խրված է «թյուրքական գայլի» երախում: Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ պանթուրքական գաղափարախոսությունը զուտ տեսություն չէ, այլ գործնական ակտուալ ծրագիր, որով Թուրքիան ներկայումս առաջնորդվում է:

Այդ ծրագրի շրջանակներում մեկ անգամ հայ ժողովուրդն առերեսվեց ցեղասպանությանը, իսկ կա ՞ ն արդյոք երաշխքիներ, որ նույնը չի կրկնվի նաև այսօր…
Այսօր գուցե դա չդրսևորվի ցեղասպանության տեսքով, սակայն կա Արցախյան հիմնախնդիր: Այն ներկայումս չի լուծվում այնպիսի ձևաչափի շրջանակներում, որտեղ առանձին պետությունների ձայնը վճռորոշ է, սակայն Ադրբեջանը դիվանագիտական ամուր վահան է իր համար ստեղծել:

Թյուրքալեզու ժողովուրդները, որոնց հետ Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ շրջանակներում, մինչ այժմ էլ հետագայում էլ քաղաքական աջակցություն ցուցաբերելու են Ադրբեջանին: Ադրբեջանը միջազգային դիրքերն ամրապնդվում է նաև Իսլամական կոնֆերանս կազմակերպության և Չմիացման երկրների գործընկերների միջոցով: Մինչդեռ այս տեսանկյունից Հայաստանն ավելի խոցելի դիրքերում է: Հայաստանը միջազգային տարածաշրջանային կառույցներից ընգրկված է ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մեջ, որոնք թվում է պետք է լինեին Հայաստանի ռազմավարական գործընկերները, սակայն նրանք ոչ միայն դիվանագիտական հարթակում չեն աջակցի կամ չեզոքություն պահպանի, այլև կգործեն ըննդեմ Հայաստանի: Ստացվում է` Հայաստանը «դիվանագիտական բանկում» քիչ ներդրումներ է կատարել, որոնք հետագայում կարող են օգուտներ բերել: Ավեին` տարիներ շարունակ մեր «դիվանագիտական հաշիվը» բացասական է դառնում: Իհարկե, հայկական սփյուռքի և լոբբիստական կառույցների առկայությունը մեղմում է իրավիճակը, սակայն անկախ պետականություն ունեցող Հայաստանի համար առաջնային է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ճիշտ ռազմավարության որդեգրումը:

Այս տեսանկյունից կարևոր են առանձին երկրների հետ ոչ միայն երկկողմ կապերի զարգացումը, այլև տարածաշրջանային և գլոբալ կառույցներում ակտիվ անդամակցությունը, խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը, այս ոլորտում գերպրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը:

 

ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում