Այս կառավարության օրոք հայկական հարցերի մասին խոսում են և կառավարությունը ոչ մեկին բան չի ասում. Արամ Աթեշյան

Այս կառավարության օրոք  հայկական հարցերի մասին խոսում են և կառավարությունը ոչ մեկին բան չի ասում. Արամ Աթեշյան

Այս օրերին ՀՀ-ում է գտնվում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Երեկ  նա հանդիպել է  Ամենայն Հայոց կաթողիկոս  Գարեգին Բ-ին՝ մասնակցությամբ   Պատրիարքության ուխրավորների և հոգևորականների, ավելի ուշ Արամ Խաչատրյան համերգասրահում  մասնակցել է Համահայկական մշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որն ազդարարվեց «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում» համերգային ծրագրով՝ ներկայացնելով  պոլսահայ երգահան  Մաժակ Թոշիկյանի   ստեղծագործությունները: Սեպտեմբերի 27-ին Արամ Աթեշյանը կմասնակցի նաև Սրբալույս Մյուռոնի  օրհնության արարողությունը: Մինչ այդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը համաձայնել է պատասխանել Times.am-ի հարցերին՝ անդրադառնալով Պատրիարքության և հայ համայնքի խնդիրներին:

-Եթե մի երկրի մեջ փոքրամասնություն ես, արդեն ինքնին հարցեր ունենում ես: Եվ  մեր պարագայում այն շրջանին շատ հանգիստ էինք, կվայելեինք պետության հովանավորությունը,   հազար ու մի եկեղեցիներ, բայցև այնպես սկսեցին հարցեր ծագել և 1915-ին մենք նեղություններ ունեցանք: Իհարկե, ոչ  միայն 1915-ի դեպքերին, այլ նաև  նոր Հանրապետության շրջանին, երբ պետությունը սկսեց փոքրամասնությունների կալվածքները խլել: Եվ երբ մեր կալվածքները խլվեցին՝  համայնքն աղքատացավ և եկամուտ լինելու պարագայում՝ սնանկացավ:  Սա շարունակվեց մինչև 2002 թվականը՝ մինչև նոր կառավարության գալը: Եվ այդ կառավարությունը խոստացավ, թե մինչ օրս ինչ մեր ձեռքից վերցվել է, նրանք վերադարձնելու են: Եվ սկսեցին վերադարձնել վերցրածը, թեպետ վերադարձված է 100-ից 15-20-ը,  բայց մեր  համայնքի համար ուրախացնող է: Այսօր ավելի լուրջ հարցեր էլ ունենք. Պատրիարքարանը որպես պետական, պաշտոնական հաստատություն  չի ճանաչվել, ուստի  չենք կարող կալվածք ունենալ: Իսկ եթե կալվածք չունես, եկամուտ էլ չես ունենա: Այսօր Պատրիարքության   եկամուտները հուղարկավորություններից, պսակներից են, ինչպես նաև նվիրատվություններ: Նմանապես համայնքը կառավարելու այդ զենքը,  պետության այդ արտոնությունը չունի՝ Կենտրոնական մարմին: Մենք մինչև 1934-ն ունեցել ենք Կենտրոնական մարմին՝ Պատրիարքի գլխավորությամբ և աշխարհականների մասնակցությամբ համայնքը կկառավարվեր: Այսօր մենք համայնքը չենք կարող կառավարել,  պետությունն է կառավարում, այդ իրավունքը 1934-ից մեզանից վերցվել է:

1960-ականներին իրավունք ունեինք, բայց մեկ-երկու տարի տևեց, մենք կուզենք, որ մենք մեզ պահենք: Եթե թաղային գործակալներ կընտրվեն, հոգեբարձուներ, խնամակալություններ, այդ անդամները մենք պիտի որոշենք, թե ով պիտի լինի: Իսկ այսօր մենք դրա իրավունքը  չունենք, ուստի  վարիչների մեջ ոչ հաճելի անձնավորություններ  կլինեն,  որոնք համայնքին ծառայելու փոխարեն, այլ նպատակների համար են աշխատում:  Այդ իրավունքը մեզ պիտի տրվի: Եթե համայնքը չուզենա, որ մեկն անդամ լինի՝ պիտի թողնի:  Այսօր դրա իրավունքը չունենք, ընդհանուր տնօրինություն չկա, անհատները կվարեն:  Այսինքն՝ համայնքի միակ ցավն այն է, որ ինքզինքը չի կարողանում կառավարել, պետք է մեկ Կենտրոնական մարմին լինի, որպեսզի այդ  մեկ մարմնից որոշում լինի և այդ ժամանակ ավելի զորավոր կլինենք:

-Սրբազան,  եթե  խոսենք հայ համայնքի բարոյաքաղաքական իրավունքների մասին, այսօր ի՞նչ «գին են վճարում» դրանց  մասին բարձրաձայնելու  համար Թուրքիայում:

-Եթե կբաղդատենք 20 տարի առաջվանն ու այսօրվանը,  ապա  այսօր ավելի հանգիստ ենք,  այս կառավարության շրջանում է, որ Ցեղասպանության մասին ավելի  հեշտ կխոսենք,  հայկական հարցերի մասին խոսում ենք և  կառավարությունը ոչ մեկին բան չի ասում: Բայց կրկնում եմ՝ ունենք պահանջելիք կալվածքներ, և որպես համայնք կառավարելու   իրավունք:

-Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են Ձեզ ուղղված քննադատությունները, բողոքը մինչև Մայր աթոռ է հասել, որ դավանափոխ հայերին  հրաժարվում եք մկրտել: Վերջերս ևս նման դեպք ունեցանք, երբ Մայր աթոռում նրանց չմկրտեցին, քանի որ ձեր շրջաբերականը  չկար:

-Ամեն դիմացդ ելնողին, երբ հայը ընդունող է, հայ  ըլլալը պիտի ընդունի՞ս: Ինչպե՞ս իմանամ, որ հայ են: Թուրքիայում հայերի պարագայում անձնագրի մեջ կրոնը գրված է, եթե իսլամ գրված է, ուրեմն՝ երկրորդ կրոնքի տեղ չկա: Այդ փաստաթուղթը թող փոխեն, քրիստոնեության մասին տեղեկություն ստանան՝  ինչ է քրիստոնեությունը, հայ  եկեղեցին, մկրտությունը,   Սուրբ Երրորդությունը, Սուրբ հոգին, դրանից հետո թող գան, մենք թույլ կտանք: Իսկ եթե մի կողմից թուղթ պիտի լինի, որ մահմեդական է, մյուս կողմից թուղթ պիտի ցույց տա, որ  քրիստոնյա է, չի կարող լինել նման բան:

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում