Ռուսաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք

Ռուսաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարեց.«Ռուսաստանը, ինչպես գիտեք, առաջարկել է ծայրահեղականների դեմ պայքարի անհապաղ մեծ կոալիցիա ձեռնարկել: Այն պետք է միավորի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են և արդեն իսկ մեծ ներդրում ունեն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես որ դա անում են Սիրիայի և Իրաքի զինված ուժերը»:

Այս հայտարարությունն ուղերձ էր, որով տրվում էր Ռուսաստանի` Մերձավոր Արևելք վերադառնալու մեկնարկը: ՌԴ-ն, որը Խորհրդային միության փլուզում հետո այդպես էլ չկարողացավ լուրջ ազդեցություն և ներկայացվածություն ունենալ Մերձավոր Արևելքում, կարևոր քայլ է կատարում տարածաշրջանում իր ռազմա-քաղաքական ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ: Մերձավոր Արևելքը վառոդով լցված տակառ է, որի պայթյունը վտանգավոր է և անվտանգության դեֆիցիտ կստեղծի ողջ Եվրասիայում:

Բացի ավանդական շահերից, որ Ռուսաստանն ունեցել է Սիրիայում, այսօրվա հրամակայանն ուրիշ է: Եթե չկանխվի Իսլամական պետության հաղթարշավը Մերձավոր Արևելքում, ապա դժվար կլինի կանխել այն Ռուսաստանի մասը հանդիսացող Հյուսիսային Կովկասում: Թերևս այդ հրամայականն է միավորել ՌԴ-ին, Սիրիային, Իրանին ու Իրաքին, որոնք Բաղդադում ստեղծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համակարգման տեղեկատվական կենտրոն: Նշվում է, որ կենտրոնի հիմնական առաքելությունը կլինի մերձավորարևելյան տարածաշրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ իրավիճակի մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը և այլն: Այսինքն` հետախուզական տվյալների մեծ ցանց է ստեղծվել, որն աջակցություն կցուցաբերի ռազմական գործողություններին և ավելի արդյունավետ կդարձնի թիրախավորված հարվածները:

Մամուլում արդեն իսկ շրջանառվում են տվյալներ, որ ՌԴ-ն հրթիռային հարվածներ է հասցնում Իսլամական պետության դիրքերին: Մերձավոր Արևելքում ևս մեկ ակտիվ խաղացողի ներգրավումը չէր կարող չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին: Սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը հարուստ էր մերձավորարևելյան պետությունների` ՌԴ կատարած այցով: Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեյթանյահուն Մոսկվայում հանդիպեց ՌԴ-ի ղեկավարության հետ: Իսրայելը մտահոգություն էր հայտնել Սիրիա հասած ռուսական զենքի նոր խմբաքանակի վերաբերյալ, և որ այդ զենքը կարող է մի օր հայտնվել նաև Հեզբոլլահի ձեռքերում:

Իսրայելին, որը ժամանակին այնքան էլ լավ հարաբերություններ չուներ Ասադի կառավարության հետ, ներկայումս ամենից շատ հուզում է իսլամական ծայրահեղականության տարածումը Մերձավոր Արևելքում: Եթե ՌԴ-ին և դաշնակիցներին հաջողվի կանխել Իսլամական պետության ընդլայնումը, ապա Իսրայելի համար թերևս ամենացանկալի սցենարներից մեկը կդասավորվի: Հաշվի առնելով իսրայելական ղեկավարության մտահոգությունները` Պուտինը հավաստիացրեց, որ ռուսական զենքը երբևէ չի ուղղվի Իսրայելի դեմ:

Այս հանդիպումից օրեր անց` սեպտեմբերի 23-ին, Մոսկվայում բացվեց Եվրոպայի խոշորագույն մզկիթը՝ ընդգրկուն վերակառուցումից հետո: Բացման արարողությանը ի թիվս իսլամական աշխարհի բազմաթիվ գործիչների, ներկա էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:

Մերձավորարևելյան հետաքրքրությունների տեսանկյունից, թերևս ամենից նշանավորը և սպասվածը Պուտինի և Էրդողանի հանդիպումն էր: Երկու երկների հարաբերությունները, որոնք ՌԴ-ի նախագահի ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո խիստ սառեցին, թվում է` թևակոխում են հակասությունների խորացման նոր շրջան: Էրդողանը, որն անթաքույց հովանավորում է ԻՊ-ի գործունեւությունը, խիստ մտահոգված է Ասադին ուղղված ռուսական աջակցությամբ: Շրջանառվում էր այն վարկածը, որ Էրդողանը Թուրքական հոսք գազամուղի կենսագործումը հակակշռության մեջ կդներ Ասադի ռեժիմին օգնություն չտալու հետ: Սակայն ներկա պահին Թուրքական հոսքն այն նախագիծը չէ հանուն որի ՌԴ-ն զիջումների կգնա Սիրիայում: Էրդողան-Պուտին հանդիպման մանրամասները կուլիսների հետևում մնացին, որին հաջորդեցին ավանդական հռչակագրային ջերմ հայտարարությունները: Չնայած այդ ամենին` ռուս-թուրքական հարաբերություններում ռեգրեսն ակնհայտ է, որը դրսևորվում է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկմամբ:

Մեզ համար թերևս ամենակարևոր հանգամանքը, թե արդյոք ռուս-թուրքական անուղղակի ռազմական բախում տեղի կունենա Սիրիայում:
Եթե ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանին հաջողվի նշանակալի արդյունքների հասնել, ապա դա ոչ միայն կկանխի ընդլայնումը և նույնիսկ ՌԴ-ում հայտնվելը, ապա դրական կազդի նաև պետական հեղինակության վրա:

ՌԴ-ն, որն ուկրաիանական իրադարձությունների հետ կապված ձեռք է բերել բռնազավթող պիտակը, կարող է դառնալ ահաբեկչության դեմ պայքարող և մարդկությունն այդ վտանգավոր երևույթից փրկող պետություն, որը Արևմուտքի հետ բանակցություններում կարող է լրացուցիչ հաղթաթուղթ տալ: Միաժամանակ ՌԴ-ն կդառնա ԽՍՀՄ-ի լիիրավ հետնորդը, որը կես դար առաջ պայքարեց և հաղթեց ֆաշիզմին, իսկ ներկայումս` իսլամական ծայրահեղականությանը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում