Ադրբեջանն այսօր ձախողված պետություն է

Ադրբեջանն այսօր ձախողված պետություն է

Ադրբեջանը խորացնում է լարվածությունը Արցախյան հակամարտության շուրջ` կիրառելով նոր, ավելի վտանգավոր մարտավարություն: Ինչպես հայտնի է` այդ երկրի զինված ուժերը սկսել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի` թիրախավորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի խաղաղ բնակիչներին, թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին: Ադրբեջանական կրակահերթերի զոհ են դարձել երեք հայ կին իրենց սեփական տանը: Խաղաղ բնակչության շրջանում զոհերը դուրս են անգամ «արդարացի պատերազմ» վարելու իրավունքի տրամաբանությունից: Խաղաղ բնակիչներին թիրախավորելը դատապարտելի է միջազգային իրավունքով` որպես ռազմական հանցագործություն: Պատկերը որքան էլ զարհուրելի է, բայց Ադրբեջանի պարագայում հասկանալի է: Փաստացի չկարողանալով փոխել ուժերի հավասարակշռությունը, անդադար տանուլ տալով դիվերսիոն գործողություններն ու ավելի փոքր տրամաչափով զինատեսակներով գրոհները, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ըստ էության, չունի այլ ելք, քան ահաբեկչական գործողությունների դիմել խաղաղ, անզեն բնակիչների դեմ: Դա այլ բան, քան ահաբեկչություն և ռազմական հանցագործություն, դժվար է անվանել:

Ինչո՞ւ է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել այդ նոր չակերտավոր մարտավորությունը: Շատ պարզ պատճառով` Ադրբեջանն այսօր ձախողված պետություն է (failed state): Ձախողված է ոչ միայն Արցախյան հակամարտությունում, այլև գրեթե բոլոր առումներով: Ձախողված են համարվում այն պետությունները, որտեղ պարբերաբար բռնություն է իրականացվում: Արտաքին թշնամու դեմ բռնությունները տեղի են ունենում ցածր ինտենսիվությամբ, այսինքն այդ երկրները սպառնում, բայց այդպես էլ ռիսկի չեն դիմում սկսել լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ օբյեկտիվորեն ի վիճակի չեն, պարզ ասած` թույլ են, այդ իսկ պատճառով մշտապես փոքր բախումներով լարված են պահում իրավիճակը: Ադրբեջանը պարբերական բռնությունների է դիմում ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ իր ներսում` դաժանորեն հետապնդելով, ձերբակալելով ընդդիմախոսներին, բռնաճնշումների ենթարկելով ազատ խոսքը: Այսօր ադրբեջանական բանտերում գտնվում են մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց միակ հանցագործությունն այն է, որ մտածում և արտահայտվում են այլ կերպ, քան Ալիևի կլանը:

Այլ կերպ ասած` ձախողված են համարվում այն պետությունները, որոնց ղեկավարությունը չի կատարում թե սեփական բնակիչների, թե միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները: Այս իրավիճակում իշխանությունը պահելու ուղին պարբերաբար բռնությունների դիմելն է: Այդպիսի պետությունները սպառնալիք են ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ ուրիշ պետությունների համար` որպես անկայունություն, բռնություն և հակամարտություններ արտահանողներ: Ադրբեջանը տիպիկ այդպիսի պետություն է:

Այդ երկիրը հայտնվել է միջազգային բավական անբարենպաստ միջավայրում, ինչը էլ ավելի է խորացրել նրա ագրեսիվ կեցվածքը: Ադրբեջանի դաշնակից Թուրքիան աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ է` երեք ճակատով պատերազմելով հարևան Սիրիայի, Իրաքի և քրդերի դեմ, այդ թվում` սեփական տարածքում: Այսինքն` Թուրքիան ունի ավելի շատ գլխացավեր, քան Ադրբեջանին սատարելը: Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունից հետո Թեհրանը դուրս է գալիս միջազգային մեկուսացումից` իր հսկայական նավթա-գազային պաշարներով: Իսկ սա նշանակում է, որ թուլանում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նախկին մեծ նշանակությունն Արևմուտքի համար: Պատահական չէ, որ շատ եվրոպական առաջատար էներգետիկ ընկերություններ հրաժարվում են թուրք-ադրբեջանական խողովակաշարերի (TAP, TANAP) կառուցման նախագծերին մասնակցելուց: Ի վերջո, գահավիժել են Ադրբեջանի եկամուտի միակ աղբյուրի` նավթի միջազգային գները, ինչը հարվածում է ոչ միայն այդ երկրի տնտեսական ներուժին, այլև ստեղծում սոցիալական լուրջ լարվածություն, որը մարդու իրավունքների համատարած խախտումների ֆոնին հղի է Ադրբեջանում ներքաղաքական անկայունության ռիսկերով:

Այս ամենին զուգահեռ խիստ լարվել են Եվրոպայի և Ադրբեջանի հարաբերությունները: Պատկերավոր ասած` Եվրոպական օլիմպիական խաղերը հյուրընկալած Բաքուն այլևս չի ցանկանում խաղալ եվրոպական խաղեր: Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը ընդունել է չափազանց կոշտ բանաձև Ադրբեջանի դեմ` դատապարտելով այդ երկրում մարդու իրավունքների խախտումները, պահանջելով ազատ արձագել քաղբանտարկյալներին, բացի դրանից աննախադեպ կոչ է արել միջազգային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների, դատավորների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները: Ընդ որում` Եվրախորհրդարանը նաև կոչ է արել միջազգային կառույցներին դիտորդներ չուղարկել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար: Այդ կոչին արդեն արձագանքնել է հեղինակավոր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` հրաժարվելով դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում: Ի պատասխան` Իլհամ Ալիևը Եվրոպային մեղադրել է ռասիզմի, ֆաշիզմի, իսլամաֆոբիայի մեջ, անգամ պնդել, որ եվրոպացիները կաշառվել են հայկական լոբբին և մտածված հակաադրբեջանական քաղաքականություն են վարում:

Ադրբեջանը դադարեցրել է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը, կասեցրել անդամակցությունը Եվրանեսթին և սպառնացել ընդհանրապես վերանայել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցությունը: Ալիևի խոսքով` Ադրբեջանին պետք չեն եվրոպական արժեքները: Մի խոսքով` Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններում «սառը պատերազմ է»: Այս իրավիճակում կասկածելի են դառնում դեպի Եվրոպա հասնող ադրբեջանական գազատարերի կառուցման հեռանկարները: Ուստի պատահական չէ, որ Բաքուն ջանքեր է գործադրում խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին նյարդայնացնում է Արևմուտքին: Այսպիսի պայմաններում, երբ Ադրբեջանում հասունանում է սոցիալ-քաղաքական լարվածությունը, տնտեսությունը թուլանում է, արտաքին քաղաքական դաշտում ձախողումներ են, Բաքուն օգտագործում է շանտաժի միակ խաղաքարտը` Արցախյան հակամարտության շուրջ լարվածությունը խորացնելը: Այդ կերպ Բաքուն փորձում է լուծել երկու խնդիր. պատերազմի սպառնալիքով հասնել զիջումների միջազգային հանրության կողմից և սեփական ժողովրդին մոռացնել տալ առկա խնդիրները: Բայց այս հարցում էլ է Ադրբեջանը ձախողված: Որքա՞ն կարելի է անպագորգոռ սպառնալ պատերազմով` այդպես էլ ռիսկ չանելով սկսել լայնածավալ ռազմական գործողություններ: Դա արդեն դառնում է ձանձրալի: Ադրբեջանի ղեկավարությունն ահա այսպիսի արատավոր շրջանի, սեփական ծուղակի մեջ է հայտնվել, և ինչպես ցանկացած ձախողված պետություն, այլ ելք չունի, քան շարունակել այդ արատավոր շրջանը` պարբերաբար դիմելով բռնությունների:

Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգությանն ու կայունությանը: Խաղաղ հայ բնակիչների դեմ ահաբեկչություններից բացի` Ադրբեջանը բացահայտ աջակցում է միջազգային ահաբեկչությանը: Խոսքը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին է, որի շարքերում Սիրիայի և Իրաքի օրինական իշխանությունների դեմ կռվում են հարյուրավոր ադրբեջանցի գրոհայիններ: Անգամ Սիրիայում գոյություն ունի «ադրբեջանական գումարտակ» անունը կրող ահաբեկիչների խումբ:

Այսպիսով` Ադրբեջանը միջազգային ահաբեկչության հովանավոր է և որջ: Դա, սակայն, նորություն չէ: Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանը վարձել էր ահաբեկիչների Աֆղանստանից, Չեչնիայից, Թուրքիայից և այլ երկրներից: Ադրբեջանական կողմի վերջին արկածախնդրություններին բավական կոշտ և հասցեական հայտարարություններով հանդես եկավ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանն անգամ հայտարարեց, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է` փաստացի ակնարկելով Բաքվին, թե ինչ կլինի վերջնարդյունքում, եթե Ադրբեջանը շարունակի այդ արատավոր մարտավորությունը և չնստի բանակցային սեղանի շուրջ` հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Իսկ պաշտպանության նախարարությունը հստակ հայտարարեց, որ հրետանային և հրթիռային մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական ստորաբաժանումները, զինտեխնիկան և կենդանի ուժը: Այս հայտարարություններից հետո, կարծես, հակառակորդը հանդարտվել է:

Սակայն, ինչպես հուշում է փորձը, ձախողված ադրբեջանական պետության ղեկավարությունը առժամանակյա դադարից հետո կրկին վերսկսում է սադրանքները: Հետևաբար բոլոր պայմաններն առկա են, որպեսզի հայկական դիվանագիտությունը նույնպես անցնի պատասխան գրոհի` միջազգային բոլոր հարթակներում հստակ բարձրաձայնելով, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև ընդհանուր միջազգային անվտանգությանը` թեժացնելով հակամարտությունը, վտանգելով խաղաղությունը, ոտնահարելով միջազգային պարտավորությունները և աջակցելով միջազգային ահաբեկչությանը` «Իսլամական պետությանը», որը սպառնալիք է հռչակվել ամբողջ քաղաքակիրթ մարդկության կողմից: Իսկ նման պետությունների հետ աշխարհը գիտի, թե ինչպես վարվել` պատժամիջոցներով և մեկուսացմամբ ստիպել հարգել միջազգային իրավունքը:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում