Կարևոր հարցեր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

Կարևոր հարցեր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի քանի հարցեր կային, որոնց շուրջ կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Ժամանակիս սղության պատճառով ավելի մանրամասն չեմ գրել, պարզապես մի քանի հարց, որոնք կարծես վրիպում են հասարակության ուշադրությունից։ Հասարակությունն հիմնականում սևեռվել է իշխանության վերարտադրման թեզի վրա և, ըստ իս, ոչ պակաս (եթե ոչ ավելի) կարևոր մի քանի հարցեր անուշադրության է մատնել։ Չգիտեմ, հիմա որքանով է հավանական դրանց ներառումը առաջարկվող փաթեթի մեջ կամ որոշակի շտկումները, ամեն դեպքում, հակիրճ դրանց մասին.

1. Ընդերքի խնդիրը։ Ընդերքը պատկանում է ժողովրդին։ Բնական բոլոր պաշարները պետք է լինեն պետական։ Ջուր, անտառներ, հանքեր և այլն։ Սա հստակ պետք է ֆիքսվի օրենսդրությամբ, ինչպես նաև կարգավորվի հանքերից հումքի արտահանման և վաճառքի հարցերը։ Հաշվի առնելով, որ հում հանքանյութը, կամ կիսատ մշակվածը մի քանի հարյուր, անգամ հազար անգամ էժան է՝ դրա որոշակի մշակման և համարժեք տոկոսների ապահովման դեպքում, ստացվում է, որ ինչ-որ մի օտար երկրի պատկանող կազմակերպություն գերշահույթներ է ստանում, մեր ընդերքի հաշվին։ Այնինչ կարելի է հստակեցնել, որ արտահանելիս էլ պետք է ապահովվի ոչ թե հումքի, այլ համարժեք որակական ու գնային սանդղակ։ Առհասարակ, երկրի հարստությունը, ընդերքը, որպես այդպիսին, որպես հումք, չպետք է վաճառել օտար կազմակերպություններին։ Պետությունը գլխավոր բաժնետերը պետք է լինի այստեղ։

2. Արտաքին պարտքի առավելագույն սահման։ Պետք է ֆիքսել մաքսիմալ թույլատրելի արժեքը, և նոր պարտք վերցնելը, կամ միջազգային վարկ վերցնելը, եթե դա գերազանցում է արտաքին պարտքի թույլատրելի սահմանը, ապա դնել ԱԺ քննարկման։ Հակառակ դեպքում, ում խելքին ինչքան փչում՝ փող է վերցնում, հետո ինչ կլինի ով կտա՝ Աստված գիտի։

3. Պետական նշանակության օբեյկտների սեփականաշնորհման քաղաքականությունը։ Ռազմավարական նշանակության հիմնարկները պետք է լինեն բացառապես պետական։ Սա պետք է օրենքով կարգավորել։ Էլեկտրոէներգիա, ջուր, կապ և այլն։ Ծայրհեղ դեպքում՝ պետությունը պետք է լինի առնվազն 51% բաժնետեր։

4. Դեղորայքային շուկայի կարգավորում։ Դեղորայքների գների մաքսիմալ ցուցանիշների սահմանում։ Հաշվի առնելով, արտադրողի սահմանած գինը և ինքնարժեքը, ներկրող խոշորի թույլատրելի մաքսիմալ շահույթը և վերավաճառողի թույլատրելի մաքսիմալ շահույթը։ Պետք է նորմալ գնագոյացում ապահովել՝ վերահսկելով նաև համապատասխան որակը։

5. Ապրանքների գների մաքսիմալ ցուցանիշների սահմանում։ Դա կօգնի նաև մոնոպոլիայից ազատվելուն և օլիգարխիկ համակարգի կարգավորմանը կնպաստի։ Եթե սահմանվի, որ օրինակ ցորենը, կամ շաքարավազը և այլն, չի կարող արժենալ ավելին քան այսքանը։ Հաշվի առնելով, արտադրողի սահմանած գինը և ինքնարժեքը, ներկրող խոշորի թույլատրելի մաքսիմալ շահույթը և վերավաճառողի թույլատրելի մաքսիմալ շահույթը։ Պետք է նորմալ գնագոյացում ապահովել։

6. Տեղում արտադրվող ապրանքների ու ներմուծվող ապրանքների նկատմամաբ քաղաքականության հստակեցում՝ արտահանվողի մաքսային գինը ավելի ցածր քան ներմուծվողինը։ Խթանում տեղական արտադրությունը, այդ թվում և գյուղատնտեսական ապրանքների։ Այն ինչ կարելի է և արդեն արտադրվում է Հայաստանում, պետք է ստանա առավելագույն պետական աջակցություն հարկային դաշտում։

7. Բազմազավակության խթանմանը նպաստող օրենք։ Ծնելիության հարցը կարգավորող մեխանիզմներ են պետք։ Արտագաղթ մեր երկրից միշտ եղել է, բայց համապատասխան ծնելիության մակարդակը որոշակի ստաբիլ ցուցանիշներ է ապահովել մշտական բնակչության համար, հատկապես գյուղական բնակչության մասով։

8. Պետական քաղաքականության վերախմբագրում։ Ներկայացված փաթեթն եմ կարդում. ամոթ է եղածը 10-րդ դասրաանի օրակարգ է հիշեցնում։ Չկա պետական անվտանգության հայեցակարգային ծրագիր։ Եւ երկրի ստրատեգիական զարգացման պլան։ Տնտեսությւոնը երկրի նպատակ չէ, դա միջոց է։

9. Քաղաքաշինության ոլորտում արգելքներ. Ցանկացած շինություն պետք է համապատասխանի տարածարշջանի պահանջներին։ Մասնավորապես, հաշվի պետք է առնվեն երկրաշարժների ֆակտորը, և հավանական պատերազմը, այսինքն պետք է հստակ լինեն շենքերի հարկերի առավելագույն թվաքանակները և նկուղային ապաստարանային պայմանները (Երևանի քարտեզի պլանի մասին էլ չեմ խոսում։ Երևանը բերդաքաղաք է և բերդային աշտարակներից վեր շենքերի թույլատրումը դրանց կողիքն պետք է արգելվի)։ Պատմամշակութային արժեքների պետական հոգածության պայմանների խստացում։

10. Պարենային անվտանգություն։ Սա երկրի ստրատեգիական պլանի մեջ պետք է ներառել։

11. Մասսայական պատվաստումներ և այլն։ Հիշում եմ կարմրուկ-կարմրախտի մասսայական պատվատման արդյունքում մեծաթիվ հղիներ վիժեցին։ Պարզվեց անորակ պատվաստանյութ էր՝ չնայած շոուբիզնեսի բոլոր աստղերը գովազդում էին։ Նման համազգային պրոյեկտները, ինչպես օրինակ ներկայումս ալյուրի հարստացումն է և այլն, պետք է բավականին լուրջ հսկողության տակ գտնվեն, ոչ թե, ինչ ինչ պայմանագրեր ստորագրվեն, դրամաշնորհներ վերցվեն, սարքեր ներկրվեն՝ հետո փաթաթեն հասարակության վզին։

12. Դրսից ներմուծվող սերմացուների և այլն, սննդային անվտանգության հարցը։ Հաճախ կարճաժամկետ դժգոհության ալիքը ճնշելու նպատակով դրսից էժան, բայց կասկածելի որակով սերմացուներ են ներմուծվում, որոնք անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ հետագայում։ Սա պետական վերահսկողության և օրենսդրական անվտնագության մեջ պետք է ֆիքսվի։

13. Հոգևոր դաստիարակությունը։ Մամուլի վերաբերյալ հստակեցնել օրենքները՝ բացառելու համար ներկայիս աննորմալ եթերը և բացասականի քարոզ սփռող մամուլը։ Չկա համակարգող մարմին, նախկին օրենքների մեջ չկար պատժելու մեխանիզմները։ Կա որ արգելվում են բռնության քարոզը, բայց չկա սահմանած, թե որն է բռնությունը և օրենքը խաղտելու դեպքում, ում ինչպես պետք է պատժել։ Արգելք, կարծես թե կա, բայց դրա իրացման մեխանիզմը չկա։ Սրանք պետք է հստակեցնել։

14. Լրացուցիչ կետով, որոշել կրոնական կազմակերպությունների դրսից ֆինանսավորման հարցը և բարեգործությունների ֆինանսական կարգավորումը։ Որպես կանոն՝ բարեգործության անվան տակ հսկայական փողեր են լվացվում, հատկապես դրսի շուկայից։ Աղանդների և հոգևորսության հարցը պետք է նորից ներառել օրակարգ։ 
Բարեգործության անվան տակ հարկերից ազատվելու թեման շատ ակտուալ է։ Ֆինանսական հոսքերի կարգավորման մեխանիզմները պետք է ուժեղացնել, որպեսզի հնարավոր լինի նաև վերահսկել ֆինանսական շրջանառությունը, այսպես կոչված՝ բարեգործների մոտ, ովքեր մանր մունր բարեգործություններ անելով, հսկայական հարկերից խուսափում են։

15. «4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:» — Իսկ եթե վարչապետն, ասենք, ծառայած էլ չի՞։ 
Վարչապետի և ոչ միայն, պաշտոնների համար զինվորական ծառայություն անցնելու հարցը դնել օրակարգում։ Չէր խանգարի նաև մասնագիտական, կրթական նաև այլ չափանիշների սահմանումը։ Օրինակ, որ մշակույթի նախարարը մշակույթի հետ գոնե մինիմալ աղերս ունենա և այլն։

16. Սեփականության իրավունքը, ովքեր կարող են հող գնել ու սեփական հող ունենալ Հայաստանում։ Դրսի շատ ուժեր հիմա թաքուն հողեր են գնում։ Ոչ միայն հողեր, ջրային ռեսուրսներ և այլն։ Սա ռազմավարական նշանակության խնդիր է։ Էս դաշտում բաց աշխատում են աղանդները և անգամ թշնամին, ասենք իրանահայի անվան տակ գալիս և ցանկանում են հող գնել։ Հարցը նաև երկարաժամկետ օգտագործման իրավունքին է վերաբերվում։ Երկարաժամկետ վարձակալության մասին է խոսքը, սա ևս պետք է խիստ կարգավորվի օրենքով։

17. Վիլսոնի վճիռը։ Ինչքանով ենք մենք իրավահաջորդ մնում մի շարք կետերի։ Արցախ հարցը սահմանադրությամբ։ Նոր սահմանադրությունն արդյո՞ք չի վնասում որոշ կետեր, որոնք հետագայում կարող է խնդիր առաջացնեն։ Սա մանրամասն ուսումնասիրման խնդիր է։

18. Պատգամավորների հարցը։ Բոլորս էլ գիտենք որ ԱԺ-ի մեծ մասը գործարարներ են։ Հանել ռադ անել էդ օրենքը, թե գործարարը չի կարող լինել պատգամավոր, մեկ է չի գործում։ Դրա փոխարեն մտցնել նոր օրենք, որ գործարարները կարող են լինել պատգամավոր, պայմանով, որ կրկնակի ավել հարկ պիտի մուծեն։ Տեսնենք քանի գործարար կուզենա պատգամավոր դառնալ։

19. Պատերազմական կամ արտակարգ իրավիճակներում մամուլի նկատմամաբ վերահսկողական մեխանիզմների ուժեղացում։ Ներկայիս բարդակը բավականին վտանգավոր է։ Ցանկացած կենդանի օրգանիզմ, սթրեսային իրավիճակներում պետք է տարբեր օրգան համակարգերի վրա խիստ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ ունենա։

20. Պետական պարգևների, մրցանակների, կոչումների վերահսկողության հստակեցում։ Դրանց տալու և, նաև դրանցից զրկելու կարգի վերաարժեվորում և խստացում։

21. Բանկային քաղաքականությունը։ Վերահսկող մեխանիզմներ՝ հատկապես շրջանների և գյուղերի նկատմամբ նրանց ապահովագրում բանկային թալանից։ Մարդիկ հսկայական վարկեր են վերցնում՝ արդյունքում կորցնելով հող և ամեն ինչ։ Արտագաղթի և ներկա բազմաթիվ խնդիրների կարևորագույն պատճառներից մեկը՝ մասսայական բանկային թալանն է։

Հ.Գ.
Մարդկային օրգանիզմը, լինելով ներկայիս հայտնի կենդանական օրգանիզմների մեջ ամենակատարյալը (համենայն դեպս, այդպես ընդունված է ասել), ունի որոշակի կառուցվածք և օրինաչափություններ, որոշակի հաստատուններ, դրանց կարգավորման մեխանիզմներ։ Դրանց խաղտումը ուղղակիորեն բերում է օրգանիզմի մահվան։ Այդ իսկ պատճառով դրանց կայուն պահպանումը չափազանց կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար։

Ցանկացած այլ համակարգ կենսունակ դարձնելու համար, այն պետք է կառուցել օրգանիզմի սխեմայով (կամ գոնե դրան առավելագույնս մոտ)։

Օրգանիզմում կան երկու բարիերներ՝ պատնեշներ. Ուղեղային և Պլացենտար (Ընկերք)։ Դրանք երկուսը սահմանում են մաքսիմալ վերահսկողություն օտար տարրերի ներթափանցման նկատմամբ։ Անգամ արյան իմունիտետ իրագործող բջիջները իրավունք չունեն ուղղակիորեն ներթափանցելու այդտեղ։ Ասել կուզեմ, որ պետք է հստակ մեխանիզմներ լինեն, երկրի ուղեղային ստրատեգիան մշակող կենտրոն անդամների մուտքի նկատմամբ։ Ամեն մեկն իրավունք չունի լինելու այդտեղ։ Այդտեղ պետք է լինեն երկրի, ազգի պայծառագույն ու ազնվագույն ուղեղները։ Ցանկացած օտար տարր, որքան էլ որ խելացի և օգտակար թվա՝ ուղղակիորեն վտանգում է օրգանիզմի հետագա գոյությունը։ Նույնը պլացենտար բարիերին է վերաբերվում՝ դա Սերնդափոխությունն է։ Նոր կադրերի հետ աշխատող համակարգը մաքսիմալ պետք է վերահսկվի։ Ոչ մի օտար տարր իրավունք չունի զբաղվելու նոր կադրերի՝ պտղի ձևավորմամբ։ Մոր կողմից ստացած սնունդ սպիտակուցներն անգամ, տրոհվում են մանր մասերի՝ շինանյութի, նոր հետագայում պտղի օրգանիզմին համապատասխան վերակառուցվում՝ արդեն պտղի օրգանիզմում։ Անգամ, եթե կարիք կա օտար տարրերի փորձի կիրառման, դա պետք է մանրամասն բաժանվի դետալների ուսումնասիրվի և նոր համապատասխանեցվի մեր օրգանիզմի չափանիշներին։ Հակառակ դեպքում, կունենանք իմուն պատասխան և օրգանիզմը կկորցնենք։ Դուք բոլորդ լսած կլինեք ռեզուս գործոնի և արյան փոխներարկման համատեղելիության մասին։ Դա մոտավորապես նույն բանն է։ Խեղված հոգեբանությամբ, մտածելակերպով և արժեհամակարգով կադրերը, չեն կարող ապահովել ազգի տրամաբանական զարգացումը և տեսակի պահպանումը։ Ազգի, և առհասարակ ցանկացած կենդանի օրգանիզմի գլխավոր ֆունկցիաներից մեկը, եթե ոչ հենց գլխավորը՝ տեսակի պահպանումն է։ Ֆինանսական, տնտեսական ֆակտորները ոչ թե նպատակ են, այլ միջոցներ՝ որոնք պետք է ծառայեն տեսակի պահպանմանը և կատարելագործմանը։ Ցանկացած մեխանիզմ, որն ապահովում է ֆինանսական զարգացում՝ ուղղակի վնասելով տեսակի գոյությանը, արդեն իսկ սխալ է։ Հազար անգամ մտածել, նոր որոշում կայացնել է պետք նման պրոյեկտներում։ 
Նույնը վերաբերվում է հանդուրժողականության մեխանիզմներին։ Որևէ օրգանիզմում իմուն պատասխանը, կամ անհանդուրժողականությունը, օրգանիզմի պատասխանն է օտարածին ագենտին, որը ուղղակիորեն սպառնում է օրգանիզմի անխափան գործունեությանը։ Օրգանիզմի, հասարակության կողմից բարձրացված դիմադրողական ալիքները շատ հաճախ պաշտպանական մեխանիզմներ են։ Հանդուրժել օտարը, կամ քարոզել դրա նկատմամաբ հանդուրժողականություն, նշանակում է ակտիվ ընկճել օրգանիզմի իմունիտետը, պաշտպանական մեխանիզմները՝ անխուսափելիորեն բերելով օրգանիզմի թուլացման և մահվան։ Երկու տարբեր օրգանիզմների նորմալ գործունեության պայմաններում հանդուրժողականության մասին խոսելու կարիք անգամ չկա, քանի որ նման խնդիր չկա։ Կա փոխշահավետ կամ նեյտրալ իրավիճակ ( Օրինակ մալականների, եզդիների և այլ ազգային փոքրամասնությունների հետ համատեղ գոյակցությունը, ոչ մի անգամ առաջ չի բերել հանդուրժողականության խնդիր, ինչը մենք տեսնում ենք այլ՝ վտանգավոր տարրերի դեպքում։) :

Մյուս կարևոր կետը, հստակ գիտակցելն է, որ ուղեղային և ուժային ( Ֆինանսական) կենտրոնները և համակարգերը պետք է հստակ տարանջատել։ Ուղեղը մշակում և անալիզ է անում ստրատեգիա, բոլորովին պարտադիր չէ, որ նրանք լինեն բիզնեսմեններ, մեծահարուստներ և մեծ հասարակական ազդեցություն ունեցող մարդիկ։ Նրանք, կրկնում եմ, երկրի, ԱԶԳԻ պայծառագույն և ազնվագույն ուղեղներն են։ Նրանց մշակած ստրատեգիական պլանը արդեն պետք է դրվի կատարման ֆինանսական ուժային կառույցների կողմից։ Այդտեղ, խնդրեմ, որքան կուզեք ներառեք օլիգարխներ, բիզնեսմեններ և այլ տարատեսակ դեմքեր։ Այս կետերը պետք է ընկած լինեն օրգանիզմի, պետության կառավարման հիմքում։ Եթե սրանք չենք գիտակցում և հաշվի չենք առնում, չենք կարող ունենալ նորմալ և հզոր, զարգացող, ստրատեգիա ունեցող երկիր։ Այլ կմնանք մանր, սպառող օրգան, այլ կերպ ասած՝ մարսողական խողովակ բերանային և արտաթորման բացվածքներով։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում