Քրիս Բոհջալյանը հավատում է` ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Քրիս Բոհջալյանը հավատում է` ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանի հաջորդ գրքի հիմքում Գյումրիի երկրաշարժն է ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերը: «Ավազե ամրոցի աղջիկները» բեսթսելերի հեղինակն, ով իր ուղին սկսել է որպես լրագրող, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է նոր ստեղծագործությունների, Հայոց ցեղասպանության ընտանեկան հիշողությունների, գերդաստանի մասին:

Բոհջալյանի «Հյուրասենյակ»-ը երկու զարմանահրաշ հայ աղջիկների մասին է:

«Ավազե ամրոցի աղջիկների» հրապարակումից հետո ես տպագրել եմ ևս երկու գիրք. 2013-ին ներկայացրել «Լույսն ավերակներում»-ը և 2014-ին` «Փակիր աչքերդ» գործերը: 2016 թվականի հունվարին լույս կտեսնի իմ նոր գիրքը, որտեղ նկարագրված են կարևոր տեսարաններ Գյումրիի երկրաշարժի և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին: Այն կոչվում է «Հյուրասենյակ»: Գիրքը զարմանահրաշ, գեղեցիկ, խելացի երկու հայ աղջկա մասին է, ովքեր ռուս գանգստերների կողմից տարվել են Մոսկվա, ապա Նյու Յորք, և այն մասին, թե ինչպես են նրանց ուղիները հատվում նյույորքյան մի ընտանիքում:

Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին

Պապս և տատս` Լևոնը և Հայկուհին, իրենց պատմությունների մեծ մասը գերեզման են տարել: Մեզ միայն պատառիկներ են հասել: Մենք գիտենք, որ Հայկուհու հայրը սպանվել է, նրանցից խլել են ագարակը` անտուն թողնելով նրան և մորը: 1915-ին մեր մեծ հոր երեք եղբայրները գտնվել են Կահիրեում. նրանք բոլորն անհետացել են: Սակայն նրանք հազվադեպ էին խոսում այդ մասին:

…Ես պապիկիս հիշում եմ հայկական երաժշտություն նվագելիս` իր փոքրիկ հայկական նվագախմբի հետ, իրենց տան հատակին նստած լսելիս «Կռունկը» կամ հայկական այլ երաժշտություն: Իսկ տատիկիս մտաբերելիս միշտ հիշում եմ նրա խոհանոցը և ժպտում միայն այդ մտքից: Հայկական մշակույթը պահպանելու ձևերից մեկը հայկական խոհանոցն է:

Նրանք այնքան ուժեղ և գեղեցիկ էին թե’ նեքուստ, թե’ արտաքուստ, այնքան խելացի: Ես միշտ հասկացել եմ, որ տխրութուն կա, որը հետևանքն է այն ամենի, ինչ նրանք կորցրել են և ինչին ականատես են եղել: Բայց նրանք հազվադեպ էին այդ մասին պատմում իրենց թոռներին:

«Ավազե ամրոցի աղջիկների» ընթերցողներից մեկն էլ Բոհջալյանի դուստրն էր

Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Աղջիկս 21 տարեկան է, նրա անունը Գրեյս է: 2011 թվականին, երբ ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկների» առաջին սևագիրը, աղջիկս այդ ժամանակ քոլեջից տուն էր վերադարձել, և մինչ ես գնացել էի հեծանիվ քշելու, նա կարդացել էր գիրքը: Արդեն տնից 25 մղոն հեռավորության վրա էի, երբ նրանից հաղորդագրություն ստացա. «Ես բազմոցին նստած եմ և չեմ կարողանում դադարել արտասվել. հենց նոր ավարտեցի «Ավազե ամրոցի աղջիկները»: Նա համալսարանում հայկական խմբակի անդամ է եղել, վերջերս այցելել է Հայաստան և Արևմտան Հայաստան:

Ինչու «Ավազե ամրոցի աղջիկներ»

Երկու պատճառով եմ ընտրել նման վերնագիր` առաջինն ամբողջովին կոմերցիոն նպատակով, երկրորդը` գեղարվեստական: Գիտեի, որ ամերիկացիները չեն գնի Հայոց ցեղասպանության մասին վեպ, սակայն հույս ունեի, որ կգնեն սիրավեպ: Ուստի ուզում էի մի վերնագիր, որ կգրավեր, կհրավիրեր ընթերցողին: Գեղարվեստական պատճառն այն է, որ գրքում մի տեսարան կա, երբ Էլիզաբեթը և Հաթումը ավազե տակներ են կառուցում իրենց համար: Ավազի մասին մտածելիս Էլիզաբեթի մտքում Մասաչուսեթսի փափուկ, փայլուն ավազի պատկերն է: Հաթումը` սիրիական անապատն է պատկերացնում, որտեղ նրա աչքի առաջ գլխատել էին մորը և քրոջը:

«Ավազե ամրոցի աղջիկներ»-ը շուտով կվերածվի ֆիլմի

Երևանում ծնված Էրիկ Նազարյանը, ով Հոլիվուդում կինոստուդիա ունի, դերասանական կազմի մասին տեղեկություն կունենա հաջորդ 4-8 շաբաթվա ընթացքում:

Լրագրողից` գրող

Ես նովելներ սկսել եմ գրել մինչև լրագրությամբ զբաղվելը: Ֆանտաստիկ ստեղծագործություններ սկսել եմ գրել 8-9 տարեկանից, ապա ավագ դպրոցում և քոլեջում: Նովելներ գրել եմ 20-ն անց տարիքում, այդ ժամանակ էլ սկսեցի նաև լրագրությամբ զբաղվել:

…23 տարի ութ ամսվա ընթացքում գրել եմ 1225 սյունակ` 812 հազար բառ: Գրել եմ բազմաթիվ հոդվածներ ամսագրերի համար: Վերջին երեք տարիներին իմ լրագրողական ձեռքբերումները շատ եմ օգտագործել ամերիկյան հանրությանը Ցեղասպանության մասին ուսուցանելու համար:

ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Սակայն երկու բան պետք է տեղի ունենա: Առաջինը Թուրքիան պետք է հաղթահարի իր պատմությունը, այնպես, ինչպես իմ երկիրը առերեսվեց ստրկությանը և բնիկ ամերիկացիների ցեղասպանությանը` այդ կերպ դառնալով ավելի լավ երկիր: Թուրքիան ի վերջո պետք է հասնի այդ կետին, եթե ցանկանում է երբևէ լինել աշխարհի ուժ: Գերմանիան չէր կարող գերտերություն դառնալ, եթե չճանաչեր Հոլոքոստը: Եվ կարծում եմ, որ ի վերջո ԱՄՆ նախագահն է, որ կդիմի Թուրքիային ասելով. «Ես չեմ խաղալու քաղաքական խաղեր Թուրքիայի հետ, ես պատրաստվում եմ ավելի բարձր քայլ կատարել, ինչպես Հռոմի պապը, Քարդաշյաններն արեցին»:

Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք),ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և

Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։ Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում եւ ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստականպատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին:

Ռոզա Գրիգորյան, Սյունե Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում