Հայաստանը կարող է դառնալ ԵՄ- ԵԱՏՄ համագործակցության շղթայի առաջին օղակը

Հայաստանը կարող է դառնալ ԵՄ- ԵԱՏՄ համագործակցության  շղթայի առաջին օղակը

Օրերս ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը:ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորել է սկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ իրավական նոր հիմքի շուրջ:

2013թ-ին Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը կարծես թե կանխատեսել էր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ «և-և» սկզբունքի բացառումը: Այդ որոշումից գրեթե 2 տարի անց ՀՀ-ն փորձում է վերագտնել արտաքին քաղաքականության ոլորտում կորցրած հավասարակշռությունը: Հայաստանն ու Եվրամիությունը շուրջ չորս տարի ձգվող բանակցություններից հետո կանգնել էին հարաբերությունների վերափոխման և նույնիսկ հետընթաց քայլի առջև, սակայն Եվրահանձնաժողովի կողմից տրված մանդատը կրկին կենսականացման շանսեր տվեց համատեղելիության արտաքին քաղաքականությանը: Այսօր Հայաստանին բացառիկ հնարավորություն է տրվել իր եվրոպական գործընկերների շրջանակներում վերագտնելու նախկին վստահությունը, և մենք չպետք է բաց թողնենք առիթը` ապացուցելու, որ իսկապես վտսահելի պետություն ենք:

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որ պետք է 2013թ-ի նոյեմբերին կնքվեր Վիլնյուսի գագաթաժողովում, կասեցվեց: Բազմաթիվ գործոնների շարքում ուշագրավ էր հատկապես աշխարհաքաղաքական ֆակտորը: Տպավորություն էր, որ Արևելյան գործընկերության երկրները կանգնած էին աշխարհաքաղաքական ընտրության առջև , և Հայաստանն էլ անվտանգության հովանոց ապահովելու պատրվակով, այդ ընտրությունը կատարեց` հօգուտ Եվրասիական տնտեսական միության:
ԵՄ-ՌԴ մրցացկության պատճառով տուժողի դերում էին հայտնվում ԱԼԳ անդամ երկրները: Ասվածի վառ օրինակն է Ուկրաինան, ուր ցայսօր շարունակվում է աղետալի պատերազմը:

Իրավիճակը, կարծես փոխվելու նախանշաններ է ցույց տալիս. Ասոցացման համաձայնագիրը, որ մի ժամանակ դարձավ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների սրացման պատճառ, այսօր հնարավոր է համագործակցության աիռթ դառնա երկու միությունների համար:

Հայաստան-ԵՄ Ասոցացման նոր համաձայնագիրը մեծամասամբ հիմնված է արդեն իսկ բանակցված դրույթների վրա: Միայն հանվել են այն կետերը, որոնք անհնարին են համատեղել երկու մաքսային միություններին անդամակցելու դեպքում: Սակայն նոր Ասոցացման համաձայնագիրը բովանդակելու է նաև տնտեսական բաղադրիչին առնչվող դրույթներ: Այս ամենը զգուշավոր լավատեսության հույսեր է ներշնչում նաև ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների կարգավորման համար: Երկու կողմերը կարծես լռելյայն համաձայնություն են տվել այս գործընթացին: ՌԴ-ի կողմից առարկություններ չեն հնչել Ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչի ներառման կապակցությամբ, իսկ ԵՄ-ն գիտակցում է, որ Հայաստանի հետ տնտեսական կետեր ներառող Ասոցացման համաձայնագրի կնքումը նշանակում է նաև համագործակցություն ԵԱՏՄ-ի հետ:

ԵՄ-ն այլ մաքսային միությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի: ԵՄ-ն Հարավային Ամերիկայում գործող ՄԵՐԿՈՍՈՒՐ մաքսային միության հետ բանակցություններ է վարում, այն նաև առեւտրա-տնտեսական լավ հարաբերություններ ունի այդ միության հիմնադիր երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ: ԵՄ-ի և մեկ այլ մաքսային միության հետ համագործակցության լավ օրինակ է նաև հարավարևելյան Ասիայում գտնվող ԱՍԵԱՆ-ի երկրների հետ համագործակցությունը:

Հայաստանը այս հարցում պետք է պրոակտիվություն ցուցաբերի և դառնա ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում առաջին օղակը, որի վրա էլ հնարավոր է կառուցել համագործակցության ամուր շղթան: Թերհավատությունը սեփական երկրի նկատմամբ, կարծիքը, որ Հայաստանի նման փոքր երկիրն անկարող է նման մեծ հարցեր լուծել, ընդամենը ապակառուցողական միֆ է, որը սեփական երկրի արտաքին քաղաքականությունը անողնաշար է դարձնում: Հայաստանը կարող է և պիտի օգտվի իրավիճակի բացառիկությունից և համաշխարհային քաղաքակնության մեջ իր ներդրումն ունի: ՀՀ-ն, վերջին տարիներին արձանագրած բարեփոխումներով, դեմոկրատիայի մակարդակով և մի շարք այլ ցուցանիշներով ձգտում է նմանվել եվրոպական պետություններին: Չափազանց կարևոր է, որ Ասոցացման համաձայնագրի կնքումը խթանի գործընթացի արագացմանը: ԵՄ-ն, բարեփոխում կատարելով Հայաստանի քաղաքական համակարգում, ներդրում է կատարում նաև Եվրասիական տնտեսական միության մեջ:

Կարևոր է նաև Հայաստանի ակտիվությունն այլ ճակատներում ևս: Մասնավորապես` Իրան-Արևմուտք կարգավորվող հարաբերությունները հուշում են, որ Իրան-ԵՄ հարաբերությունների խորացումն անխուսափելի է: Եվ ինչո՞ւ Հայաստանը չլինի հենց այն երկիրը, որը կարող է կապող կամուրջ հանդիսանալ երկուսի միջև` նպաստելով Իրանի անդամակցությանը, օրինակ` Եվրոպական հարևանության քաղաքականություն ծրագրին:

Հայաստանին տրվել է երկրորդ բացառիկ հնարավորությունը, որը պետք է օգտագործվի` հանուն մեր պետության միջազգային հեղինակության բարձրացման, քաղաքա-իրավական համակարգի բարելավման և սուվերեն պետությանը վայել արտաքին քաղաքականության իրացման:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում