Կենսական ուժը…

Կենսական ուժը…

Հետաքրքիր բան է այդ կենսաուժ կոչվածը: Բժշկականում ուսանելու տարիներին’ ֆիզիկայի դասին, անգամ փորձ էինք անում’ մարդու կենսական ուժ կոչված մեծությունը չափելու համար: Բայց այդ փորձի և դրա արդյունքների մասին չէ, որ պիտի գրեմ հիմա…այլ մի առավել հետաքրքիր և հիշարժան դրվագ եմ ուզում հանձնել ընթերցողիս ուշադրությանը:

Գորիսում էի, հայրիկիս 60-ամյակը նշելու էինք գնացել, դե ես էլ որոշել էի մի քանի օր հանգստանալ մայրաքաղաքային աղմուկից’ իմ ծննդավայրում: Այդ հանգստյան օրերից մեկում, անգյալությունս բռնել էր, և առավոտյան ալարում էի անկողնուց վեր կենալ, դրա փոխարեն’ վայելում էի սուրճը’ անկողնում և համացանցում ինչ-որ զավզագությամբ էի զբաղված: Այդ ընթացքում, տատս (ով 92 տարեկան է և ում մասին առաջին անգամը չէ, որ գրում եմ և դեռ կգրեմ), մի քանի անգամ մոտեցավ, նայեց բաժակին’ ստուգելու համար հասցրե՞լ եմ, արդյոք, դատարկել, թե՞ դեռ կա, որպեսզի բաժակը տանի լվանալու: Դե, բնականաբար, էլ երկար չէի կարող հորիզոնական դիրքում մնալ, երբ 92 ամյա տատս առավոտ ծեգից ոտքի վրա աշխատում է:

Վեր կացա, լվացվեցի ,նախաճաշ և այլն… Հետո անցա խաղողը քաղելուն:

Այն, որ մեր մուսկաթ խաղողի պես խաղող ես դեռ չեմ ճաշակել, իսկ դրանից պատրաստած մաճառը աշխարհում ոչ մի խմիչքի հետ չէի փոխի’ դա մի ուրիշ անգամ կգրեմ… իսկ հիմա’ այդ մասին չէ, որ պիտի գրեմ, այլ’ առավել ուսանելի մի դրվագի մասին, որ, թերևս, ամբողջ կյանքի համար է…

…Ծալովի սանդուղքը դրած քաղում եմ խաղողի ողկույզները, իսկ տատս պատշգամբում նստած նայում էր… մի ողկույզ ձեռքիցս ընկավ ու ցաքուցրիվ եղավ պատշգամբով մեկ… Տատս տեղից վեր կացավ, ավելը վերցրեց ու սկսեց ավլել, որպեսզի ոտատակը մաքուր լինի’ գնացող եկողներն էլ կոխ չտան: Ավլելուց հետո էլի չնստեց: Չդիմացավ նստած, այլ սկսեց ցածրում եղած խաղողը քաղել ու լցնել դույլի մեջ:

Ասեցի. տատիկ, թո՛ղ, ես սա վերջացնեմ, դա էլ կքաղեմ… չլսեց: Ավելի՜ն, երբ որ մոտակա խաղողները քաղեց վերջացրեց, ձեռնափայտը մի կողմ դրեց ու բազրիքին հենվելով’ ավելի հեռվում գտնվող ողկույզները սկսեց քաղել: Եւ ամեն ողկույզը քաղելուց հետո բերում դնում էր դույլի մեջ, որը կախված էր ծալովի սանդուղքից, որի վրա ես էի կանգնած…

Չդիմացա, չէի կարող ուղղակի չնկարել էդ պահը: Տատս, կարծում եմ, չնկատեց անգամ, որ նկարում եմ… Բայց ես… Ես իմ ամբողջ կյանքում պիտի հիշեմ այդ օրը… Որ երբ ձեռքին հասնող բոլոր ողկույզները քաղեց վերջացրեց, էլի չնստեց տեղում, այլ ավելը նորից առավ ձեռքը ու նորից ավլեց պատշգամբը: Ավլելուց հետո էլ’ գնաց ու սկսեց հաց պատրաստել խոհանոցում (ծնողներս մեր բարեկամներից մեկին հիվանդատես էին գնացել և տատուս հետ մենակ էինք մնացել տանը). Եղբայրս էր զանգել, որ հյուրեր ունի և գալիս է տուն’ ճաշելու… էդպես…

Այ էսպիսինն է իմ Աստղիկ տատիկը… Իրեն նայելով’ մտածում ես, թե մահն ու՞մ շունն է: Ու մարդն էդ տարիքում, ուրիշների պես բողոքելու փոխարեն, մտածում է, թե ինչո՞վ օգտակար լինի ու տեղը հանգիստ նստել չի կարողանում…
Մարդ էդպիսին պիտի լինի: Հայ կնոջ վառ օրինակ, կենդանի լեգենդ, ով 16 տարեկանում արդեն դաս էր տալիս իրենց գյուղի դպրոցում, 17-ում’ ուսմասվարն էր, իսկ 18-ում’ արդեն տնօրենը: Ով 21տարեկանում կամավոր մեկնեց Հայրենական Պատերազմ և 3 տարի հետո հետ վերադարձավ, ընտանիք կազմեցին պապուս հետ ու տուն կառուցեցին, զավակներ ունեցան, կրթեցին, ազգին պիտանի մարդիկ դաստիարակեցին և այսօր էլ թոռներից մի ակընկալիք ունի’ Ծոռներին տեսնելը…

Խոստացել է’ հարսանիքիս լավաշն ինքն է ուսիս գցելու ու գդալով մեղր ուտեցնի ինձ ու ապագա տիկնոջս…
Շատ կուզեի, որ աշխարհում, երբ կինը որպես կերպար օրինակ է բերվում երիտասարդ աղջիկներին դաստիարակելու գործում, Հայ կնոջ կերպարը օրինակ բերվեր:

Մեր տանը, մի 70-ամյա ամերիկուհի էր հյուրընկալվել: Գործի բերումով մի տարի պետք է մնար մեր մոտ: Կես տարի անց’ նոր տարին նշելուց հետո , ասաց, որ գնում է: Հարցրեցինք թե ինչու՞: Ասաց, Ձեր օջախում ապրելով, ես հասկացա’ թե ինչ բան է ընտանիքը: Ես հասկացա, ինչ բան է տան մեծ, ինչ բան’ փոքր: Հասկացա շատ բան, ու ամենակարևորը, հասկացա’ որ ամբողջ կյանքում սխալ եմ ապրել ու որ հիմա’ պիտի գնամ ու փոքր տղայիս հետ ապրեմ … ու փորձեմ սխալներս ուղղել ու բացատրել’ թե ինչ բան է ճիշտ ապրելը’ ճիշտ Ընտանիքը…

Էսպիսի բաներ…

…Դե՜, իսկ թե Խաղողից ինչպիսի մաճառ ստացվեց, այդ մասին կգրեմ, երևի, նոր տարվա կողմերը… Քչերին կհաջողվի համտեսել այն, բայց այն ընտրյալները’ ում բախտ է վիճակվել երբևէ վայելել մեր մաճառը’ խոստովանել են, որ դրանից չկա էլ աշխարհում…

Ես համոզված եմ, որ այս տարվա մաճառն է՛լ ավելի համով է լինելու, որովհետև տատուս ձեռքով քաղված խաղողի ողկույզներն էլ պիտի գինի դառնան:

Էսքանով ավարտեմ, իմ այս պատմությունը և ավանդույթի համաձայն ցանկանամ երեք բան’ աշխարհին խաղաղություն, մարդկանց երջանկություն և թող տատուս ցանկությունները կատարվեն…

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում