Հաղթանակն ու պարտությունը կարող են վերաբերել միայն Փերինչեքին և Շվեյցարիային

Հաղթանակն ու պարտությունը կարող են վերաբերել միայն Փերինչեքին և Շվեյցարիային

Օրերս կայացվեց արդեն մի քանի տարի ընթացող Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հայ հասարակության շրջանում, իսկ Թուրքիայում` ընդունվեց առանձնապես ոգևորությամբ: Ներկայացնում ենք ԵԽԽՎ-ում հայկ ական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունն այդ առնչությամբ:

-Տիկին Նաղդալյան, ի՞նչ նշանակություն ունի Փերինչեքի գործով ՄԻԵԴ  որոշումը և որքանո՞վ այն կարող է ազդել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ի վերջո, մեզ համար սա հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

-Իհարկե, կարծում եմ, արժանի էր, որ Փերինչեքի պես հանրահայտ ռասիստն ու քսենոֆոբը և չարանենգ ազգայնամոլը սկզբունքային գնահատականի արժանանար և որ մարդու իրավունքների պաշտպանության գործում այդ իրավունքների պաշտպանության բարձրագույն ատյանը «ոչ ստանդարտ» մոտեցում ցուցաբերեր ու, ազատ արտահայտվելու այսօրվա իրավունքը պաշտպանելիս, հիշեր ու պաշտպանության տակ առներ նաև մարդու բնական ու գլխավոր՝ ապրելու իրավունքը, նույնիսկ եթե դա ոտնահարվել է մեկ հարյուրամյակ առաջ: Հիշեր նաև, որ մարդկության դեմ գործած այդ մեծագույն ոճրագործության անպա տժելիությունն էր, որ պատճառ դարձավ հետագա ցեղասպանությունների համար, և այդպիսով նաև իր ներդրումը  ունենար ընդդեմ ցեղասպանությունների համամարդկային պայքարում:  Բայցևայնպես,  դատարանը գործում է ֆորմալ շրջանակների մեջ, գտնվում է իր խնդրի լուծման շրջանակում, և մենք, մեր վերաբերմունքը ձևավորելիս, նախ պետք է հասկանանք, թե Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի վճիռը ինչ հարցի է պատասխանում, ինչ նպատակ ունի ի սկզբանե, և դրանից բխեցնենք մեր վերաբերմունքը: Մեր հանրության մեջ ցավոտ ընկալում կա այս հարցի շուրջ, և դա, թերևս, հասկանալի է` խնդիրը մեզ համար շատ զգայական  տիրույթում է, հետևաբար էմոցիաներով է ընդունվում և, որպես կանոն, «հաղթանակ-պարտություն» բանաձևումներով: Այս իմաստով, ուզում եմ հիշեցնել՝ Հայաստանի կողմից հանդես եկած փաստաբանները՝ միջազգային խոշորագույն փաստաբան, թագավորական խորհրդական Ջեֆրի Ռոբերտսոնն ու Ամալ Քլունին ընդգծեցին նաև, որ հայության համար վճիռը նպաստավոր է: Բայց, կարծում եմ, պետք է հասկանանք ՝ այս դատավարության մեջ Հայաստանը ներգրավված էր ընդամենը որպես երրորդ կողմ(նույնպես, ինչպես և Թուրքիան) և ակնկալում էր վճիռ, որը զերծ կլիներ Հայոց ցեղասպանության փաստը որևէ կերպ կասկածի տակ դնող ձևակերպումներից:  Այս դեպքում հաղթանակն ու պարտությունը կարող են վերաբերել միայն Փերինչեքին և Շվեյցարիային և շատ կարևոր է, որ Դատարանը չի արձանագրել, թե Շվեյցարիայի օրենսդրությունը ցեղասպանության ժխտողականության մասով չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, թե Փերինչեքը ճիշտ է արել, կամ  լավ է արել, այլ ընդամենն ասել է, որ Շվեյցարիայի օրենսդրությունը Փերինչեքի վերաբերյալ կիրառված է ոչ ճիշտ ձևով: Սա է իրողությունը, ինչը հեռու է որևէ մեկի պարտությունից, առավելապես` հեռու է Թու րքիայի հաղթանակից:

Այդ իմաստով աչքի է ընկնում թուրք-ադրբեջանական միանման մոտեցումը նմանատիպ դեպքերում՝ ասենք, օրինակ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի դեպքում նույն պատկերը ունենք, քանզի այստեղ էլ կոնտեքստից կտրված, իրենց համար ձեռնտու կամ իրենց ցանկալիին փոքր-ինչ մոտ նախադասությունները փորձում են ձևակերպել` որպես իրենց հաջողություն, ներկայացնել` որպես սեփական հաղթանակ կամ ուրախություն, զորօրինակ,  թե իբր` Դատարանը որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ և անգամ նմանատիպ որևէ բան Դատարանի վճռի մեջ չկան: Սա թուրք-ադրբեջանական մանիպուլյացիոն  քաղաքականության վառ դրսևորումներից մեկն է:

Այսօր Թուրքիան նույն բանաձևով, նույն ձեռագրով փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման և որը նույնն է՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: Իրենց համար այսօր կարծես թե այն իրավիճակն է, երբ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում, որովհետև իրականությունը բոլորին էլ պարզ է: Նախ` ՄԻԵԴ Վերին պալատի 17 դատավորներից 10-ը շատ պարզ հայտարարել են, որ իրենց քննարկման թեման բոլորովին չի եղել ցեղասպանության եղելությունը հաստատելու կամ ժխտելու հարցը,  երկրորդ` մյուս 7 դատավորները նաև նշել են, որ իրենց համար երբեք կասկածի տակ չի դրվում ցեղասպանության եղելության խնդիրը: Այսինքն` մենք ունենք օրինակ, երբ Թուրքիան հերթական անգամ իր համար ցանկալին ներկայացնում է իրականի տեղ:

Կարծում եմ,  2015թ-ը պատմության մեջ մտնելու է ոչ թե Փերինչեքի վճռով, այլ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներով և  Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը ճանաչելու մեծածավալ ալիքով,  որ առաջացել է ամբողջ աշխարհում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում