Եվրոպան վերջնականապես մերժում է Թուրքիային

Եվրոպան վերջնականապես մերժում է Թուրքիային

Ավելի քան կես դար է անցել, ինչ Թուրքիան ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Սակայն վերջին տարիներին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ այդ երկիրը երբեք չի դառնա Եվրամիության անդամ: Բրյուսելի և Անկարայի միջև ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները ամբողջությամբ կասեցվել են: Չափավոր իսլամիստական համարվող Թուրքիայի ներկա վարչախումբը` Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, վերջին տարիներին լուրջ հետընթաց է արձանագրել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Թուրքիայի այսօրվա իշխանությունները գնում են ոչ թե եվրոպական ինտեգրման, ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, այլ ավելի են խորացնում ավտորիտար կառավարումը: Էրդողանի իշխանությունը այսօր կառավարում է ոչ թե եվրոպական նորմերով և չափանիշներով, այլ վերադառնում է նախկին թուրքական ավանդական քաղաքականությանը, այսինքն` ծայրահեղ ազգայնականությանն ու իսլամականությանը:

Թուրքիան դեռևս 1959թ.-ին հայտ էր ներկայացնել` դառնալու Եվրոպական տնտեսական ընկերակցության անդամ, սակայն այդ գործընթացը ձգձգվեց տասնամյակներ: Վերջապես 1995թ.-ի Թուրքիան դարձավ Եվրամիության մաքսային միության անդամ, իսկ 1999թ.-ից սկսվեցին Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: Այդ ժամանակվանից Թուրքիայում իսկապես իրականացվեցին զգալի բարեփոխումներ, օրենսդրորեն ընդլայնվեց խոսքի ազատությունը, նվազեցվեց զինվորականության դերը քաղաքականության մեջ, ազգային փոքրամասնությունները, մասնավորապես` քրդերը, կարողացան օգտվել իրենց իրավունքներից, ընդլայնվեցին կանանց իրավունքները, տնտեսական բարեփոխումների արդյունքում եվրոպական ներդումներին զուգահեռ բուռն զարգացում ապրեց այդ երկրի տնտեսությունը: Սակայն «եվրոպականացվող Թուրքիայի» այդ հաջողությունները երկար չտևեցին:

Չնայած իրականացված բարեփոխումներին` Թուրքիան շարունակեց մնալ ավտորիտար պետություն, որտեղ պարբերաբար ոտնահարվում են մարդկանց և հատկապես ազգային փոքրամասնությունների իրավունքները, իշխող կուսակցության հակառակորդները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Գեզի հրապարակի խաղաղ ցույցերը բռնությամբ ցրելը, որոնց արդյունքում եղան զոհեր, ընդդիմադիր Ֆեթյուլահ Գյուլենի շարժումը արմատախիլ անելը, քրդերի և հայերի իրավունքների մասին խոսելը բռնությամբ ճնշելը, ազգային ատելության հողի վրա քաղաքական սպանությունները, որի օրինակն էր հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը և բազում այլ հակաժողովրդավարական քայլերը լիովին հօդս ցնդեցրին Թուրքիայի «եվրոպական» հաջողությունները: Թեև շատ քչերն ունեին պատրանքներ, որ Թուրքիայում կիրականացվեն լիարժեք ժողովրդավարական բարեփոխումներ, միևնույն է, շատերը հակված էին կարծելու, որ այդ երկիրն իր աշխարհագրական դիրքի և ռեսուրսների շնորհիվ այնքան կարևոր է Եվրոպայի համար, որ Եվրամիությանն անդամակցելը ժամանակի հարց է: Համարվում էր, որ Թուրքիան Եվրոպայի համար չափազանց կարևոր երկիր է Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Թուրքիայի դերը կարևորվում է նաև տնտեսապես, քանի որ հսկայական տարանցիկ երկիր է առևտրի և էներգակիրների առումով:

Կա համոզում, որ առանց Թուրքիայի Եվրոպան խոցելի է Մերձավոր Արևելքի հակամարտությունների, ահաբեկչության, անօրինական միգրացիայի տարածման, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու առումով: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան շատ վատ է խաղում իր այդ դերը: Այսօր Մերձավոր Արևելքում` կոնկրետ Սիրիայում և Իրաքում հակամարտությունների հետևանքները հենց Թուրքիայի տարածքով ներթափանցում են Եվրոպա: Թուրքիան ժողովրդավարական բարեփոխումների տապալմանը զուգահեռ վերսկսեց քրդական ճգնաժամը` լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով քրդերի դեմ ինչպես Սիրիայում և Իրաքում, այնպես էլ սեփական տարածքում:

Թուրքիան չկարողացավ լինել Եվրոպայի համար իսկապես տարածաշրջանային դաշնակից, քանի որ այսօր հակամարտությունների մեջ է իր բոլոր հարևանների հետ, ինչը սպառնում է նաև եվրոպական անվտանգությանը: Եթե Եվրամիությանն անդամակցելու գլխավոր խոչընդոտներից էր Կիպրոսի խնդիրը, ապա այսօր դրան գումարվել է Սիրիայի, Իրաքի, «Իսլամական պետության» և քրդերի խնդիրը: Պետք չէ մոռանալ նաև Հայաստանի հետ ունեցած խնդիրների մասին: Արևմուտքը հսկայական ջանքեր գործադրեց, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններով կարգավորվեն երկու երկրների պատմական հակասությունները, սակայն Անկարան տապալեց այդ նախաձեռնությունը` ըստ էության Եվրամիությանն անդամակցելու խոչընդոտների մեջ ավելի ամրապնդելով Հայոց ցեղասպանության խնդիրը: Պատահական չէ, որ այս տարվա Եվրախորհրդարանի զեկույցներում և բանաձևերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համարվում է Եվրամիությանն անդամակցելու նախապայման:

Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Արևմուտքի կողմից վերապահված էր այնպիսի դեր, որ իր կշռով կարողանա ապահովել Մերձավոր Արևելքում ուժերի բալանսը` հօգուտ Արևմուտքի: Սակայն հենց Թուրքիայի ապաշնորհ քաղաքականության արդյունքում, երբ այդ երկիրը աջակցում է ծայրահեղ իսլամիստներին, Ռուսաստանն է վերադառնում տարածաշրջան: Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ուղղակի ռազմական աջակցությունը, ռուսական ինքնաթիռները հարվածները, որոնք իրականացվել են Թուրքիայի օդային սահմանը հատելուց հետո, ապացուցում են թուրքական քաղաքականության լիակատար ֆիասկոն ամբողջ Մերձավոր Արևելքում: Թուրքիայի տարածքից հսկայական միգրանտներ են ներթափանցում Եվրոպա, որոնց շարքերում նաև ահաբեկիչներ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի միգրացիոն անկառավարելի հոսքեր և սպառնալիքներ կլինեն Եվրոպայի համար, եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ:

Այսպիսով` Թուրքիան իր քաղաքականությամբ լիովին արդարացրել է այն մտավախությունները, որ այդ երկիրը իր քաղաքակրթական առանձնահատկությամբ, այսինքն` թուրքական ազգայնականությանն ու ծայրահեղ իսլամին հավատարմությամբ, չի կարող տեղ ունենալ եվրոպական ընտանիքում: Հետևաբար պատահական չէ, որ օրերս Եվրամիության առանցքային պետության` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Ես միշտ դեմ եմ եղել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը և շարունակում եմ մնալ այդ կարծիքին»: Միաժամանակ կանցլերն ընդգծել է, որ իր կարծիքով՝ ներգաղթյալների ճգնաժամի հաղթահարման նպատակով Եվրոպան պետք է շարունակի պահպանել Թուրքիայի հետ երկխոսությունը, քանի որ կողմերը «պետք են միմյանց»։

Այլ կերպ ասած` Եվրոպան այսօր լիովին մերժում է Թուրքիային ընդունել իր շարքերում և դիտում է պարզապես գործընկեր, որի հետ պետք է քննարկել և լուծել ինչ-ինչ կարևոր խնդիրներ: Խնդիրներ, որոնց ստեղծողներից է հենց Թուրքիան: Այսօր Թուրքիան ավելի շատ խնդիրներ է ստեղծում Եվրամիության համար, քան կարող է օգուտ բերել: Ակնհայտ է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը դարձել է ընդամենը բանակցային խաղաքարտ, որով Եվրոպան ձգտում է պահել Թուրքիային իր ազդեցության տակ, թույլ չտալ, որ վերածվի ծայրահեղ ազգայնական և իսլամիստական պետության, ինչը շատ ավելի վտանգավոր է: Իսկ Թուրքիան, իր քաղաքականությանը հավատարիմ, օգտագործում է նույն խաղաքարտը` Եվրոպայից տարբեր հարցերում զիջումներ և աջակցություն ստանալու համար: Սակայն փաստ է, որ Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցը կարելի է վերջնականապես փակված համարել:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում