Հայ-թուրքական սահմանի վերաբերյալ միֆերը կոտրվեցին

Հայ-թուրքական սահմանի վերաբերյալ  միֆերը կոտրվեցին

Հայ-թուրքական սահմանը Հայաստանի ամենահուսալի սահմանն է, ռուսական դրոշը զսպիչ գործոն է Թուրքիայի համար` չհարձակվելու Հայաստանի վրա, հայ-թուրքական սահմանը նաև ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանն է և ասյտեղ միջադեպերը կանխատեսելի չեն:

Նման արտահայտությունները ոչ միայն կարծրացել են մեր հասարակության մեջ, այլ նաև փորձագիտական շրջանակների կողմից մատուցվում է` որպես բացարձակ ճշմարտություն: Արհամարհելով պատմության դասերը` մենք մեր սահմանները կրկին հանձնել ենք նորօրյա «հույն վարձկանների»` հաշվի չառնելով, որ մի օր էլ այս վարձկանները կարող են սասանել մեր սահմանների անառիկությունը:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռների` Հայաստանի օդային սահմանն անցնելու մասին լուրը իսկական սառը ցնցուղ էր հայ-թուրքական սահմանն ամենապաշտպանվածն ու կայունը համարողների համար: Ուշագրավ է, որ թուրքական ուղղաթիռները խախտել էին ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական պաշտպանության օբյեկտներ, սակայն այդ մասին տեղեկատվությունը տարածվում է ՀՀ քաղավիացիայի վարչության պետի միջոցով: Հայտարարություն, որը ասվեց, մի քանի օր աղմուկ բարձրացրեց մեդադաշտու, այնուհետև վերածվեց հնացած տեղեկատվության և գրեթե մոռացվեց: Մինչդեռ այս միջադեպերն ամենևին էլ պատահականություն չէին, ինչպես որ բացատրել էր թուրքական կողմը:

Թերևս հարցին պատասխանելու համար հարկ է հիշել դրանից ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռներն էին «եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով» խախտել Թուրքիայի սահմանը: Ստացվում է մեծ է հավանականությունը` հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին կգումարվի նաև ռուս-թուրքական հարաբերություններում ծագող վեճերը:

Եվ ևս մեկ անգամ պատմությանը հղում տալով, հարկ է հիշել, որ մեկ անգամ չէ Հայաստանը տուժել ռուս-թուրքական գործարքներից: Երբ պետք է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում զիջումների գնալ, ապա դրանք սովորաբար կատարվել են Հայաստանի և հայ-ժողովրդի հաշվին: Եվ նույնիսկ ունենալով պատմության այս դառը փորձը` մենք չենք դադարում կրկնել անցյալի սխալները:

Հարց է ծագում. մի՞թե սեփական պետության մեջ մենք այնքան կաշկանդված ենք, որ երբ խախտվում է մեր երկրի օդային սահմանը, որևէ պատկան մարմին հանդես չի գալիս բացատրությամբ: Թերևս այս ամենի հիմքում ընկած է ջայլամային քաղաքականության սկզբունքը. չենք խոսում խնդրի մասին` ձևացնելով թե այն չկա:

Մինչդեռ մտահոգվելու պատճառներն առաջիկայում կարող են ավելանել: Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցում լուրջ տարաձայնություններ ունեն և ապագայում կանխատեսելի է լարվածության ավելացում: Ի՞նչ սպասել: Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող միջադեպերի պատասխանը հայ-թուրքական սահմանին կտրվի: Ոչինիչ բացառված չէ, ուստի արդեն վաղուց ժամանակն է, որ Հայաստանի արտաքին և ռազմական գերատեսչություններում համապատասխան քաղաքականություն մշակեն: Իրավիճակն ամեն օր փոխվում է և այդ իրողություններին դինամիկ արձագանքման կարիք կա:

Չնայած հայ-թուրքական ցամաքային սահմանը հսկվում է ռուսական զորքերի կողմից, սակայն կարևոր էր թուրքական սահմանախախտումներին արձագանքեր Հայաստանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն: Թուրքիան այդ սահմանախախտումների միջոցով ոչ միայն պատասխան էր տալիս Ռուսաստանին, այլ նաև ստուգում էր հայկական կողմի ռեակցիան: ՀՀ-ի լռությունը կարող է տեղիք տալ Թուրքիային կարծելու, որ հայկական կողմն անողնաշար է և հայ-թուրքական սահմանին հարցում կարող է պայմանավորվածության հասնել Ռուսաստանի հետ: ՌԴ-ի համար գեոպոլիտիկ հարթությունում մի շարք առաջնահերթություններ կան հանուն որոնց Ռուսաստանը այլ ճակատներում գուցե զիջումների գնա:

Ամենևին էլ հայ-ռուսական ռազմական դաշինքի վրա ցեխ շպրտելու կամ հոռետեսական սցենարներ ներկայացնելու նպատակով չեմ խոսում այս թեմայի մասին, այլ մատնանշելու այն հնարավոր զարգացումները, որոնք բացառված չեն, որ իրականություն կդառնան: Քաղաքականության և դաշնակցության մեջ ոչինիչ բացառված չէ, ուստի վստահ կարող ենք լինել միայն սեփական բանակի և սեփական պետության հզորության վրա: Պետության հզորության չափումներից մեկն էլ արտաքին ուժերից և գործոններից կախվածության ցածր մակարդակն է: Իսկ ամենաամուր սահմանն այնն է, որը պաշտպանվում է հայ զինվորի կողմից:

Հ.Գ. Երբ ռուսական ինքնաթիռները խախտեցին Թուրքիայի օդային սահմանը, ՆԱՏՕ-ն արձագանքեց` բարձրաձայնելով, որ խախտվել է նաև ՆԱՏՕ-ի օդային սահմանը, իսկ ՀԱՊԿ-ն հետևում է իր հին սովորությանը և լռում:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում