Թուրքիան քաղաքական պայթյունի նախաշեմին. ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն

Թուրքիան քաղաքական պայթյունի նախաշեմին. ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16 կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ):

5 ամիս առաջ կայացած ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ն ստացել էր ձայների 41 տոկոսը, որի դիմաց Մեջլիսում ուներ 258 մանդատ: «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» ստացել է ընտրողների քվեների 25 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանում 133 մանդատ, «Ազգային շարժում» կուսակցությունը` 17 տոկոսը՝ ստանալով 83 մանդատ: «Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը», որն առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին, կարողացել է հաղթահարել 10 տոկոսի ընտրաշեմը և 70 մանդատով հայտնվել է երկրի խորհրդարանում:

Սակայն Էրդողանին և նրա կուսակցությանը, որը վերջին 13 տարիների ընթացքում միանձնյա գլխավորում էր կառավարությունը, նման արդյունքները գոհացուցիչ չէր: ԱԶԿ-ն, իր ստացած ձայներով, այս պահին զրկված է նաև Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնելու հնարավորությունից: Իսկ այդ նպատակին հասնելու համար Էրդողանին հարկավոր է, որպեսզի ԱԶԿ-ն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հավաքի ձայների ավելի քան երկու երրորդը կամ ստանա 367 մանդատ: Այդ կերպ ԱԶԿ-ն հնարավորություն կունենա առանց այլ կուսակցությունների միջամտության քվեարկության և հաստատման դնել ցանկացած օրինագիծ:

Սա ընտրություններում այն մաքսիմումն էր, որին ձգտում էր ԱԶԿ-ն: Սակայն Էրդողանի կուսակցությունը չհասավ նույնիսկ իր առջև դրված խնդիրներից նվազագույնին: Մեջլիսում նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու համար հարկավոր էր, որ ԱԶԿ-ն ունենա 330 մանդատ: Համաձայն Թուրքիայի Սահմանադրության, եթե խորհրդարանի 3/5-րդն առաջ է քաշում Սահմանադրության նոր օրինագիծ, և որը նույնիսկ չի հաստատվում Մեջլիսի կողմից, ապա այն կարող է ներկայացվել նախագահին:

Հաշվի առնելով ընտրությունների ոչ գոհացուցիչ արդյունքները՝ Էրդողանը փորձեց երկրորդ հնարավորություն ընձեռել իր կուսակցությանը` շտկելու իրավիճակը: Սակայն այս հինգ ամիսների ընթացքում երկիրը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում այնքան ձախողումներ է գրանցել, որ հնարավոր է չկարողանա հասնել նաև ընտրությունների հունիսյան արդյունքներին:

Gezici-ի հարցումները, որոնք ամենաճշգրիտն էին հունիսյան ընտրություններից առաջ, արձանագրել է ԱԶԿ-ի ընտրազանգվածի կրճատում: Ներկա պահին ԱԶԿ-ն Մեջլիսում ուներ 41% ներկայացվածություն, սակայն հարցումները ցույց են տվել, որ նրա աջակիցների թիվը նվազել է` հասնելով 39%-ի: Երկրորդ տեղում է ՀԺԿ-ն, որը բարելավել է դիրքերը ` ունենալով 26,4% ստանալով:

«Ազգային շարժում»-ը գրեթե մեկ տոկոսով ավելի քիչ աջակիցներ ունի. կանխատեսվում է, որ նա ձեռք կբերի 16,2%, իսկ պրոքրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացությունը` 14,1%.:

Եթե այս արդյունքներն իրականություն դառնան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա սա վատագույն սցենարն է Էրդողանի համար: Նշանակելով նոր խորհրդարանական ընտրություններ` ԱԶԿ-ն ձգտում էր խորհրդարանական հարթակից դուրս մղել քրդական կուսակցությանը, ձեռք բերել բավարար տեղ խորհրդարանում և հաստատել ԱԶԿ-ի միակուսակցական կառավարությունը:

Հունիսից մինչ այժ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքում մի շարք ձախողումներ են տեղի ունեցել, որոնք անշուշտ չէին կարող հանգեցնել աջակիցների ավելացման:

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո թուրքական լիրան դոլարի և եվրոյի նկատմամբ իջել է ռեկորդային մինիմումի, արտասահմանյան ներդրումները կրճատվել են, ներքին շուկայում լճացում է: Ինֆլյացիայի մակարդակը կանխատեսվածից բարձր եղավ` սեպտեմբերին հասնելով 8%-ի, քաղաքացիների գնողունակությունը ընկել է, իսկ տնտեսության մեջ աճի միտումներ չկան:

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում նկատվում է քաղաքացիական պատերազմի վերսկսման վտանգ: Թուրք-քրդական զինված ընդհարումները պարբերական բնույթ են սկսել կրել: Եթե թուրքական ընտրությունները կեղծվեն և պրոքրդական ուժերը խորհրդարան չմտնեն, ապա դա քրդերի` սեփական պետության ստեղծելու ազդարարը կլինի և Թուրքիան կկանգնի մեծ պատերազմի առջև:

Այսօր Թուրքիայի ներքաղաքական կյանքում պակաս բացասական դերակատարություն չունի նաև սիրիացի փախստականների գործոնը, որի շարունակական հոսքը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում թուրքական, առանց այն էլ ծանր կացության մեջ գտնվող, տնտեսության համար:

ԱԶԿ-ն չի կարող պարծենալ նաև արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրած հաջողություններով:

Սիրիայի հարցը, որն իսկական պատուհաս է դարձել Թուրքիայի գլխին, չի ընթանում Թուրքիայի նախընտրած սցենարով: Ռուսական օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին, Թուրքիայի համար իսկական ֆիասկո էր, որը հույսը դրել էր «Իսլամական պետության» ձեռքով Ասադին իշխանությունից հեռացնելու վրա: Սրան զուգահեռ փչանում են հարաբերությունները Թուրքիայի հիմնական առևտրական գործընկերներից մեկի` Ռուսաստանի հետ: Դրա ֆոնին թուրքական հոսք գազամուղը չի կենսագործվում, իսկ ռուսական գազի խոստացաված ցածր սակագինն ուժի մեջ չի մտնում:

Թուրքիայի համար պակաս ցավալի չէ նաև Սիրիայի տարածքում բնակվող քրդերի հաջողությունները, որոնք ևս մեկ քայլ առաջ են կատարում անկախ պետություն կերտելու ճանապարհին:

Թուրքական իշխանությունների համար հպարտանալու պատճառ չկա Արևմուտքի հետ հարաբերությունների ոլորտում: Արևմտյան գործընկերները առիթը բաց չեն թողնում քննադատելու Էրդողանի ավտորիտար վարչակարգը, որտեղ ամեն օր խախտվում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, սահամանափակվում է լրատվամիջոցների և սոցիալական կայքերի գործունեությունը:

Խնդիրների այս շղթան կարելի է անվերջ շարունակել, սակայն արդեն իսկ պարզ է, որ Էրդողանին և ԱԶԿ-ին հեշտ ընտրություններ և հետընտրական զարգացումներ չեն սպասվում: Թուրքական հասարակությունը կանգնած է պայթյունի վտանգի առջև և ԱԶԿ-ի քաղաքական կոմպետենտությունից և ճգանաժամերը լուծելու կարողությունից է կախված Թուրքիայի հետագա ճակատագիրը:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում