ԱԶԿ-ի հաղթանակը կրկին պարտություն էր Էրդողանի համար

ԱԶԿ-ի հաղթանակը կրկին պարտություն էր  Էրդողանի համար

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որին մասնակցել է 54 մլն 49 հազար 851 ընտրող: Չնայած ընտրապայքարին մասնակցում էր է 16 կուսակցություն, սակայն, ինչպես հունիսին կայացած ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս 10 տոկոսի շեմը կարողացան հաղթահարել միայն 4-ը: Նախնական արդյունքներով, որոնք հնարավոր է չնչին կերպով փոփոխվեն, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ը չորրորդ անգամ անընդմեջ ստացավ միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք:

Այսպիսով, ԱԶԿ-ն ստացել է ձայների 49,37 տոկոսը, ի տարբերություն հունիսին կայցած ընտրությունների, որտեղ նա ուներ ընտրողների միայն 40,87 տոկոսի վստահությունը: Հիմնական ընդդիմադիր «Ժողվորդա-հանրապետական կուսկացություն»-ը ընդամենը 0,46 տոկոսով է նահանջել հունիսին ստացած 25,41 տոկոսի փոխարեն` գրանցելով 24,95 տոկոսի արդյունք: Իր դիրքերը զգալիորեն զիջել է  «Ազգայնական  շարժում կուսակցությունը», որը նախորդ 16,29 տոկոսի փոխարեն ստացել է 11.94 տոկոս: Իսկ քրդամենտ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» նախորդ 13,2 տոկոսի փոխարեն ստացել է 10.68 տոկոս:

Այժմ տոկոսները վերածենք թվերի և տեսնենք խորհրդարանում, որ կուսակցությունը քանի աթոռ կզբաղեցնի: Հունիսյան ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն Մեջլիսում ուներ 258 մանդատ: «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը` 133, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 83 մանդատ: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը, որն առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին, կարողացել էր 70 մանդատով հայտնվել է երկրի խորհրդարանում: Ներկայումս ԱԶԿ-ն կունենա 315 տեղ, «Ժողվորդա-հանրապետական կուսակցություն»-ը 133, «Ժողվուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը` 61, և ամենից քիչ տեղ կզբաղեցնի «Ազգայնական շարժում կուսկացություն»-ը, որը կունենա ընդամենը 41 պատգամավորական աթոռ:

Այսպիսով, նկատում ենք, որ ամենից շատ մանդատներ կորցրել է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի խորհրդարանական տեղերի քանակը գրեթե կեսով կրճատվել է:  Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԶԿ-ի քարոզարշավում հատուկ շեշտվածություն կար ազգայնական զանգվածին իր կողմը գրավելու վրա, որը կարծես թե  ստացվեց:

Այս ընտրությունների ինտրիգներից մեկն էլ քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարան մտնելն էր: Երկրում նկատվող թուրք-քրդական բախումներն էլ ավելի կսաստկանային, եթե այս կուսակցությունը զրկվեր Մեջլիսում իր տեղերից:

Այսպիսով, ԱԶԿ-ն կատարեց իր առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը` խորհրդարանում ստացավ 276 տեղ, որը հնարավորություն կտա խորհրդարնաում կազմել մեծամասնություն և կոալցիոն կառավարություն չկազմելու իրավունք: Սակայն ԱԶԿ-ն այդպես էլ չկարողացավ հասնել իր գլխավոր նպատակներից մեկին` Մեջլիսում ապահովել 330 տեղ, որն էլ հնարավորություն կտար առանց այլ կուսակցությունների միջամտության Մեջլիսում բարձրացնել սահմանադրական փոփոխությունների հարցը:

Համաձայն Թուրքիայի Սահմանադրության, եթե խորհրդարանի 3/5-րդն առաջ է քաշում Սահմանադրության նոր օրինագիծ, և որը նույնիսկ չի հաստատվում Մեջլիսի կողմից, ապա այն կարող է ներկայացվել նախագահին: Առավել ևս հեռվում մնաց 367 տեղ զբաղեցնելու երազանքը, որով ԱԶԿ-ն հնարավորություն կունենար առանց այլ կուսակցությունների միջամտութայն քվեարկության և հաստատման դնել Սահմանադրության նոր օրինագիծը: Թեև Թուրքիայի նախագահական հանրապետություն դառնալու Էրդողանի ցանկությունը դեռևս հարցականի տակ է, սակայն հունիսյան ընտրություններից հետո սա կարելի է հաղթանակ համարել ԱԶԿ-ի համար:

Այնուամենայնիվ, պետք է փատել նաև, որ ԱԶԿ-ն վերջին չորս խորհրդարանական ընտրությունների հետ համեմատության հավաքել է նվազագույն թվով ձայներ: ԱԶԿ-ն դեռևս 2002թ-ին շռնդալից հաղթանակով տոնեց իր մուտքը Մեջլիսում`  ձեռք բերելով 363 մանդատ: 2007թ-ի ընտրություններում տեղերի քանակը նվազեց` հասնելով` 341-ի, իսկ 2011թ-ի ընտրությունների ընթացքում ԱԶԿ-ն կարողացավ ձեռք բերել ընդամենը 327 մանդատ: Սա խոսում է այն մասին, որ հասարակության մեջ գնալով նվազում է վստահությունն այս կուսակցության նկատմամբ, և եթե երկրում նկատելի դրական փոփոխություններ չկատարվեն և արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալի հաղթանակներ չարձանագրվեն, հնարավոր է ԱԶԿ-ն հաջորդ խորհրդարանական ընտրություններում չկարողանա հասնել նաև այս արդյունքներին:

Անա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում