Ընդհանուր ներդրումներն աճել են, ԵՏՄ-ին անդամակցումից էլ թռիչքաձև արդյունք սպասելու համար դեռ վաղ է. Կարեն Ճշմարիտյան

Ընդհանուր ներդրումներն աճել են, ԵՏՄ-ին անդամակցումից էլ թռիչքաձև արդյունք սպասելու համար դեռ վաղ է. Կարեն Ճշմարիտյան

Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 4.7 միլիարդ դրամով՝ ընթացիկ տարվա վեց ամսվա տվյալներով: Այս մասին  Times.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

-Վերջերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, թե Հայաստանում կատարվող ուղղակի ներդրումների մակարդակը պատրաստ են մեծացնել, բայց օտարերկրյա ներդրողները պետք է իմանան, թե ինչի է ուզում  Հայաստանը հասնել 10-15 տարուց: Հիմա՝ մենք գիտե՞նք, թե ինչի ենք հասնելու 10-ը տարի հետո: Ի դեպ, ասում են, որ ուղղակի նեդրումներն են նվազել:

-Տեսլական, իհարկե, ունենք, որը նոր իրողությունների պարագայում պիտի նորացվի: Իսկ ուղղակի ներդրումներն ընդհանուր ներդրումների մեջ ընդամենը մի տարր են: Որն է ընդհանուր և ուղղակի նեդրումների տարբերությունը՝ ուղղակի ներդրումները կոնկրետ կանոնադրական կապիտալի մեջ ընդգրկված ներդրումներն են, իսկ ընդհանուրը՝ պորտֆելային, փոխառություններ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետություն կատարված ընդհանուր օտարերկրյա ներդրումներն են: Դրա մեջ մի կոմպոնենտի նվազումը, իհարկե, ազդում է, բայց պիտի ասեմ, որ վեց ամսվա տվյալներով  ընդհանուր ներդրումների աճ ունենք՝ 4.7 միլիարդ դրամով:

-ԵՄ դեսպանը ևս երկու պայման նշեց ուղղակի նեդրումների աճի՝ ՀՀ-ում  օրենսդրաիրավական համակարգը պետք է լինի  կանխատեսելի և թափանցիկ, երրորդ՝ լուրջ ջանքեր պիտի  գործադրվեն  կոռուպցիայի դեմ  պայքարի   ուղղությամբ, քանի որ ըստ նրա,  ոչ մի օտարերկրացի  ներդրում չի անի,  երբ երկրի իմիջը ստվերում են  կոռուպցիայի  դեմ պայքարի ոչ բավարար լինելու  խնդիրները:

-Իհարկե, այստեղ առաջընթաց կա. այն օրենսդրական նախաձեռնությունները, ենթաօրենսդրական ակտերը, որոնք վերահսկում են կոռուպցիայի մոտիվացիաները, ի՞նչ են: Այսինքն՝ շահառուների թիվն են պակասեցնում, հարաբերությունները կրճատում և այլն: Սրանք բոլոր այն տարրերն են, որոնք կրճատում են ռիսկերը: Կոռուպցիան հայտարարելով չի կրճատվում, այլ կոնկրետ գործողություններով, իսկ դրանք ընդգրկված են կառավարության միջոցառումների ծրագրում,  մասնավորապես՝ գործարար միջավայրի  բարելավման:

-ԵՄ-ից տեղափոխվենք ԵՏՄ-ի դաշտ. ռուս տնտեսագետ, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը վերջերս ի պատասխան հարցին, թե  Հայաստանը ԵՏՄ-ին  մոտ մեկ տարվա անդամակցումից ոչինչ  չշահեց,  շեշտեց.

«Հայաստանի համար սահմանված է  էներգակիրների հնարավոր ամենացածր գինը, բացի դրանից, երկիրը ստացել է ոչ միայն ռուսական, այլ նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների տնտեսություններ մուտք գործելու  հնարավորություն: Այսինքն` Հայաստանն ունի զարգացման լայն հնարավորություններ, որոնք արդեն ինքը պետք է կարողանա ռեալիզացնել,  իր փոխարեն դա ոչ մեկ չի անելու»: 

-Չեմ մեկնաբանում ուրիշներին, բայց կարող եմ ասել, որ ինն ամիս լինել մի կազմակերպության մեջ և  արդեն թռիչքաձև բան սպասել, այն էլ, երբ գործընկեր երկրներում  տնտեսական ցուցանիշներն այնքան էլ բարվոք չեն, եզրակացություն անելու  համար շուտ է:  Ինչ  վերաբերում է գործիքներն օգտագործելուն, նշեմ մի շատ կարևոր հանգամանք՝  մեծ երկրների ձգտումը, մասնավորապես՝  Չինաստանի, Հնդկաստանի, որոնք ուզում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, գնալ լուրջ պարզեցումների, սա լուրջ հնարավորություն է ՀՀ-ի համար: Այսինքն՝ օգտագործելով մասշտաբի էֆեկտը, նույնպես օգտվել  այդ հնարավորությունից:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում