Վրաստանը կարող է դառնալ հայ-ադրբեջանական ենթակառուցվածքային մրցակցության նոր հարթակը

Վրաստանը կարող է դառնալ հայ-ադրբեջանական ենթակառուցվածքային մրցակցության նոր հարթակը

Հոկտեմբերի 30-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Դեռ մեկ շաբաթ չէր անցել այս իրադարձությունից, երբ հարևան պետության նախագահ Իլհամ Ալիևը ևս շտապեց համաժամկետ այցով դեպի Վրաստան: Չնայած Ալիևի` հնարավոր այցի մասին խոսում էին դեռևս հոկտեմբեին` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի Ադրբեջան կատարած պաշտոնական ուղևորությունից հետո, սակայն վրացական մամուլը Ալիևի այցի ամսաթիվը պատահական չի համարում: Որոշ հրապարակումներում նույնիսկ նշվում էր, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ  մրցակցել նույիսկ այս ոլորտում:

Մի կողմ թողնելով հրապարախոսական այս դատողություններն` անդրադառնանք Ալիևի կատարած այցի մանրամասներին և թե ինչու այդ այցը հաջորդեց ՀՀ-ի նախագահի` Վրաստանում կատարած հանդիպումներին: Ալիևն ի թիվս Վրաստանի վարչապետի, նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի, Խորհրդարանի խոսնակի, հոգևոր առաջնորդ Իլյա 2-ի, հանդիպեց նաև Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Իլհամ Ալիևը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն շատ է ցանկանում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում Վրաստանի հետ հանդես գալ միասնական դիրքից:

Ադրբեջանի նախագահը շեշտադրումը կատարել է Ադրբեջանի էներգետիկ պաշարների առատության վրա` նշելով, որ Ադրբեջանի հաստատված գազային պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր, որը «նվազագույնը 100 տարի կհերիքի Ադրբեջանի, հարևան և եվրոպական երկրներին»:

Եթե Ալիևի հայտարարությունը դիտարկենք վերջերս վրացական իշխանական շրջանակներում շրջանառվող հայտարարությունների ֆոնին, համաձայն որոնց Վրաստանը պատրաստվում է գազ ձեռք բերել ինչպես Իրանից, այնպես էլ Ռուսաստանից, ապա հասկանալի է դառնում, որ Ալիևի այցի հիմնական նպատակը Վրաստանին համոզելն է, որպեսզի հետ կանգնի նման մտադրությունից:

Չնայած Ադրբեջանն ու Վրաստանը պաշտոնական մակարդակով չեն բարձրաձայնում իրենց միջև առկա խնդիրների մասին և փորձում են պահպանել դաշնակցային հարաբերությունները, սակայն դա ամենևին էլ չի վկայում, որ երկու հարևանների միջև խնդիրներ չկան: Մասնավորապես, մեկ ամիս առաջ Ադրբեջանն այնքան ցավագին ընդունեց վրացական գազային շուկան բազմազանեցնելու վրացական իշխանությունների մտադրությունը, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 10-ին ստիպված էր հապճեպ և չպլանավորված այց կատարել Ադրբեջան: Այցի շրջանակներում հարցը չկարգավորվեց, ուստի Ալիևը, հանդիպման ամիսը դեռ չբոլորած, շտապեց Վրաստան:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի սկզբին Վրաստանի փոխվարչապետ-էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է վերսկսել Ռուսաստանից գազի գնումը: Վերջինս պարզաբանել է, որ ձմեռային շրջանում հնարավոր չէ Ադրբեջանից լրացուցիչ գազի ձեռքբերումը, որն էլ դարձել է կառավարության նման որոշման պատճառը:

Կախա Քալաձեն նշել էր նաև, որ ռուսական գազի գնումը կնպաստի գնային մրցունակության բարձրացմանը: 2017թ-ին վրաց-ադրբեջանական գազային համաձայնագրի ժամկետը լրանում է, և Վրաստանի համար կենսական կարևորություն ունի պահպանել այն արտոնյալ գինը, որն առաջարկում է Ադրբեջանը: Այն 1000 խորանարդ մետրի դիմաց 140 դոլար գնով է գազ վաճառում Վրաստանին, ինչը շուկայականից աննախադեպ ցածր է: Վրացական տնտեսությունն էլ հաշվարկները կատարում է հենց այս սակագնի շրջանակներում, քանի որ ի վիճակի չէ վճարել համաշխարհային շուկայական արժեքով:

Վրաստանը ոչ մեծ ծավալներով գազ ստանում է նաև Ռուսաստանից` ի հաշիվ Հայաստան ներմուծվող գազի տարանցման ուղի տրամադրելուն: Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի մի հատվածը մնաց Վրաստանի կազմում, որն էլ համարվում է Վրաստանի պետական սեփականությունը: Որքան էլ Ռուսաստանը փորձում է գնել այն Վրաստանից, սակայն վրացական տարբեր իշխանությունները զգուշանում են վաճառել պետական ունեցվածքը: 1992թ-ին Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ Վրաստանը ստանա դեպի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, որը տարեկան կազմում է 2.5 միլիոն մետր խորանարդ գազ: Նախատեսվում է այս ծավալների մեծացում:

Մի կողմից Վրաստանը փորձում է ազատվել Ադրբեջանի՝ իր գազային շուկայում ունեցած մոնոպոլ դիրքից ի հաշիվ ռուսական գազի, մյուս կողմից ցանկանում է համագործակցության եզրեր գտնել և գազ ձեռք բերել նաև Իրանից: Այդ կապակցությամբ Կախա Քալաձեն նոյեմբերի 5-ին ԱՊԱ-ի վրացական բյուրոյին տեղեկացրել է, որ Վրաստանը ապագայում հնարավոր է գազ գնի նաև Իրանից: «Մենք կսպասենք: Ձեզ հայտնի էին Իրանի հետ մեր նախկին հարաբերությունները: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է, և մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Վրաստանն ապագայում հնարավոր է գազ գնի Իրանից միայն Ադրբեջանի և Հայաստանի տարածով: Մենք այլ ելք չունենք: Սա երկարաժամկետ ծրագիր է, և կքննարկենք այն»:

Չնայած Ադրբեջանին ամենևին էլ դուր չի գալիս Վրաստանի այս նպատակները, սակայն եթե Քալաձեի մտքերն իրականության դառնան, ապա Ադրբեջանը կփորձի այնպես անել, որ տարանցման ուղին իր տարածքով անցնի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրաձայնվել են նաև այս հարցերը և պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային հարցեր:

Իրանը ներկայումս ձգտում է իր համար գազային նոր շուկաներ գտնել Հյուսիսում, մասնավորապես` Սև ծովի ավազանում, իսկ այդ ծրագրերն իրականացնելու համար, որպես տրանզիտ երկրներ կարող են ծառայել, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը:Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի թեթև ձեռքով զրկված է տարածաշրջանային մեծամասշտաբ բոլոր ծրագրերից, կարող է մեծ կարևորություն ստանալ և դառնալ Հյուսիսը Հարավին կապող կարևորագույն օղակներից մեկը:

Կարծում ենք, Վրաստանը ևս շահագրգռված կլինի, որպեսզի այլընտրանքային այս ուղին անցնի Հայաստանով, որը բխում է հենց իր իսկ էներգետիկ անվտանգության դրույթներից: Էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ տարրերից է էներգետիկ աղբյուրների և ուղիների բազմազանեցումը: Եթե Վրաստանը փորձում է աղբյուրները դիվերսիֆիկացնել Իրանի և Ռուսաստանի հաշվին, ապա տրամաբանական է, որ չի ցանկանա բազմազանեցված այդ աղբյուրի համար տարանցման ուղի դառնա Ադրբեջանը: Այդ պարագայում Ադրբեջանը կզրկվի էներգետիկ աղբյուր լինելու իր մոնոպոլ դիրքից, սակայն չի զիջի էներգետիկ ուղի լինելու մենաշնորհը:

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն իսկապես ձեռքից բաց չթողնի այս հնարավորությունը, և առերեսվելով նույիսկ արտաքին խոչընդոտներին, ամեն ինչ անի որ տարածաշրջանային հերթական կարևոր նախագիծը չշրջանցի մեր երկիրը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում