AM | RU
USD
EUR
RUB

«Եթե մենք տեր ենք էս հողին, պիտի ամեն ինչին տեր կանգնենք». Քարվաճառի առաջին քաղաքապետ

 

«1998 թվականին, փետրվար ամսին, կառավարությունը որոշեց վերաբնակեցնել Քարվաճառ քաղաքը: Այդ ժամանակ ստեղծվեց ԼՂՀ Կառառավորության լիազոր ներկայացուցչություն Քարվաճառում, լիազոր ներկայացուցիչն էր իրանահայ Սերժ Ամիրխանյանը, ով արդեն մի քանի տարի ապրում էր Արցախում: Այդ տարվա ամռանը ես մոտեցա նրան ու հարցրի' արդյո՞ք աշխատանք կա Քարվաճառում, ես էլ գնամ աշխատեմ»: Այսպես 1999 թվ.-ին Քարվաճառ է տեղափոխվել քաղաքի հիմնադիր քաղաքապետ, առաջին քաղաքացիական բնակիչ Ժորա Գրիգորյանը:

Լիազոր ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթե ցանկանում է աշխատանքի անցնել, ապա պետք է ապրի Քարվաճառում: Այդ ժամանակ պետության կողմից երկու հաստիք է հատկացված եղել. շինարարի եւ հողաշինարարի: Առաջին հաստիքն արդեն զբաղված է եղել, մնացել է երկրորդը:
«Երբ առաջին անգամ եկա Քարվաճառ, այստեղ գրեթե ոչ մի բան չկար. միայն զորամաս կար ու թեթեւակի շինարարություն: Լույս չկար, ջուր չկար: Շինարարները մի ծածկ էին գտել, այդտեղ էին ապրում»: Այցելությունից հետո Ս. Ամիրխանյանը հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ն էր տպավորությունը: «Ասացի` շատ լավ: Զարմացավ. ի՞նչն էր լավ: Դե, առաջինը բնությունը, ասացի ես: Գնացինք, հրամանը տվեցին»:

Քարվաճառ տեղափոխվելուց հետո տեղավորվել է շինարարների մոտ: «Բայց այնտեղ շատ նեղվածք էր:Ես մի տասնհինգ օր մեքենայի մեջ քնապարկում էի քնում», պատմում է պարոն Գրիգորյանը: Այնուհետ վարչակազմի նախկին շենքը (այդ շենքում այժմ էլեկտրոցանցն է) հարմարեցվում է աշխատելու եւ ապրելու համար: 1999-ին տարածք է տեղափոխում նաեւ ընտանիքը:

Սկզբնական շրջանում շատ մեծ խնդիր է եղել ջրի ու էլեկտրականության բացակայությունը: «Շատ ահավոր էր, որ ջուրը շինարարների համար տեղափոխում էինք զորամասից, զորամասում էլ ջուր չկար, իրենք էլ էին տեղափոխում, խնդրում էինք, որ մի անգամ էլ մեզ համար ջուր բերեն: Այդ ժամանակ հրամանատարը օգնում էր մեզ, ինքն էլ էր շահագրգռված տների շինարարության համար, քանի որ հույս կար, որ մի քանի տուն էլ զորամասի աշխատողները կստանան»: Այդ տարվա մեջ, չնայած ծանր պայմաններին, Քարվաճառում կառուցվում է քսաներեք տուն: Բայց քանի որ արդեն ձմեռ էր, վերաբնակեցման հարցը, միեւնույնն է, մնում էր չափազանց դժվար լուծելի: Առաջին վերաբնակիչները մի քանի գաղթականներ էին Շամխորից, Գետաշենից:

Չնայած լույս չի եղել, ջուր չի եղել, բայց քաղաքապետը ոգեւորում էր բոլորին ու հույս տալիս, թե լույս էլ կլինի, ջուր էլ կլինի:

«Այդ ժամանակ մի ծրագիր կար, որը ես ավելի ճոխացրած էի պատմում նրանց: Գիտեի, որ պիտի ջրատար մեքենաներ բերվեն, լույսի համար գեներատոր դրվի, եւ ես նոր եկողներին ասում էի, որ լույս կլինի, ջուր կլինի, չնայած ես գիտեի, որ լույս տալու ենք լավագույն դեպքում երեկոյան ժամերին: Բայց դե ճար չունեի, մարդիկ պիտի գային, որ տարածքը շնչեր»:

Սկզբնական շրջանում եկել են հիմնականում Սեւանի ավազանի գյուղերից:

«Այդ ժամանակ հիմնականում գալիս էին մարդիկ, ովքեր սոցիալական խնդիրներ ունեին: Չնայած Սեւանի ավազանն այդքան էլ խիտ բնակեցված չէ, եւ ես կցանկանայի, որ վերաբնակիչներ գային ավելի խիտ բնակեցված տարածներից, ասենք, Աբովյանից կամ Երեւանից, բայց այդ ժամանակ ուղղակի անհրաժեշտ էր սկսել, որպեսզի այս հողի վրա մարդ ապրեր: Այդ պատճառով էլ ողջունում էինք թեկուզ Ճամբարակից եկածներին, չնայած որ Ճամբարակն էլ է սահմանամերձ գոտի»:

Հենց 1999 թվ.-ի ընթացքում քաղաքն ստացել է խոստացված ջրատար մեքենան, եւ դա գործը բավականին հեշտացրեց: Ջուրն առատորեն բաժանվում էր բնակչությանը: Ջրի հարցը կամաց-կամաց կարգավորվեց: Նույն ժամանակահատվածում սկսվեց նաեւ լույսի ներքին ցանցը կառուցվել: Դրվեց դիզել գեներատորը, եւ երեկոյան, մութն ընկնելիս լույսը միացվում էր: Վառելիքը բավականացնում էր միայն երեկոներն էլեկտրականությունը միացնելուն: Այնուհետեւ կառուցվում է ջրագիծը' օգտագործելով եղած հին ջրագծերը: 1999-ին ջուրը քաղաք մտավ: Ջրի առկայությունն ավելի է ոգեւորում ժողովրդին: Եւ նույն թվականին մարդկանց հոսքը դեպի Քարվաճառ աշխուժանում է:

Մարդիկ էին գալիս արդեն Գյուրմիից, անգամ` Երեւանից: Այդ ժամանակ արդեն մարդկանց համար ամենադժվար խնդիրը աշխատատեղ ստեղծելն էր: Որոշ երիտասարդներ գնդում էին ծառայում:

Քաղաքի ղեկավարությունը գիտեր, որ որոշ հիմնարկներ պիտի աշխատեին, օրինակ, էլեկտրոցանցը, հիվանդանոցը, դպրոցը: Մանկավարժների կարիք կար:

«Չնայած 1999-ին դեռ դպրոց չկար, բայց մենք չթողեցինք, որ վերաբնակվող ընտանիքի երեխան տարին կորցնի: Այդ ժամանակ տարածքում մասնագետ չկար: Ես վերցրի պատմություն, հայոց լեզու առարկաները, իսկ բնագիտական առարկաները վերցրեց մի տնտեսագետ տղա, եւ երկուսով տեղի ընտանիքների մի քանի երեխաներին ծանոթացրինք իրենց դասարանների գիտելիքների հետ: Գիտեինք, որ հաջորդ տարի դպրոց է գործելու: Հունվարից հետո եկածները, որ մի կիսամյակը սովորել էին նախկին բնակավայրում, տարի չկորցրին: Չնայած մենք չէինք կարող մասնագիտական այն գիտելիքները հաղորդել, ինչ որ պետք էր, բայց ամեն դեպքում հնարավոր եղավ ինչ-որ չափով դասեր անցկացնել եւ նրանց տեղափոխել հաջորդ դասարան: 99-ի ընթացքում դպրոցի շենքը կառուցվեց, որն այժմյան հիվանդանոցն է», պատմում է պարոն Գրիգորյանը:

Հենց նույն տարում ԼՂՀ Կառավարությունը որոշում է տարածքին տալ շրջանի կարգավիճակ եւ անվանել այն Նոր Շահումյան: Տեղի ղեկավարությունը դեմ է լինում ընտրված «Նոր Շահումյան» անվանմանը:

«Ես այդ ժամանակ պատրաստեցի մի նամակ` ուղղված ԼՂՀ Նախագահին եւ ԼՂՀ վարչապետին` փորձելով կանխել այդ սխալը: Նամակում ես գրել էի, որ մենք ունեցել ենք պատմական Քարվաճառի շրջան, որը միջնադարից կրթական կենտրոն է եղել: Նաեւ շրջանն անվանելով' Նոր Շահումյան, մենք գերեզմանաքար էինք դնում Շահումյանի շրջանի վրա: Ես նամակի մեջ մի քանի տարի էի խնդրել` պատճառաբանելով, որ եթե տարածքն անվանվի Նոր Շահումյան, այլ տարածքից եկող մարդն իրեն այստեղ բարդույթավորված կզգա, կողմնակի մարդ կզգա, քանի որ շահումյանցին պիտի լինի հիմնական բնակիչը: Ես խնդրել էի գոնե հետաձգել անվան նշանակումը նոր եկող մարդկանց համար, բայց իրականում հույս ունեի, որ իրենք էլ կհասկանան, որ որոշումը սխալ է: Սակայն ինչ-ինչ պատճառներով նամակը տեղ չէր հասել: 2000 թվ.-ին հրավիրվեցինք վարչապետի մոտ, այն ժամանակ Անուշավան Դանիելյանն էր, եւ երբ քննարկվեց անվան հարցը, Ամիրխանյանն ասաց' պարոն վարչապետ, դուք նամակ չե՞ք ստացել: Նա զարմացավ ու ասաց, որ ոչ մի նամակ չի ստացել: Եւ ամեն ինչ արդեն որոշված էր»:

Ինչեւէ, շրջանն արդեն ստեղծված էր, անվանումը, թեկուզ ոչ ճիշտ, բայց արդեն ընտրված: Ընտանիքներ էին տեղափոխվել այստեղ ապրելու, կյանքն ազատագրված հողում կամաց հունի մեջ էր մտնում, եւ շատ աշխատանք կար անելու:

«Սկսեցինք փոքր-ինչ բարեկարգել գլխավոր փողոցը, որ երեխաները դպրոց գնային մի քիչ մաքուր փողոցով, ոչ թե ավերակների միջով: Բնակիչները վարձատրվում էին իրենց փողոցները մաքրելու համար: Միգուցե պետության տրամադրած գումարը կարելի էր այլ բաների համար օգտագործել, բայց մենք որոշեցինք, որ այդպես ժողովրդի մեջ հավատ կառաջանա դեպի կյանքը, դեպի վերաբնակեցումը, կհասկանան, որ իրենք կարողանում են նաեւ փող աշխատել: Տեխնիկա բերվեց, մարդիկ աշխատեցին, եւ կենտրոնական փողոցը մի քիչ տեքսի եկավ, մաքրվեց»:

Վերաբնակեցման առաջին տարիներին Քարվաճառին մեծ օգնություն է ցուցաբերել ամերիկահայ բարերարի` Նազարեթ Բերբերյանը: Նա շատ հաճախ բեռնատարներով հումանիտար օգնություն էր ուղարկում Քարվաճառ, եւ բնակիչների համար դա իսկապես կարեւոր աջակցություն էր:
«Նազարեթը մի օր առաջարկեց, որ ցանկանում է իր գորգագործական գործարանի մասնաճյուղը բացել Քարվաճառում: Նա ԱՄՆ-ում դրանով էր զբաղվում: Մի շենք ընտրեցինք, նա բերեց անհրաժեշտ տեխնիկան: 2000 թվ.-ից գործարանն սկսեց աշխատել, 17 կին էին աշխատում աշակերտի կարգավիճակով: Նրանք արտադրանք չէին տալիս, բայց սովորում էին եւ դրա համար վարձատրվում էին: Սակայն այս ամենը տեւեց ընդամենը մի քանի ամիս. գործարանը փակվեց: Քանի որ ես փաստեր չունեմ, թե ինչու փակվեց գորգագործականը, ես ոչինչ ասել չեմ կարող: Մի օր էլի բեռնատարներ եկան, մարդիկ էլի ուրախացան, որ օգնություն է եկել, սակայն այս անգամ բեռնատարները դատարկ էին, եկել էին տանելու դազգահները»:

Վերաբնակեցման սկզբնական շրջանում տարեկան մոտավորապես 15-20 տուն էր կառուցվում, եւ սա խթան էր, որպեսզի մարդիկ տեղափոխվեն այստեղ ապրելու: Ինչպես հիշում է նախկին քաղաքապետը, առաջին տարիներին մարդիկ տարածքին նայում էին որպես մի վայրի, որտեղ իրենց բախտն էին փորձում, կամ կստացվեր, կամ' հետ կվերադառնային: Որոշ ընտանիքներ չկարողացան դիմանալ, եւ դա էլ բնական էր:

«Տարիների ընթացքում լուծվում էր աշխատատեղերի խնդիրը: Դպրոցը գործում էր, հիվանդանոցը կար, վարչակազմ, քաղաքապետարան կար, մարդիկ աշխատում էին: Քարվաճառում դպրոցն ավարտածները համալսարան ավարտեցին, վերադարձան Քարվաճառ, սկսեցին այստեղ աշխատել: Քաղաքի լուսավորության հարցը լուծվեց: Աստիճանաբար կապ հաստատվեց Վարդենիսի հետ, Ստեփանակերտի հետ, երթուղային կար նաեւ դեպի Երեւան»:

Տեղում ծնված կամ փոքր տարիքում այստեղ տեղափոխված երեխաները մեծացան ու այստեղ քարվաճառցիներ ծնվեցին, մարդիկ հողում ամրացան, այս տարածքը կրկին հայի ծննդավայր է, մարդիկ այստեղ մանկություն ու պատանեկություն են ապրել…

«Ես չէի ցանկանա, որ երեխան մեծանա եւ տուն չունենալու պատճառով հանկարծ թողնի, հեռանա Քարվաճառից: Դա շատ ցավալի կլինի, բայց եթե երիտասարդը տեղ չունենա ապրելու, հնարավոր է, որ նաեւ հեռանա: Թեկուզ մեկ նորաստեղծ ընտանիքի դուրս գալը տարածքից շատ մեծ կորուստ է: Էլ չեմ ասում, որ կան ցանկացողներ, նրանք էլ պիտի տներով ապահովվեն: Չնայած ես դեռեւս չեմ ընկալում, թե ինչու է բնակարաշինությունն այժմ դադարեցված, սակայն գոնե մինիմալ քանակությամբ բնակարաշինություն պիտի իրականացվի: Եթե մենք տեր ենք էս հողին, պիտի ամեն ինչին տեր կանգնենք:
Մեր վերահսկողության տակ շատ կարեւոր տարածք է: Քարվաճառն անգնահատելի բնական հարստություններ ունի թե´ գյուղատնտեսության զարգացման համար, թե´ կարելի է բնապահպանական նորմերը պահպանելով օգտագործել ընդերքը: Քարվաճառը կարող է նաեւ զբոսաշրջության հիանալի կենտրոն դառնալ. այստեղ բազմաթիվ հուշարձաններ կան, հիանալի բնություն, զբոսաշրջիկների համար լավագույնս հանգստանալու պայմանների նախադրյալներ կան:

Կարծում եմ, որ լավատեսությունը միշտ պիտի պահպանել, ու հիշենք, որ այս տարածքի նման տարածք աշխարհում չկա», լավատեսորեն ամփոփեց Քարվաճառի հիմնադիր քաղաքապետը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
«Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ) Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ Իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է, և գնալով այդ վիճակը խորանալու է․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan