Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը էական փոփոխությունների չի հանգեցնի

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը էական փոփոխությունների չի հանգեցնի

Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելը շատ կարեւոր քայլ կլինի, որը հերթական անգամ կապացուցի, որ Հայաստանը երկխոսության կողմնակից է եւ ցանկացած ջանք գործադրում է խաղաղ բանակցությունների համար ի տարբերություն Ադրբեջանի, որն օգտագործում է իր բանակն ու հարցի կարգավորման առնչությամբ ռազմական դիրքորոշումներ ունի:

Այս տեսակետը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը շեշտում է սակայն, որ գործնականում շատ քիչ բան կարելի է ակնկալել այդ հանդիպումից:

«Մենք կարող ենք հուսալ, բայց ոչ ակնկալել: Մենք կարող ենք հույս ունենալ, որ սա հնարավորություն է լարվածությունը նվազեցնելու համար, եւ փորձել բանակցություններ վարել դիվանագիտական լեզվով»,- ասաց Կիրակոսյանը:

Նա շեշտում է, թե անհնար է ակնկալել, որ նման հանդիպումները կարող են կողմերին ավելի մոտեցնել համաձայնագիր ստորագրելուն: «Ինչ էլ տեղի ունենա այդ հանդիպման ժամանակ, որքան էլ հանդիպումը լինի արդյունավետ եւ հաջողված, ակնհայտ է, որ հակամարտության երեք կողմերն էլ` Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ազատ են առաջարկելու իրենց տեսակետերը: Ադրբեջանը այս առումով մաքսիմալիստական տեսակետների կրող է եւ շատ բան է պահանջում: Հետեւաբար, մենք չենք կարող ակնկալել որեւէ էական իրական գործընթաց»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ ներկա դրությամբ իրավիճակը վտանգավոր է այն առումով, որ հրադադարի ռեժիմի խախտումների ու կրակոցների հետեւանքով մարդիկ են մահանում: «Սա լարվածության շատ վտանգավոր մակարդակ է, եւ հենց այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի դիվանագիտությունը շարունակվի, եւ հարցի կարգավորումն ընթանա բանակցությունների միջոցով»,- ասաց Կիրակոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում