Քարվաճառի գրադարանում հայ դասականների ու գրապահարանների կարիք կա (լուսանկարներ)

Երեւանում շատ եմ մասնակցել տարբեր գրքահավաքների հատկապես սահմանամերձ գոտիների դպրոցների համար: Երբ քո գրադարանից մի քանի գիրք ես ուղարկում մի որեւէ գյուղի քաղաքային գրադարանի կամ էլ դպրոցի համար, չես էլ իմանում, թե գիրքդ ուր հասավ, ով է այն կարդում եւ ինչպես են նրան վերաբերվում: Մի քանի անգամ մասնակցել եմ նաեւ Արցախի Քարվաճառ քաղաքի գրադարանի համար կազմակերպված գրքահավաքին եւ երեկ հնարավորություն ունեցա անձամբ այցելելու գրադարան:
Ինչպես տեղեկացրեց գրադարանավարուհի տիկին Սոնան, գրադարանը գործում է 2005-ից, սակայն գրքերի գրանցումն իրականացվել է 2009-ից: «Մինչ այդ գրքերն ուղղակի գետնին փռված էին», պատմում է նա: Գրադարանը ստեղծվել է նվիրատվության հիման վրա: «ՄԻ մարդ իր ամբողջ գրադարանը նվիրեց քաղաքին: Հետագայում համալրումները եւս լինում են նվիրատվությունների շնորհիվ: Նախարարությունը շատ քիչ գրքեր է տալիս», նշեց նա: Գրադարանը հիմնականում հայ դասականների կարիք ունի: «Էն հեղինակները, որ դպրոցում անցնում են, էրեխեքին շատ են պետք: Գիրք կա, որ մի հատ ա, չի բավականացնում:
Որոշ հեղինակներ էլ առհասարակ չունենք», ավելացրեց տիկին Սոնան: Բավականին շատ է ռուսալեզու գրականությունը, որից հիմնականում օգտվում է ավագ սերունդը: Գրադարանն ունի 135 ընթերցող, որոնց մեծ մասը դպրոցականներն են: «Էրեխեքը պարտաճանաչ տանում են, կարդում են, բերում են», հավաստիացնում է գրադարանավարուհին: Ի դեպ նշենք, որ ընթերցողին գիրք տալիս վերադարձի կոնկրետ ամսաթիվ չի գրվում. «Երբ ուզում ես բեր, բայց դե իհարկե, ոչ մի տարի հետո»:
Չնայած գրադարանավարուհին փորձում է դասավորել գրքերն ըստ այբբենական կարգի, ըստ լեզուների, սակայն, միեւնույնն է, պահանջված գիրք գտնելը բարդ է: Նախ, քանի որ գրադարանում համակարգիչ չկա, եւ եղած գրքերի ցանկը կազմվում է ձեռքով, ու գիրք գտնելու համար պետք է կարդալ ցանկը: Եւ հետո, գրադարանը գրապահարանների կարիք ունի, քանի որ գրքերի մի մասն աթոռների վրա է, մի մասն` ուղղակի իրար վրա շարված:
Թամարա Գրիգորյան