Եվրամիության նահանջը երգով

Եվրամիության նահանջը երգով

Եվրոպական միությունն օրերս ընդունել է «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերանայման մասին փաստաթուղթ: Այդ քաղաքականությունը ներառում է ԵՄ-ի բոլոր արևելյան և հարավային հարևաններին: Ընդհանուր 16 երկիր, որոնց շարքում է նաև Հայաստանը: Եվրամիությունն իր այդ քաղաքականությունը մեկնարկել է 2004թ.-ին: Ծրագրի նպատակն էր հռչակվել ամրապնդել Եվրամիության և հարևան պետությունների կայունությունը, անվտանգությունը և բարեկեցությունը:

Սակայն ԵՄ-ի այդ քաղաքականությունը բացարձակապես չի հասել իր նպատակին: «Արևելյան գործընկերության» երկրներում (Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս) և Մերձավոր Արևելքում ոչ ավելի կայուն է, ոչ ավելի անվտանգ և ոչ էլ ավելի բարեկեցիկ: Եվրոպական ինտեգրացիայի այդ քաղաքականության անուղղակի հետևանքները երկների համար շատ թանկ են արժեցել: Խոսքը նախ և առաջ ուկրաինական ճգնաժամի մասին է:

Չնայած Ռուսաստանի հետ ունեցած հակասություններին և մերձավորարևելյան ճգնաժամին` Եվրամիությունը հաջողեց Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրերը, որոնք ենթադրում են համեմատաբար խոր քաղաքական և տնտեսական ինտեգրացիա: Ավելին չկարողանալով` Բրյուսելում, ըստ էության, որոշել են դադար վերցնել և հենց աշնանը հաշվել ճտերին:

Եվրամիությունում ընդունված այդ փաստաթղթում հարևանների հետ քաղաքականությունը ենթարկվում է բովանդակային վերանայման: Առանցքային տերմինը, որ կիրառվում է այդ փաստաթղթում, կայունություն հաստատելն է: Բացի դրանից` առաջին անգամ Եվրամիության քաղաքական օրակարգում ներառվել է անվտանգության խնդիրը, որը, ոչ թե ռազմական անվտանգությանն է վերաբերում, այլ ահաբեկչությունների դեմ պայքարին, անօրինական միգրացիային: Հայտնի է, որ ոչ միայն սրվել են առկա հակամարտությունները Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, այլև առաջացել են նորերը հենց Եվրամիության անմիջական սահմանին:

Սիրիական հակամարտությունը հանգեցրել է անօրինական միգրացիայի հսկայական ալիքի, որն էլ ուղեկցվում է ահաբեկչություններով հենց Եվրոպայի սրտում: Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունը դրա վկայությունն է: Այսինքն` Եվրամիության հարևանությամբ ստեղծվել է ոչ թե կայունության, այլ ճիշտ հակառակը` անկայունության գոտի, որը ներթափանցում է նաև Եվրոպա: Դա, անշուշտ, հետևանք է նաև եվրոպական քաղաքականության, այլապես այն վերանայելու անհրաժեշտություն չէր լինի:

Այդ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու գործընկեր երկրների հանդեպ: Բացի Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից` որևէ խոսք չկա Արևելյան գործընկերության մյուս երկրների մասին` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Բելառուսի: Այլ կերպ ասած` Եվրամիությունում արդեն բաժանել են պետություներին որոշակի խմբերի, որոնցից առանձնացրել են Ուկրաինային, Վրաստանին և Բելառուսին: Մնացածի հետ ԵՄ-ն մտադիր է զարգացնել գործընկերությունը սոսկ այնքանով, որքանով պետությունները կցանկանան:

Իհարկե, Եվրամիությունը մտադիր է շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտներում, սակայն այլևս խոսք չկա քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի մասին: Գլխավորը` Եվրամիության կայունությունն ու անվտանգությունն ապահովելն է դառնում: Իսկ դրանից կարելի է ենթադրել, որ Բրյուսելը խստացնելու է իր քաղաքականությունը` հատկապես միգրացիայի ոլորտում: Եվ այս համատեքստում վիզաների դյուրացման կամ ազատականացման մասին խոսակցությունները դառնում են զուտ տեսական, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Եվրոպան համադրելու անօրինական միգրացիայի դեմ պայքարը վիզաների ազատականացման հետ:

Այս առումով պատահական չէ, որ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հնարավոր ազդեցությանը Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման գործընթացի վրա, հայտարարել է, որ հայերը, որոնք ճամփորդում են Եվրոպայում, պետք է պատրաստ լինեն, որ խստացվելու են բոլոր տեսակի հսկողությունները, ԵՄ ներքին սահմանների վրա ևս հսկողություն կա: Հանրային վայրերում, հանրային միջոցառումների ժամանակ ստուգումներ են լինելու: Նա հավելել է, որ Եվրոպան իր կենսակերպը, ապրելակերպը չի փոխելու, չի սահմանափակելու ազատությունները, սակայն ինքնին հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Եվրոպան իրականում դառնալու է ավելի փակ ու ավելի անհասանելի:

Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին փաստաթղթից կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը սահմանափակվում է ձեռք բերածով, այն է` Ուկրաինայով, Վրաստանով և Մոլդովայով, իսկ մյուս պետությունների հետ կառուցելու է նոր հարաբերություններ` հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը: Կոնկրետ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, հետևաբար Հայաստանի հետ համագործակցության առանձին ձևաչափ է մշակվելու: Դրա մասին արդեն բարձր մակարդակով հայտարարվել է, և ընթանում են բանակցություններ:

Քաղաքական բաղադրիչն, ըստ էության, կգերակայի, սակայն տնտեսական կողմը լիովին արդեն վերաբերում է ԵՄ-ԵՏՄ երկկողմ համագործակցության ոլորտին: Մինչդեռ Եվրամիությունում այդ մասին դեռ չեն խոսում, ավելի ճիշտ` խուսափում են խոսելուց: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Եվրամիությանը բանակցություններ սկսել երկու ինտեգրացիոն միությունների միջև Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Սա հնարավորություն կտա վերացնել ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրած և չստորագրած երկրների միջև բաժանարար գծերը: Բրյուսելում, սակայն, չեն արձագանքում այդ առաջարկությանը: Այս իմաստով անհասկանալի է, թե ինչպես են ԵՏՄ անդամ պետությունները տնտեսապես գործակցելու Եվրամիության հետ:

Հայաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ ամեն բան կախված կլինի այն հանգամանքից, թե ԵՏՄ անդամ երկրները որքանով են պատրաստ հարաբերություններ կառուցել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, որոնք ստորագրել են ասոցացման համաձայնագիրը: «Եթե նրանց ընտրությանը հարգանքով վերաբերվեն, ապա կա հարաբերություններում առաջընթացի հույս: Իսկ եթե այդ հանգամանքն ընկալվի ագրեսիվ կերպով, ապա բարդություններ կառաջանան հետագա համագործակցության կառուցման գործում», -նշել է դեսպանը: Այլ կերպ ասած` Եվրամիությունը ԵՏՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը ուղղակիորեն կապում է ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի կողմից համապատասխան զիջումների հետ:

Սա, իհարկե, բարդացնում է խնդիրը, սակայն ամենևին չի նշանակում, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չեն կարող զարգանալ երկկողմ ձևաչափով: Թե ինչպես դա կորոշվի, հայտնի կդառնա Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ավարտից հետո: Այսպիսով` Եվրամիությունում, վերանայելով իրենց քաղաքականությունը, փաստացի նահանջում են նախկին հավակնոտ ծրագրերից, ըստ էության արձանագրում, որ Եվրամիությունը բավարարվում է ձեռք բերածով, այլևս չի ընդարձակվում, այլ անցնում է ձեռք բերածը պաշտպանելու մարտավարությանը, քանի որ խաղը ավելի վտանգավոր էր դառնում:

Միևնույն ժամանակ հուսադրող է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի այն մոտեցումից, թե կենտրոնում ԵՄ-ն է, իսկ շուրջը հարևանները: «Այդ մոտեցումը պետք է փոխել և ընդունել գործընկերության նոր մոտեցում, որի դեպքում բոլոր գործընկերները հավասար են, դիմակայում են ընդհանուր մարտահրավերներին և երբեմն կարող են օգտվել ընդհանուր հնարավորություններից»: Ընդ որում` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու առումով նա կարևորել է մասնավորապես Ռուսաստանի հետ համագործակցությունը: Մնում է հուսալ, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը կկարողանան ընդհանուր եզրեր գտնել և դուրս գալ այն ճգնաժամից, որում հայտնվել են:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում