Ռուս-թուրքական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել

Ռուս-թուրքական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել

Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին սրընթաց զարգացում էին ապրում, որը կասեցվեց Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցով: Եթե մինչ այդ կողմերը փորձում էին շրջանցել իրենց համար անցանկալի թեմաները և կենտրոնանում էին միայն հարաբերությունների խորացման վրա, ապա այդ իրադարձությունը հրապարակային մակարդակում հարաբերություններում խնդիրների վերհանման ազդարարը դարձավ:

Ներկա պահին ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգում դրված է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Սիրիան այն հարթակն է, որտեղ տարածաշրջանային հսկաների շահերն իսկապես բախվում են, և նրանք այլևս զերծ չեն մնում այդ մասին խոսելուց: Օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատեց ՌԴ կողմից օդային հարվածներ հասցնելը, որը իբրև կատարվել է Սիրիայի թյուրքական բնակավայրի ուղղությամբ, և կոչ է արել ՌԴ-ին կենտրոնանալ «Իսլամական Պետության» դեմ պայքարին:

«Թյուրքական գյուղերի վրա հարձակումներին մասնակցում են նաև ռուսական ինքնաթիռները: Այս ամենի հետ կապված, ես հանձնարարություն եմ տվել արտաքին գործերի նախարարին՝ կանչել ռուսական դեսպանին, տեղեկացնել նրան այդ մասին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Եթե Թուրքիայի սահմանին քաղաքացիական անձանց նկատմամբ օգտագործվում է կասետային ռումբեր և մասայական սպանություններ է տեղի ունենում, որի հետևանքով փախստականների նոր հոսք կլինի դեպի Թուրքիա, ապա՝ պատասխանը կտան նրանք, ովքեր նպաստել են այդ ամենին»,- նշել է Դավութօղլուն:

Դավութօղլուն բաց տեքստով հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խուսափելու ռուսների հետ բախումներից:  Խոսքը թուրքմենների մասին էր, որոնք նույն օղուզ-թուրքերն են, որոնք մինչևս վերջ չեն ձուլվել և դարձել թուրքեր: Նրանք հիմնականում ապրում են Սիրիայում և Իրաքում և գտնվում են Թուրքիայի  անվտանգության հովանոցի  ներքո: Նրանց կառավարման քաղաքական կենտրոնը համարվում է Թուրքիան, որի որոշումներն անբեկանելիորեն կատարվում են: Թուրքիան էլ, որպես թյուրքական աշխարհի առաջնորդ երկիր, աշխարհին ներկայանում է, որպես թուրքմենների շահերի պաշտպան: Թուրքմենները դարձել են Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցանկալի քաղաքականություն իրականացնելու գործիք: Սիրիայում կատարվող իրադարձությունների ժամանակ թուրքմենները շարժվում են Թուրքիայի թելադրանքով: Նրանց չի կարելի է համարել ոչ «Իսլամական պետության» և ոչ էլ «Զեբաթ ան Նուսրայի» համակիր: Նրանք Թուրքիայի ուղղորդմամբ կռվում են նախագահ Ասադի իշխանության դեմ և ունեն բավականին մեծ ռազմական խումբ, որ կոչվում է «Սուլթան Մուրադի զորամաս»:Թուրքմենները կենտրոնացած են հիմնականում թուրք-սիրիական սահմանին և հատկապես Իսլամական պետության կողմից կառավարվող 98կմ-ոց շրջաններում:

Թուրքիայում իբր թե ռուսական ինքնաթիռների կողմից իրենց ազգակիցներին վնասելը դարձավ բողոքի ուռճացված թեմա: Ստամբուլում թուրք ազգայնականները Ռուսաստանի հյուպատոսության վրա ձվեր են շպրտել, իսկ Թուրքիայի ԱԳՆ Անկարայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա էր հանձնել այն բանի մասին, իբրև ռուսական օդային ուժերը հարվածել են Բաիրբուջաք թյուրքաբնակ բնակավայրի ուղղությամբ:

Այսպիսով, տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները Յալթա-Պոտսդամյան համակարգի քայքայումից հետո թևակոխել են աննախադեպ լարվածության փուլ, որտեղ շահերի բախումը կարող է հանգեցնել կատաղի պայքարի: Հաշվի առնելով Սիրիայում Թուրքիայի շահերի առկայությունը` կարող ենք ենթադրել, որ Թուրքիայի բողոքի նոտայի պատճառը ոչ թե թուրքմենների ուղղությամբ իբր թե իրականացվող հարվածներն են , այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Ռաքքայի, Իդլիբի և Հալեպի շրջաններում գտնվող դիրքերի ուղղությամբ նոյեմբերի 20-ին ռուսական նավերի Կասպից ծովից 18 թևավոր հրթիռներով հասված հարվածները: Հիմնական ջանքերն ուղղված են ԻՊ-ի ֆինանսատնտեսական հիմքերի վերացմանը: Ոչնչացվել է նավթի մշակման և պահման 15 օբյեկտ և 525 ավտոցիստեռ: Դադարեցված է օրական 60.000 տոննա նավթի տեղափոխումը «սև շուկա», ինչի պատճառով ահաբեկիչներն այսպես ասած` ձեռքից բաց են թողնում 1.5 մլն. դոլար` օրվա կտրվածքով: Իսկ նավթն արտաքին աշխարհին հասնում է Թուրքիայի տարածքով, որից այդ պետությունը մեծ օգուտներ ունի:

Սիրիայում Ռուսաստանի ներգրավվածությունը ոչ միայն հօդս է ցնդեցնում Թուրքիայի պլանները, որով նախատեսվում էր Ասադի իշխանության տապալումից հետո դառնար մերձավորաևելյան նավթը Եվրոպային կապող հիմնական միջանցքը, այլ նաև զրկվում է ընթացիկ հնարավորություններից, որն ընձեռում է «Իսլամական պետության» հետ համագործակցությունը: Ռուսաստանը, ներգրավվելով Սիրիայում, ոչ միայն գեոպոլիտիկ նպատակներ է հետապնդում, այլ փորձում է չեզոքացնել այն վնասները, որը Իսլամական պետության գործունեությունը հասցնում է ռուսական տնտեսությանը: Այս պայքարն իսկապես կենսական է, ուստի ոչ Թուրքիան ոչ էլ Ռուսաստանը չեն պատրաստվում ընկրկել:

Եթե մեկ տարի առաջ նշվեր, որ Թուրքիայում Ռուսաստանի հյուպատոսության վրա ձվեր է շպրտվում, անհավանական կթվար, սակայն իրադարձությունների նման զարգացումը չի բացառում նաև ռուս-թուրքական անմիջական կամ միջնորդավորված բախումները: Իսկ մինչ այդ նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կմեկնի Թուրքիա հարաբերությունները դիվանագիտական գործիքներով կարգավորելու և տարաձայնությունները մեղմելու համար: 

 

Աննա ԲԱՐՍեՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում