Նրան սկզբում չընդունեցին, բայց ինքն ապացուցեց, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է

Նրան սկզբում չընդունեցին, բայց ինքն ապացուցեց, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է

Լեգենդար հրամանատարի մարտական ընկեր, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, ով Մոնթեի զոհվելուց հետո նշանակվել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար և մնացել այդ պաշտոնում մինչև 1998 թ.-ը, պնդում է` որևէ մեկն Արցախում չի ցանկացել փոխարինել Մոնթեին, նա անփոխարինելի է եղել և այդպիսին է մինչ այսօր` իր անցած ուղիով  և  գործերով:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը հիշում է, թե ինչպես սկզբում  փորձառու հրամանատարին չընդունեցին, երբ 1992 թվականի հունվարին ստաձնեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Իսկ նա դրանից չկոտրվեց և խիստ հստակություն դրսևորեց. «Մարտունու շրջանի ջոկատի հրամանատարները և ժողովուրդը սկզբից թերահավատ էին նրա նկատմամբ, բայց  նա պայքարեց և ապացուցեց, որ ինքը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է:  Հավատ ներշնչեց ժողովրդի մեջ և իր հետևից տարավ: Այն ուղղությունը, որն ինքը ղեկավարել է` Մարտունու պաշտպանական շրջանը, ունեցել ենք 8 տանկ, բայց հետո դարձել է 45-ը: Իհարկե, այդ բոլորը Մարտունու պաշտպանական շրջանի զինծառայողների սխրանքն է, որի ղեկավարը եղել է Մոնթե Մեոլքոնյանը: Առանձնահատուկ, յուրահատուկ մարդ, երբևէ որևէ մեկը լիարժեք չի կարող պատմել  նրա առանձնահատկությունները: Իր յուրահատկությամբ էր, որ կարողացավ «տիրել» զորքին, հետևից  տանել ու հաղթել: Յուրաքանչյուր իրավիճակի և դրվագի նկատմամբ մոտեցումը յուրահատուկ էր, նույնը չէր: Կարողանում էր տվյալ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, կարողանում էր այնպիսի որոշում կայացնել, որ իրեն հավատան»: 

Մոնթե Մելքոնյանի թիկունքի գծով օգնական Մարտիրոս Ժամկոչյանն էլ իր հերթին հավելում է` երբեք չէր հուսահատվում, սիրում էր ամեն ինչ անել  այնպես, ինչպես ինքն է ցանկանում` լինի պայքարի, թե խաղաղության ժամանակ:

«Ինքը Մարտունու ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն էր, ուզում էր սաղ կանտրոլի տակ դներ և ամեն ինչ ինչ մեկ-մեկ վերահսկում էր ու ստուգում: Սիրում էր ամեն ինչ իր աչքով տեսնել` ոնց են առաջ գնում, հաղթանակները, թեպետ գլխավոր հրամանատար էր, բայց առաջին գծում էր` իմանալով, թե ինչ վտանգ կա դրանում: Ասում էր` Մարտիրոս, եթե ես չգնամ,  իմ հետևից չեն գա», –պատմում է Ավոյի մարտական ընկերն ու պնդում` չվստահելու խնդիր չկար, պարզապես կային հրամանատարներ, որ բացթողումներ էին թույլ տալիս, իսկ ինքը սիրում էր, որ ամեն ինչ լիարժեք լինի: 

«Մի հատ այսպես ասած` անլեգալ  փամփուշտն անգամ բերում էր, հանձնում  ու գրանցել տալիս»,- շեշտում է ու լրացնում` իր Մոնթեի նպատակն Արարատից այն կողմն գնալն էր, արցախյան հաղթանակը բավարար չէր համարում, թեպետ Մարտունին շրջապատված էր թուրքական գյուղերով, որոնք մեկ-մեկ իրենք են ազատագրել: 

«Ծնունդը նշելը րոպեներ էր տևում. սմետանով ու  հացով ծնունդ էինք նշում, երբեմն գյուղացիները թոնրի մեջ գաթա էին գցում ու բերում»,-մոնթեական հիշողություններն ամփոփում է Մարտիրոս Ժամկոչյանը: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում