Թուրքիան ուզում է ՌԴ-ի դեմ պատերազմում ներքաշի երրորդ երկրի. մենք պիտի լինենք չեզոք, բայց զինված. ազատամարտիկ

Թուրքիան ուզում է  ՌԴ-ի դեմ պատերազմում ներքաշի երրորդ երկրի. մենք պիտի լինենք չեզոք, բայց զինված. ազատամարտիկ

Մեր ժողովուրդը միշտ պատրաստ պիտի լինի, քանի որ շրջապատված ենք թշնամիներով` լինի «սպիտակ», թե «կարմիր»:

Times.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանն` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններից, առհասարակ, աշխարհաքաղաքական զարգացումներից եկող վտանգներից և նշելով, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը նույն խնդիրներն է ունեցել: 

«Հայի պիտի վստահի միայն իր ուժերին և ուրիշ ոչ մեկին: Իհարկե, այսօր մենք ունենք դաշնակից ի դեմս ՌԴ-ի, մնացած երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունենք, մեր գլխավոր թշնամին թուրքերն են, նրանք նենգ են, ուստի պիտի պատրաստ լինենք միշտ: Եվ կապ չունի, թե իրենք ինչ կասեն, իրենց վատությունն անելու են: Այսօրվա դրությամբ ինչ կատարվում է Սիրիայում գիտենք, թե ում գործոնն այդտեղ կա, ով ինչ է մատակարարում, ինչպես է աջակցում և մեզ ուր է տանում: Ի վերջո, մեզ ներքաշելու են այդ խնդրի մեջ: Այսօրվա դրությամբ ծանր դիրքում ենք գտնվում` մեջտեղում, իհարկե, մենք մեզ  չեզոք ենք պահում  այստեղ կա:  Ես կնախընտրեմ, որ լինենք չեզոք, բայց զինված և պաշտպանենք մեր զինված չեզոքությունը»,- շեշտեց ազատամարտիկը` ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում հիշեցնելով, որ մենք ՌԴ-ի դաշնակիցն ենք, զինակիցը, իսկ Սիրիայում կա քրիստոնեաների և այլազգիների խնդիր, ավելին` «մեր տարածքի վրա է խնդիրները մեծամասնությունը. ռուսական ինքնաթիռը խոցվել է Կիլիկիայի տարածքում:

Մարտիրոս Ժամկոչյանը վստահ է` ռուսական  ինքնաթիռը չէր խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա թուրքական պրովոկացիա էր. «Թուրքիայի իշխանություններն ուզում են ՌԴ-ի դեմ պատերազմում ներքաշեն  երրորդ երկրի, որը չստացվեց: Ես վստահ եմ, որ այս հարցի շուրջ ռուսները խելամիտ կգտնվեն և պատասխպան կտան նրանց»:

Հակադարձմանը, թե արևմտամետ գործիչների դիտարկմամբ ՌԴ-ի ուժեղ պատասխանից Թուրքիային ավելի մեծ վտանգ պիտի սպասել, քանի որ թիրախավորվելու է հայ-թուրքական սահմանը, ազատամարտիկը չբացառեց,  որ Թուրքիան կարող է պրովոկացիաներ անել այդ հատվածում, նույնիսկ` ԼՂՀ-ի տարածքում, և որ ինքն ու իր ընկերներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկնել արցախյան սահման: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում