Ռուս-թուրքական թղթախաղում Հայաստանը չպետք է խաղաքարտ դառնա

Ռուս-թուրքական թղթախաղում Հայաստանը չպետք է խաղաքարտ դառնա

Ռուս-թուրքական հարաբերություններում իրադարձությունները սկսել են կայծակնային արագությամբ զարգանալ:Չնայած երկու պետությունների միջև պատմական տարբեր ժամանակաշրջանում միշտ էլ առկա է եղել ներքին մրցակցություն, սակայն վերջին տասնամյակներում նրանց մտերիմ հարաբերությունները տարածաշրջանը զերծ էին պահում ցնցումներից:

Ընդամենը մեկ դիպված և կրկին տարածաշրջանում դիրքավորման խնդիր է առաջանում: Հանգամանքների բերումով միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանը, ինչպես որ շատ հարցերում, այս դեպքում ևս դաշնակցելու է Ռուսաստանի հետ: Սակայն նույնը չենք կարող ասել Ադրբեջանի և Վրաստանի համար, որոնք չնայած Թուրքիայի հետ հանդես են գալիս որպես եռամիասնություն, սակայն չեն շտապի հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ:

Բավական էր Թուրքիայի հետ մեկ միջադեպ և Ռուսաստանում հիշեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու, Հայաստանի կորուսյալ հայրենիքը վերադարձնելու և Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Այս ամենը Հայաստանում միանշանակ արձագանքի չարժանացավ: Շատերի համար վիրավորական և ցավալի էր, որ Հայոց ցեղասպանության թեման շահարկման առիթ դարձավ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ: Սակայն քաղաքականությունը հուզական չափումների ենթարկելն այնքան էլ խելամիտ գործ չէ:

Ռուսաստանը Թուրքիայի դեմ սկսեց անմիջապես օգտագործել վաղուց պահված հայկակական քարտը, կակտիվացնի նաև քրդական գործոնը, որն առավել ակտուալ հարց է և ավելի մեծ վնասներ կարող է հասցնել Թուրքիային: Ռուսական իշխանական շրջանակներում փորձում են հայերի մոտ ակտիվացնել Արևմտյան Հայաստանի վերադարձի և այդ հարցում ռուսների աջակցության թեման:

Հայաստանի համար ստեղծված իրավիճակը հղի է վտանգներով: Հայաստանը պետք է ամեն գնով խուսափի ռուս-թուրքական հակամարտության մեջ ներգրավվելու ռուսական փորձերից: Ի վերջո դաշնակիցները կարող են փոխվել, սակայն աշխարհագրական հարևանների փոփոխությունը ավելի անիրատեսական է: Այս պարագայում Հայաստանը առավել քան երբևէ պետք է առաջնորդվի պետական շահերով, այլ ոչ թե դաշնակիցներին ծառայություններ մատուցելու սկզբունքով: Այո, եթե հարմար աշխարհաքաղաքական պահ է ստեղծվել և ՌԴ-ն որոշել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, ապա դա միայն մեր օգուտն է, քանի որ տարիներ հետո կմոռացվի, թե ինչը խթանեց այդ օրինագծի ընդունմանը, սակայն արդյունքը կմնա:

Առավել վտանգավոր է, եթե հանկարծ որոշակի գործողություններ ծավալվեն հայ-թուրքական սահմանին, ինչը փաստացի կնշանակի ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին բախումների առաջացում: Վերջին սցենարը որքան էլ անհավանական է թվում,սակայն բացառված չէ, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն այնքան էմոցիոնալ է, որ հնարավոր է չխորշի նաև երկու ռազմական բլոկերի միջև կայունությունը խաթարելուց: Առավել իրատեսական ենք համարում, որ ռուս-թուրքական լարվածությունն անուղղակի դրսևորում կունենա արցախյան ճակատում, մանավանդ, որ երկու կողմերից էլ նման ակնարկներ եղել են: Այդ թեման սկսել է շրջանառվել ռուսական մամուլում, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ուղղակի հայտարարություն արեց, որ օգնելու են Ադրբեջանին Արցախի հարցում:

Նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, իսկ դեկտեմբերի 3-ին Բաքու կմեկնի նաև Թուրքիայի կառավարության ղեկավարը: Իհարկե, այս այցերը նման են ավանդույթի, երբ Թուրքիայի կամ Ադրբեջանի նորանշանակ պաշտոնյանները փորձում են իրենց քաղաքական մկրտությունները ստանան եղբայրական երկրում, սակայն այս անգամ դրանք համընկնում են աշխարհաքաղաքական կարևորագույն այս իրադարձությունների հետ, երբ Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի բարեկամական աջակցությունը:Ադրբեջանը, որ Արցախյան պատերազմի տարիներից արդեն իսկ ծանոթ է թուրքական օգնության չափաբաժնին և առանձնապես գոհ չէ դրանից, շատ բան կունենա մտածելու նախքան արկածախնդրության գնալը:

Կարծում ենք, դրանք հրապարախոսական հայտարարություններ են և Թուրքիայի համար այս պահին առավել քան կարևոր է, որպեսզի Ադրբեջանի միջոցով կարողանա խոչընդոտել Կասպից ծովում Ռուսաստանի հրիթիռային հարվածներին: Ամեն դեպքում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ զգացվում է չափավորություն և Ռուսաստանի հետ առճակատման չգնալու զգուշավորություն: Ավելին` Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնում հաշտեցնել Պուտինին և Էրդողանին:

Ստեղծված իրավիճակում կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տուրք չտան արտաքին հորդորներին և չգնան սահմանային առանց այն էլ լարված իրավիճակն էլ ավելի սրելու ուղիով: Հայաստանը պատմական տարբեր ժամանակահատվածներում թանկ է վճարել ռուս-թուրքական մերձեցման կամ առճակատման գինը, ուստի անկախ պետականության պայմաններում հարկ է հաշվի առնել անցյալի դասերը և խուսափել օտարների հաշվարկներում մանրադրամի դեր կատարելուց:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում