Քարվաճառի հիվանդանոցում որեւէ սարքավորում չկա. ռենտգենի միակ ապարատն անսարք է

Երիտասարդ բժիշկ Հայկ Պետրոսյանը կնոջ` Արփինեի հետ, Քարվաճառում բնակվում է 2011-ից: Արփինեն Քարվաճառի շրջանի հիվանդանոցի գինեկոլոգն է, իսկ Հայկը հիվանդանոցի գլխավոր բժիշկն է, մասնագիտությամբ` վիրաբույժ:
«Քարվաճառ եկել ենք 2011-ից: Չնայած ես Երեւանից եմ, բայց մինչեւ Քարվաճառ գալս աշխատում էի Աշոցքում: Հայրս Քարվաճառում էր աշխատում (ով եւս բժիշկ է), ես էլ ավելի հարմար գտա գալ այստեղ: Այստեղ ավելի շատ փորձ ձեռք բերելու հնարավորություն կա, ու նաեւ այստեղ վիրաբույժի կարիք հաստատ ավելի շատ կա, քան որեւէ այլ վայրում», պատմում է Հայկը:
Հիվանդանոցն այս շենքում գործում է 2001 թ.-ից: «Իսկ մինչեւ շենքի կառուցվելը հիվանդանոցը գործում էր մարդկանց տներում», կատակում է բժիշկը:
Հիվանդանոցն սպասարկում է ամսական մոտավորապես 15-25 հիվանդի: Ամեն ամիս ընդունում է մոտավորապես 3-4 ծնունդ: «Բայց սա շատ հարաբերական թիվ է, քանի որ միգուցե երկու ամիս առհասարակ որեւէ ծնունդ չունենանք, իսկ հաջորդ չորս ամիսների ընթացքում ունենանք ավելի մեծ թվով ծնունդներ», նշում է Հ. Պետրոսյանը:
Հիվանդանոցի առաջնային խնդիրը սարքավորումների բացակայությունն է:
«Մենք այսօր չունենք ոչ մի բան: Մի ռենտգենի ապարատ ունեինք, որը 2011-ից չի աշխատում, եւ չենք կարողանում վերանորոգել, քանի որ այն շատ հին է: Հույս կա, որ առաջիկայում մեր հիվանդանոցի ուժերով այն թերեւս կվերականգնվի եւ մյուս ամսվանից կգործի»: Հիվանդանոցին որեւէ սարքավորում չի տրամադրվում:
Հիվանդանոցը տաքացվում է փայտե վառարաններով, ջեռուցման խնդիրը եւս լուծում չի ստանում:
Երկրորդ լուրջ խնդիրը մասնագետների պակասն է: «Եւ դա է պատճառը, որ չենք կարողանում նեղ մասնագիտական ախտորոշումներ տալ: Մենք ունենք մանկաբույժ, թերապեւտ, վիրաբույժ, գինեկոլոգ եւ ատամնաբույժ: Վերջինս այստեղ լայն գործունեւության հնարավորություն չունի եւ կարող է միայն առաջին օգնություն ցույց տալ, լուրջ բուժումներ չի կարող անել»:
Ախտորոշվելու եւ բուժում ստանալու համար Քարվաճառից հիվանդներն ուղեգիր են ստանում դեպի ԼՂՀ բոլոր բուժհաստատություններ եւ ՀՀ Կոտայքի մարզի բուժհաստատությունները: Մնացած դեպքերում նրանք պետք է ստուգում եւ բուժում ստանան առանց ուղեգրի:
Չնայած աշխատանքային ոչ բավարար պայմաններին, բժիշկը չի մտածում Քարվաճառից հեռանալու մասին:
«Շատ դժվար էր սկզբի մի քանի օրը, բայց ընդամենը օրը, ոչ ավել: Շատ լավ եմ հարմարվել, կոլեկտիվն էլ շատ լավն է, դա էլ է դրական ֆակտոր: Դե բնության մասին չեմ խոսում: Իսկ այստեղից գնալու մասին չեմ էլ մտածում»:
Թամարա Գրիգորյան