Բազմազավակ ընտանիքն ապրում է գյուղապետարանում. նրանց տունը երեք տարի է` չի կառուցվում (լուսանկարներ)

Յոթ երեխաների մայր տիկին Հերիքնազն արդեն երեք տարի է' բնակվում է Նոր Վերինշեն գյուղի գյուղապետարանում:
«Մեր տանն էինք ապրում, որն ավերակ էր, յոթ էրեխեքիս հետ: Բայց որ տան պատը փլվեց, իրանք էլ տուն չունեին, որ ինձ տային, էրեխեքիս բերել եմ գյուղապետարան, իրանք էլ տեղափոխվել են դպրոց, ուսուցչանոցում են նստում», պատմում է տիկին Հերիքնազը: Մեր այցելության ժամանակ տանն էին գրեթե բոլոր երեխաները: Ընտանիքի հայրն ու մեծ զավակը ռազմական հենակետում էին, նրանք պայմանագրային զինծառայողներ են:
«Էստեղ էլ պայման չկա, ջուր չկա, հարեւանից ենք բերում, էսքան փոքր էրեխեքի հետ շատ դժվար ա», պատմում է բազմազավակ ընտանիքի մայրը:
Քարվաճառի շրջան տեղափոխվել են 2001-ին Սեւանի ավազանի Մարտունի քաղաքից: «Սկզբից ես համաձայն չէի, կռիվ էի անում, բայց դե տեսա ուրիշ ճար չկա, ամուսինս որոշել էր, տեղափոխվեցինք», պատմում է տիկին Հերիքնազը:
Նախորդ տունը կիսաքանդ է, խոնավ, տանիքից ջուր է կաթում, սակայն նրանց համար տան կառուցումն սկսվել է այն ժամանակ, երբ վերջնականապես փլուզվել է տան հիմնական պատերից մեկը: Արցախի ամբողջ տարածքում գործում է բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիր: Սակայն նշված ծրագրի շրջանակներում կառուցվող տան շինարարությունը ձգվում է արդեն երեք տարի:
Հերիքնազը չգիտի, թե իր տունը երբ պատրաստ կլինի, եւ ինքը կկարողանա ընտանիքը տեղափոխել այնտեղ: Խոստացել են նաեւ ամրացնել հին, փլված տունը. յոթ տղաների համար մեկ տունն, իհարկե, բավական չէ: Մեծ որդին նշանված է, սպասում է տունը պատրաստ լինի, որ ամուսնանա:
Գյուղապետարանը եւս խոնավ է ու ցածր, սակայն բազմազավակ ընտանիքն իր ուժերով ո´չ տուն կարող է կառուցել, ո´չ էլ ամրացնել: Այդ պատճառով էլ սպասում են մինչեւ պետությունը կկառուցի խոստացված տունն, ու իրենք կկարողանան ազատել գյուղապետարանը:
Թամարա Գրիգորյան