Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ձևավորվում է հակաիրանական նոր դաշինք

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ձևավորվում է հակաիրանական նոր դաշինք

2016 թվականի տարեմուտը նշանավորվեց Մերձավոր Արևելքում Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև ընթացող աշխարհաքաղաքական հակամրտության նոր փուլի սկզբնավորմամբ։ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պաշտոնական Ռիադի որոշմանը հետևեցին նաև Բահրեյնի և Սուդանի իշխանությունները։ Times.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Սաուդական սադրանքն իր տիպաբանությամբ և տրամաբանությամբ շատ նման էր Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցմանը։ 

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարվել են։ Երկրներն անգամ խզել են դիվանագիտական հարաբերությունները։ Ո՞րն է վեճի իրական թեման։ Ինչու՞ են արաբական պետությունները Իրանի դեմ արշավ սկսել։

Հարկ է նշել, որ հակամարտությունը իրականում արաբա-իրանական չէ: Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Սաուդյան Արաբիան և նրա արբանյակներից երկուսը՝ Բահրեյնը և Սուդանը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններն իջեցրել է իր դիվանագիտական ներկայությունը Թեհրանում հավատարմատարի մակարդակի: Սաուդցիների դիրքորոշմանը կողմ են արտահայտվել Եգիպտոսը, Քուվեյթը և Եմենի` նույնիսկ սեփական երկրի իրավիճակը փաստացիորեն չվերահսկող իշխանությունը: Մինչդեռ այնպիսի կարևոր արաբական երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան և Լիբանանը տարբեր մակարդակներում դատապարտել են Ռիադի գործելաոճը: Բաղդադում ընդհանրապես հրթիռ է արձակվել Սաուդյան Արաբիայի՝ մի քանի օր առաջ կրկին վերաբացված դեսպանատան ուղղությամբ:

Սակայն, ըստ էության, դեպքերը վերաբերում են իսլամական աշխարհում շիայականության անվերապահ կենտրոն Իրանի և սսուննիականության կենտրոնի հավակնություն ունեցող Սաուդյան Արաբիայի միջև աշխարհաքաղաքական մրցակցությանը, որը Մերձավոր Արևելքի ավանդաբար կրոնադավանական աշխարհընկալմամբ հագեցած մթնոլորտում դեպքերի մեծամասնությունում հանդես է գալիս հենց դավանական «փաթեթավորմամբ» կամ շիա-սուննի հակամարտության կաղապարմամբ, որտեղ երկու ճամբարներում էլ, ի դեպ, կան արաբներ: Ընդ որում, հակամարտության ներկա փուլի կատալիզատորը հենց սաուդցի արաբ շիա շեյխի մահապատժի ի կատար ածելն էր Ռիադի իշխանությունների կողմից, ինչը հանգեցրեց նաև նույն Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում նույն շիա արաբների զգալի ընդվզումների և հակակառավարական ցույցերի:

Ձեր գրառումներից մեկում ուշագրավ դիտարկում էիք արել այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները, հնարավոր է, մասնակցում են հակաիրանական դաշինքի ձևավորմանը հյուսիսում և հարավում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ Թուրքիան այս հակամարտության մեջ։

Ինչ-որ առումով «տարօրինակ» զուգադիպում է, բայց նաև փաստ, որ Իրանի դեմ ուղղված վերջին սադրանքն ի կատար ածվեց Թուրքիայի նախագահի Ռիադ կատարած այցի, ասենք այսպես, տաք հետքերով: Տեսեք, սաուդական իշխանությունների կողմից շիա հոգևորական Նիմր Բաղիր ալ-Նիմրի ակնհայտորեն սադրիչ մահապատիժը տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում բավական հետաքրքիր զարգացումների համատեքստում՝ զարգացումներ, որոնք, ըստ ամենայնի, միմյանց հետ եթե ոչ ծրագրավորման մակարդակում, ապա առնվազն իրենց ներքին տրամաբանությամբ փոխկապակցված էին և ուղղված իրանական ազդեցության սահմանափակմանը երկու տարածաշրջաններում էլ: Խոսքը մասնավորապես գնում է 2015թ. վերջին Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուի Բաքու կատարած այցի հետ գրեթե զուգադիպած ապշերոնյան Նարդարան ավանում իրանամետ շիա հավատացյալների հանդեպ ադրբեջանական ուժայինների կողմից ձեռնարկված աննախադեպ պատժիչ գործողության մասին, որին արդեն 2016թ. սկզբին հաջորդեց Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի Ռիադ կատարած այցի հետ գրեթե համընկնող իրանամետ շիա հոգևորականի գլխատումը և շիաների հանդեպ պատժիչ գործողությունները Սաուդյան Արաբիայում և վերջինիս արբանյակ Բահրեյնում:

Ստացվում է, որ իրանական շահերին և իրանամետ ուժերին գրեթե համաժամանակյա կերպով հարվածներ են հասցվում մի կողմից հյուսիսում՝ Ադրբեջանի տարածքում, իսկ մյուս կողմից հարավում՝ Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում, ինչը «տարօրինակ» կերպով գրեթե զուգադիպում է թուրքական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների այցերի ժամանակացույցի հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է նախնական եզրակացության գալ, որ իրականության մեջ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ձևավորվում է ինչ-որ առումով նոր վերադասավորությամբ հակաիրանական դաշինք, որին մասնակցում են ոչ միայն Անկարայի ներկայիս սուննիադավան իսլամիստական վարչակարգը և Ռիադի վահաբական կառավարիչները, այլ նաև իրեն շիա պետության ղեկավար հորջորջող Բաքվի բռնապետը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին շրջանում ավելի ընդգծված է պաշտպանում Հարվային Կովկասի և Մերձավոր Արևելքի շիաների շահերը։ Արդյո՞ք սա հարևան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական նոր հայտ է Թեհրանի կողմից, թե՞ Իրանի նման քաղաքակնությունն այլ նրբություններ էլ ունի։

Ընդհանրապես իրանական պետական ավանդույթը մշտապես հիմնված է եղել երկու կարևորագույն սյուների վրա՝ իրանական ազգայնականություն և կրոն, ընդ որում այս երկու սյուները շատ հաճախ բնականոն ձևով միաձուլվում են միևնույն պետական գաղափարախոսության շրջանակում: Այս առումով, շիաների շահերի պահպանությունը բխում է ոչ միայն Իրանի ներկայիս քաղաքական ուղեգծից կամ ունի ժամանակավոր, մարտավարական բնույթ, այլ գաղափարական հստակ ռազմավարություն է: Կա մի կարևոր հանգամանք ևս՝ Իրանի պետական սահմաններից դուրս ողջ Մերձավոր Արևելքում նաև աշխահաքաղաքական տիրույթում այսօր շիայականությունն օբյեկտիվորեն վերածվել է իրանամետության կարևոր ցուցիչի և իրանական ազդեցության ընդլայնման ամենազդու միջոցի, ինչը Թեհրանն օգտագործում է իր ունեցած ողջ կարողությամբ և հնարավորություններով: Ի վերջո, Իրանը Մերձավոր Արևելքում մի քանի հազարամյակ շարունակ մշտապես եղել է ամենանշանավոր պետություններից մեկը և ունի հսկայական փորձառություն, գործողությունների բավական հստակ ծրագիր ու գործիքակազմ:

Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի գործողությունների վճռականությունը, կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այդ թագավորության ետևում ավելի հզոր պետություններ են կանգնած։

Դատելով արձագանքներից՝ Ռիադի նման գործելաոճը ինչ-որ առումով անսպասելի էր և ընդունելի չէր նաև ԱՄՆ-ի համար: Սաուդական սադրանքն իր տիպաբանությամբ և տրամաբանությամբ շատ նման էր Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցմանը, դեպքեր, որոնք միանշանակորեն ցույց են տալիս, որ տարածաշրջանում սեփական ուժերի վրա վստահ խաղացողները սեփական նախաձեռնությամբ կարող են «հանգիստ» խախտել նաև արտատարածաշրջանային ուժերի կողմից նախանշված սահմանները՝ պարտադրելով սեփական խաղի կանոններ, շիկացնել իրավիճակը և անկանխատեսելի սադրիչ գործողություններով գրեթե ստորին շեմին հասցնել մերձավորարևելյան անվտանգության առանց այն էլ ցածր մակարդակը

Կդառնա՞ արդյոք այս հակամարտությունը Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր վերփոխումների պատճառ։ Ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում մեր տարածաշրջանի համար։

Այս զարգացումների համատեքստում ակնհայտ է մի բան՝ Մերձավոր Արևելքը նաև արտաքին անմիտ միջամտությունների հետևանքով վերածվել է աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանի, որի հետ անմիջականորեն սահմանակցում է նաև մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը:

Այս առումով մեր հարևան և բարեկամ Իրանի ներքաշումը զանազան սադրանքների ուղեծիր որոշակի բնական անհանգստությունների տեղիք է տալիս նաև մեզանում, որովհետև Հայաստանի և Իրանի հարաբերությունները ունեն նաև անվտանգային բնույթ. երկու երկրները իրենց օրինակելի բարձր մակարդակի հարաբերություններով փոխլրացնում են միմյանց թե՛ մերձավորարևելյան, թե՛ հարավկովկասյան տարածաշրջաններում և դրանցից յուրաքանչյուրի դեմ ուղղված ցանկացած ապակայունացնող գործողություն կարող է վտանգել նաև մյուսի շահերը, ինչը նաև համատեղ գործողությունների ծրագրմամբ պետք է հնարավորին բացառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում