Նավթի գների անկումն անուղղակի կերպով ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա. կարծիքներ

Նավթի գների անկումն անուղղակի կերպով ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա. կարծիքներ

Նավթի գների անկումը լարվածություն է առաջացրել միջազգային շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նավթի գնի անկումը հասավ այն մակարդակին, որն անգամ 2008-2009 թվականներին չէր գրանցվել: «Սա ինչ-որ առումով ճգնաժամի հիմքեր է տալիս, շատ երկրներ կտուժեն դրանից: Նավթի գների կանխատեսումն անշնորհակալ գործ է, բայց կարծում եմ, որ ստեղծված լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում: Հորատման աշխատանքների թանկացման միտում է նկատվում, ընկերությունները ինքնարժեքից ցածր գների վրա են աշխատում: Դա դեմպինգային քաղաքականության է նմանվում, որը երկար չի տևում»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:

Նավթի գների անկումն իր բացասական ազդեցությունը կունենա բոլոր այն երկրների վրա, որոնք նավթ են արտահանում: Միայն Իրանն ու արաբական երկրներն առանձնացնելը ճիշտ չէ: Կտուժեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Հարավային Ամերիկայի երկրները և այլն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Գոռ Ծառուկյանը: «Ավելին, նավթի գների անկումը շղթայական ռեակցիայով իր բացասական ազդեցությունն է ունենում տվյալ պետությունների հետ սերտ կապեր ունեցող երկրների վրա: Վառ օրինակ է Հայաստանը, երբ Ռուսաստանում վիճակը վատանում է, ռուբլին արժեզրկվում է, ռուսական ներդրումները կրճատվում են, դա իր ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա: Նման օրինակ մենք տեսանք 2014 թվականի վերջին, երբ Ռուսաստանում կտրուկ վիճակը վատացավ, ռուբլին կտրուկ արժեզրկվեց և 1 դոլարն արժեցավ 80 ռուբլի: Հայաստանում վիճակը նույնպես վատացավ, բայց մեզ հաջողվեց վիճակը կայունացնել, ի տարբերություն Ադրբեջանի: Ադրբեջանն իր պահուստներից ինտերվենցիաներ արեց մանաթի փոխարժեքը կայուն պահելու նպատակով, բայց տեսավ, որ հնարավոր չէ: 2015 թվականի վերջին եռամսյակում բաց թողեց, որի հետևանքով արդեն կարելի է ասել, որ 2,5 անգամ մանաթն արժեզրկվել է»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությանը` տնտեսագետը նշեց, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, իր տնտեսական հետևանքներով: Բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա: Նրա խոսքով, եթե մինչև այդ ասում էին, որ Մերձավոր Արևելքում քաղաքական վիճակի անկայունացումը հանգեցրել է նավթի գների բարձրացմանը, ապա վերջին սրացումները ցույց տվեցին, որ դա այդքան էլ այդպես չէ: Նավթի գները շարունակում են անկում ապրել:

«Նավթի գների անկման պատճառները կապված են ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումների հետ: Պատճառներից մեկն այն է, որ միջազգային շուկայում նավթի նկատմամբ պահանջարկը նվազել է` պայմանավորված Չինաստանում նավթի պահանջարկի նվազմամբ: Մյուս կողմից ԱՄՆ-ում նավթի պաշարների աճ է գրանցվել: Ինչպես գիտենք, 2015 թվականի վերջին ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատեց նավթի արտահանման արգելքի վերացման մասին որոշումը, որի համաձայն` ԱՄՆ-ը կարող է նավթ արտահանել: Դա մյուս կողմից ևս ազդում է նավթի գների վրա»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը նավթ ներկրող երկիր է, իսկ նավթի գինը գնալով նվազում է, Հայաստանը կարո՞ղ է օգուտներ ստանալ: Հարցին ի պատասխան տնտեսագետը նշեց, որ քիչ հավանական է: Պաշտոնական մամինները հայտարարում են, որ Հայաստանում մտնող էներգառեսուրսի արժեքի մեծ մասին բաժին են ընկնում տրանսպորտային ծախսերը հետևաբար ինչ-որ օգուտ ակնկալելն, ըստ տնտեսագետի, անիմաստ է: «Ի դեպ, Վրաստանում բենզինի գինը դրամով արտահայտված 250 դրամ է: Վրաստանն էլ չունի նավթային պաշար, այն ներկրող երկիր է»,-հավելեց Գոռ Ծառուկյանն` ընդգծելով, որ 2016 թվականը դժվար տարի է լինելու, այդ մասին բարձրաձայնել են նաև Հայաստանի պաշտոնյաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում