Պուտինը նշել է Արեւմուտքի գլխավոր սխալները «սառը պատերազմից» հետո

Պուտինը նշել է Արեւմուտքի գլխավոր սխալները «սառը պատերազմից» հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատության է ենթարկել «սառը պատերազմի» ավարտից հետո Մոսկվայի նկատմամբ աշխարհի տերությունների վարած քաղաքականությունը, նա Արեւմուտքի գլխավոր սխալները համարել է դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակումը եւ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ձեւավորումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մենք ամեն ինչ սխալ ենք արել, առաջին քայլերով մենք չհաղթահարեցինք Եվրոպայի պառակտվածությունը: 25 տարի առաջ բեռլինյան պատն ընկավ, բայց Եվրոպայի պառակտումը չհաղթահարվեց, անտեսանելի պատերը պարզապես տեղաշարժվեցին դեպի Արեւելք»,- ասել է Պուտինը գերմանական Bild հրատարակության հետ հարցազրույցում, որը նա հունվարի 5-ին տվել է Սոչիում:

Նախագահի կարծիքով՝ «դա նախադրյալներ ստեղծեց ապագա փոխադարձ կշտամբանքների, անըմբռնողության ու ճգնաժամերի համար»:

«Բեռլինյան պատի անկումից հետո խոսում Էին այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու դեպի Արեւելք: Որքան ես հիշում եմ, դա ասում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Վեռները»,- նշել է Պուտինը:

«Երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց անվտանգության ապահովման եղանակը: Դա ճիշտ է: Բայց ճիշտ է նաեւ այն, որ մյուս երկրներն իրավունք ունեն որոշում ընդունել՝ ընդլայնել կամ չընդլայնել իրենց կազմակերպությունը, գործել այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում համընդհանուր միջազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Եվ ՆԱՏՕ-ի առաջատար անդամները կարող էին ասել՝ ոչ, մենք ուրախ ենք, որ դուք ցանկանում եք միանալ մեզ, բայց մենք չենք պատրաստվում ընդարձակել մեր կազմակերպությունը, մենք այլ կերպ ենք տեսնում Եվրոպայի ապագան»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում