Իսրայելի հնարավորությունները Հայաստանը չունի՝ հզորագույն պաշտպաններ և դրսից օգնող հարուստ քաղաքացիներ. Գ. Մինասյան (տեսանյութ)

Իսրայելի հնարավորությունները Հայաստանը չունի՝ հզորագույն պաշտպաններ և դրսից օգնող հարուստ քաղաքացիներ. Գ. Մինասյան (տեսանյութ)

-2008-2009 թվականներին արձանագրված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության թույլ կողմերը և այդ ժամանակվա կառավարության ղեկավարը հայտարարեց, թե անհրաժեշտ է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն: Մենք դասեր քաղեցի՞նք այդ  տնտեսական ճգնաժամից:

-Մենք պետք է խոսենք, թե ՀՆԱ-ում այս կամ այն ոլորտը՝ շինարարություն, գյուղատնտեսություն,  ծառայություններ ինչպիսի մասնաբաժին ուներ 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Մեր հիմնական խնդիրն այն էր, որ  շինարարության  ծավալները չափազանց մեծ էին, որը  մեր խոցելիությունն էր այն պատճառով, որ հիմնական աճն այդ ոլորտում  ապահովվում էր դրսի ներդրումների հաշվին, հատկապես ՌԴ-ից  եկող տրանսֆերտների արդյունքում: Իսկ երբ հիմա ենք նայում՝ ՌԴ-ում իրավիճակն ավելի խորն է, բայց մեզ վրա բացասական ազդեցությունն այնքան խորը չէ, որքան եղել է այդ ժամանակ: Պատճառն այն է, որ ՀՆԱ-ն դիվերսիֆիկացված է  և  դրա մեջ  շինարարությունն այդքան մեծ նշանակություն չունի:

-Հաշվի առնելով նավթի գնի անկումը և համաշխարհային տնտեսական բարդ իրողությունը,  ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե «վատ է, որ մեր տնտեսությունն այսքան կախյալ է նավթից» և վստահեցրեց, որ գնալով նվազում է նավթային  եկամուտների մասնաբաժինը պետական բյուջեում: Մենք բյուջեն կազմելիս ընդունե՞լ ենք ինչ-ինչ սխալներ:

-Մենք այդպես էլ արել ենք, հիմա ավելի շատ ենք մեր ակնկալիքները կապում ներքին ռեսուրսների հետ: Մենք ունենք ներքին ռեսուրսներ, որոնց գործարկումը պիտի թույլ տա, որ այս ոչ բարենպաստ արտաքին  միջավայրի պայմաններում  կարողանանք իրականացնել  բյուջեով  նախատեսված ծրագրերը:

-Այդ ներքին ռեսուրսների գործարկումը ենթադրո՞ւմ է  տեղական արտադրանքի զարգացում

-Այո, իհարկե, պարզապես տեղական արտադրանքի զարգացման համար պետք է իշխանությունները պայմաններ ստեղծեն: Իսկ դրա համար մի քանի ճանապարհ կա՝ պետք է ընդունվեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, կոռուպցիան նվազեցվի, մրցակցային պայմաններն առավել  բարելավվեն:  Սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք ներքին տնտեսությանը թույլ կտան ավելի արագ զարգանալ:

-Տնտեսական բարդ իրավիճակից ելնելով Ռուսաստանի կառավարությունը  գնաց պետական ապարատի կրճատման, մենք նման կրճատումների կարիք չունե՞նք:

-Ապարատի կրճատման և մակարդակի բարձրացման խնդիր միշտ կա, բայց  կրճատում հանուն կրճատման հնարավոր չէ իրականացնել: Պետք է լուրջ ծրագրեր ներկայացնել այս կամ այն գերատեսչության համար և այդ նոր ծրագրերի իրականացման շրջանակում  ավելի  բարձր մակարդակով աշխատակազմ  ձևավորել:

-Ավելի վաղ Դուք դրական համարեցիք այն, որ ներմուծման ծավալները 2015-ին նվազել են 20-30 տոկոսով, իսկ արտահանմանը՝ 2-3: Մինչդեռ ներմուծման ցուցանիշի նվազումը վկայում է, որ երկրի ներսում  սպառողների թիվը, սպառումն է նվազել, ինչն էլ  իր  հերթին  հուշում  է արտագաղթի աճի մասին:

-Միայն դա չէ՝ կարող է ավելի քիչ է  սպառվել ներմուծված ապրանք և  ավելի շատ՝ տեղական:

-Դա մի գործոնն է, բայց հիմնականում մենք ունենք արտագաղթի աճ:

-Ես չունեմ տվյալներ, որ արտագաղթի աճը մեծացել է, կարծում եմ հակառակը՝  ՌԴ-ում, որ ուղղությամբ արտագաղթի հիմնական հոսքն է, վիճակը վատացել է, քան մի քանի տարի առաջ էր: Եվ  այս միտումները տեսանելի ապագայում շարունակական են լինելու: Արտագնա աշխատողներն այլևս չեն գնում, ուր մնաց ընտանիքները տանեն մի երկիր, որտեղ ապրուստը, որ բերում էին այստեղ, հնարավոր չէ այլևս ունենալ: Այսինքն՝ այն նեգատիվ իրավիճակը, որ կա ՀՀ-ում ՌԴ-ի առավել վատ իրավիճակի դրսևորումն է: Հետևաբար՝  արտագաղթ դեպի Ռուսաստան քիչ տրաբանական եմ համարում:

-Այդ դեպքում ներգաղթ կլինի՞ Ռուսաստանից:

 -Նման տվյալ չունեմ, բայց արտագնա աշխատանքի մեկնողներն այլևս չեն մեկնում:

 -Մնում են մեր երկրում, որտեղ  բավարար աշխատատեղեր չկան:

 –Չկան  աշխատատեղեր այն աշխատավարձի չափով, որը բերում էին արտերկրից:

-Լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին, թե 2.2 տոկոս տնտեսական աճը շարքային քաղաքացին իր  վրա կզգա՞, Դուք ակնարկեցիք, թե անվտանգ ապրելն առավել կարևոր Է: Անշուշտ, անվտանգությունը կարևոր է, բայց մյուս կողմից սահմանային իրավիճակով  վատ ապրելը պայմանավորելը մանիպուլիացիոն է: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ պատերազմական պայմաններում էլ կարելի է զարգանալ: 

 -Դուք ուզում եք Իսրայելի հետ դա համեմատե՞լ:

-Մենք (առաջին հերթին իշխանությունն ու պաշտոնյաները) հեռու ենք նրանցից գաղափարապես, նվիրվածությամբ  և  շատ այլ գործոններով:

-Այն հնարավորությունները, որն ունի Իսրայելը՝  երևացող և  չերևացող, Հայաստանը ոչ միայն չունի, այլև չի էլ կարող ունենալ: Այնպիսի հզորագույն երկրներ, որ Իսրայելի առաջին պաշտպաններն են՝  շատ պատճառներով,  ավելին՝  եղել են, կան ու  կլինեն, մենք չունենք և  չենք կարող ունենալ: Այն, որ հզոր ֆինանսական կարողություն ունեցող և  Իսրայելում  չապրող  քաղաքացիներն իրենց միջոցներն ուղղորդում են դեպի Իսրայել, Հայաստանը  ևս  չունի և չի կարող ունենալ: Փոխարենը  մենք  ունենք 70 միլիոնանոց Թուրքիա Արևմուտքում,  8-10 միլիոնանոց Ադրբեջան Արևելքում:  Թուրքիան ասում է, որ «Ղարաբաղի ազատագրումն իր առաջին խնդիրն է», ուստի անվտանգության մասին թերհավատորեն   խոսելը  գալիս  է  խնդիրը լուրջ չընդունելուց:

-Անվտանգության խնդիրն անձամբ շատ լուրջ եմ ընդունում: Վազգեն Սարգսյանն ինքն է ժամանակին ասել, թե չի կարելի  Արցախի խնդրով պայմանավորել կառավարության վատ աշխատանքը:

-Ես Ձեզ չէի ասում: Մենք ունենք ներքին ռեսուրսներ, որի արդյունավետ օգտագործումը մեզ հնարավորություն կտա այլ հավասար պայմաններում ավելի  մեծ արդյունքների հասնել:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում