Ռուսաստանի «մոռացկոտությունն» ու դրա հնարավոր հետևանքները

Ռուսաստանի «մոռացկոտությունն» ու դրա հնարավոր հետևանքները

Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հայտարարությունն այն մասին, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները երբեք չեն հալածվել և «նրանց ոչ ոք չի ոչնչացրել», արդար դժգոհության և քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ողջ աշխարհը՝ այդ թվում նաև Ռուսաստանի ամենաբարձր ղեկավարությունը, Հայաստանում և այլ երկրներում մասնակցում էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման բազում արարողությունների։ Համաշխարհային մամուլը՝ այդ թվում նաև ռուսականը, ողողված էր 20֊րդ դարասկզբի ահավոր այդ ոճրի մասին լուրերով ու վերլուծականներով։ Աշխարհի բազում առաջնորդներ՝ այդ թվում նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել են ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու կոչ արել պաշտոնական Անկարային առերեսվել սեփական պատմության հետ ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարո՞ղ էր արդյոք այս պարագայում համայն Ռուսիո Պատրիարքը չիմանալ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, ասորիների ցեղասպանության մասին։ Իհարկե՝ ոչ։

Երկրորդ հարցը, որը բնականորեն առաջանում է Պատրիարքի հայտարարությունից հետո, վերաբերվում է նրան, պատահականությու՞ն էր դա արդյոք, թե ոչ։ Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, բայց, հաշվի առնելով Կիրիլի դիրքն ու դերը Ռուսաստանի և ընդհանրապես ուղղափառ աշխարհի զարգացումներում, պատահականության վարկածը խիստ անհավանական է թվում։ Համենայն դեպս՝ նման իշխանությամբ օժտված մարդիկ այդպես սխալվելու իրավունք չունեն և, որպես կանոն, չեն էլ սխալվում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ համայն Ռուսիո Պատրիարքի հարցազրույցն ավելի քաղաքական էր, քան հոգևոր, ուրեմն պատկերն էլ ավելի ամբողջական է դառնում։

Ակնհայտ է, որ Պատրիարքի շուրթերով պաշտոնական Մոսկվան փորձել է որոշ ուղերձներ հղել Մերձավոր Արևելքի զարգացումներում ներգրավված կողմերին և այդ ընթացքում տարածաշրջանում իր հիմնական դաշնակցի՝ Հայաստանի շահերը մոռանալու նոր անզգուշություն է ունեցել։ Իրավիճակը փրկելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու փորձն այնքան էլ համոզիչ չէր։ Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը հայկական ԶԼՄ-ների համար արված մեկնաբանությունում նշել է, որ իրենց «եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում»։ Մեջբերված հատվածը Պատրիարքի մամուլի քարտուղարի մեկնաբանության ամենամիանշանակ մասն էր։ Տեքստն իր ամբողջության մեջ խիստ զգուշավոր և խուսափողական է։ Ի դեպ, ՌՈՒԵ պարզաբանումն այդպես էլ նրանց պաշտոնական կայքում չի տեղադրվել։

Իհարկե, այս ամենը որոշակի մտորումների պատճառ է հանդիսանում։ Ակնհայտ է, որ Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին անարձագանք չի թողել Պատրիարքի հայտարարությունը։ Կարծում եմ՝ Ալեքսանդր քահանա Վոլկովի պարզաբանումը հենց մեր եկեղեցու պահանջով է եղել։ Բայց, ինչպես արդեն նշեցի, հարցն ավելի քաղաքական է և ուրեմն անհրաժեշտ է, որպեսզի այն քննարկվի նաև երկու երկրներ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Ընդ որում, դա պետք է անել հնարավորինս շուտ։ Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում իրադարձություններն աննախադեպ արագությամբ են զարգանում։ Վայ նրան, ով հետ կմնա այդ գործընթացներից կամ չի կարողանա ճիշտ ընկալել աջից ու ձախից հնչող ուղերձները։ Ցավոք, պատմությունը մեզ նման դասեր արդեն տվել է և չի կարելի թույլատրել, որ այդպիսի մի դաս էլ մեր սերունդները ժառանգեն։

Հարցի երկրորդ կողմը զուտ բարոյական է։ Ռուսաստանում, այն էլ Ռուս Ուղղափառ Եկեղեցում, չեն կարող չիմանալ, թե ինչ նշանակություն և ազդեցություն է ունեցել Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի ողջ ճակատագրի վրա և թե ինչպես է ընկալում հայ ժողովուրդը Եղեռնին վերաբերող հարցերը։ Սա ականապատ դաշտ է, որտեղ ամեն սխալ քայլ կարող է ճակատագրական դառնալ։ Հետևապես անհրաժեշտ է, որպեսզի ոչ ոք չկորցնի այդ զգոնությունը և դրանով չվնասի ռուս֊հայկական ավանդապես բարեդրացիական հարաբերություններին։ Այս հարցում շահագրգռվածությունն երկկողմանի է։ Եվ ուրեմն պետք է նստել ու խոսել ռուսների հետ՝ որպես վեճի հանգուցալուծման միակ ընդունելի տարբերակ համարելով բացառապես Հայաստանի շահերի անվերապահ պաշտպանությունը պաշտոնական Մոսկվայի կողմից։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում