Ծանոթացեք, Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղն է (լուսանկարներ)

Եթե Քարվաճառից դուրս գաք եւ ճանապարհով ներքեւ իջնեք, առաջին գյուղը, որ կհանդիպեք, Նոր Վերինշեն գյուղն է: Այն ազատագրվել է 1993-ի ապրիլի 3-ին: Գյուղի պատմական անվանում է Գետաշեն: Այդ են վկայում տարածքի մասին արձանագորությունները, ինչպես նաեւ այն, որ ադրբեջանական բռնազավթման ժամանակ գյուղն անվանվել է Չայքենդ: Թուրքերը հայկական տեղանուններն անվանափոխելիս կա´մ օգտագործել են հայկականի աղավաղված ձեւը, ինչպես, օրինակ, Քարվաճառ-Քյալբաջար դեպքում, կա´մ էլ կատարել են իմաստային թարգմանություն: «Չայ» թուրքերեն նշանակում է «գետ», իսկ «քենդ»` կառուցել:
Ազատագրումից հետո, սակայն, գյուղի պատմական անվանումն անտեսվեց, եւ այն կոչվեց Նոր Վերինշեն` Շահումյանի շրջանի բռնազավթված Վերինշեն գյուղի անունով: Ի դեպ, ազատագրված տարածքներն անվանակոչելիս այս սկզբունքը հաճախ է օգտագործվել:
Գյուղում այժմ ապրում է 56 ընտանիք, դպրոցն ունի մոտավորապես 60 աշակերտ:
Նոր Վերինշեն գյուղի բնությունն ավելի մեղմ է, քան Քարվաճառինը, տարածքը հարմար է անասնապահության համար: Գյուղի միջով հոսում է Տրտու (Թարթառ) գետը:
Թամարա Գրիգորյան