Եւ գյուղապետերը կանվանակոչեն Քարվաճառի շրջանի բնակավայրերը…

Օրերս Քարվաճառում տեղեկություն տարածվեց, ըստ որի Քարվաճառի (պաշտոնապես` Շահումյանի) շրջանի որոշ բնակավայրեր պետք է առաջիկայում անվանակոչվեն: Դրանք այն վայրերն են, որոնք դեռեւս կրում են թուրքական անվանումներ կամ էլ որոնց անվանումներն անբարեհունչ են:
Տեղանուններն ունեն ինչպես պատմական, այնպես էլ` հոգեբանական նշանակություն, եւ անվանակոչման պատասխանատու գործը, հարկավ, պետք է վստահվի գործի գիտակներին:
Ազատագրված Քարվաճառի շրջանի բախտն այս հարցում այնքան էլ չի բերել: Նախ, տարածքն անվանվեց Շահումյանի շրջան, ինչը ճիշտ չէ մի քանի առումներով. նախ, տարածքն ունի պատմական գեղեցիկ անուններ՝ Վայկունիք, Ծարա երկիր, Վերին Խաչեն, Քարվաճառ, եւ երկրորդ, այս տարածքն անվանելով Շահումյանի շրջան, կարծես թե ինքներս հրաժարվում ենք բռնազավթված Արցախի պատմական Կողթ գավառը (ուշ միջնադարի՝ Գյուլիստանը, խորհրդային ժամանակաշրջանի՝ Շահումյանը) երբեւէ ազատագրելու մտքից: Մեկ այլ հարց է, թե որքա՞ն է ճիշտ առհասարակ Ստ. Շահումյանի անունով անկախ հայոց պետության որեւէ բնակավայր անվանակոչելը:
Շրջանի համայնքներն էլ հիմնականում անվանակոչվել են կորցրած Շահումյանի շրջանի գյուղերի անուններով. Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն… Անվանակոչելիս բնակավայրի պատմական անվանումն առհասարակ անտեսվել է, իսկ որոշ դեպքերում էլ օգտագործվել է թուրքական աղավաղված տարբերակը, ինչպես օրինակ՝ Խրխափոր-Խարխափուտ, Այրքաջ-Էրքեջ, Մանուշեցիք/Մնաշեն-Մանաշիդ դեպքերում:
Այժմ պետք է անվանակոչվեն կամ անվանափոխվեն շրջանի մի շարք բնակավայրեր, եւ ըստ տեղեկությունների այդ գործը վստահված է համայքների ղեկավարներին, ասել է թե` գյուղապետերին: Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար այցելեցի ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռոման Բաբաջանյանին: Վերջինս հաստատեց տեղեկատվությունը. իսկապես, որոշ բնակավայրերի պետք է տրվեն անվանումներ, ինչպես նաեւ օտարահունչ եւ ոչ բարեհունչ անունները կվերանվանվեն հայերեն: Առաջին հայացքից ողջունելի նախաձեռնություն է. ի՞նչ վատ է, եթե տեղանունները հայկականացվեն: Իհարկե, շատ լավ է, եթե դա արվի մասնագետի կողմից, եթե փորձ արվի նախ վերականգնել տարածքի պատմական անվանումը, իսկ եթե դա, այնուամենայնիվ, անհնար է, նոր միայն ձեռնամուխ լինել նոր անվան ստեղծմանը: Պարոն Բաբաջանյանը նշեց, որ այո, ավելի ճիշտ կլինի պատմական անվանումները վերականգնելը, «բայց դա շատ բարդ գործ է, եւ դրա համար մասնագետ է պետք»: Նա նաեւ ավելացրեց, որ հիմնական համայնքների անվանումները չեն փոխվելու, անվանակոչումը վերաբերում է ներկայումս լքված մի քան տասնյակ բնակավայրերի:
Ինչեւէ, նոյեմբերի 30-ին այդ անվանումներն արդեն կուղարկվեն ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, եւ առաջիկայում մենք էլ կտեղեկանանք, թե ի՞նչ անվանումներ են մտածել Քարվաճառի շրջանի համայնքապետերը բնակավայրերի համար: Հուսանք, որ չափազանց անհեթեթ ու պարզունակ անվանումների չենք հանդիպի. դա միայն կբարդացնի հետագա վերանվանափոխման և նախկին կոպտագույն սխալներն ուղղելու անխուսափելի գործը:
Թամարա Գրիգորյան