Արցախյան ազատամարտ. Պատմում է Իվան Ազիզբեկյանը

Արցախյան ազատամարտ. Պատմում է Իվան Ազիզբեկյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։ 

Եվ այսպես, պատմում է Իվան Ազիզբեկյանը՝

1988թ-ին մենք Սումգայիթում էինք: 23 տարի ապրում էի մի երկրում, որտեղ ազգերի եղբայրություն ու բարեկամություն էր քարոզվում: Մայրս պատշգամբում կանգնած նայում էր ադրբեջանցիների գազանություններին, ամենուր ջարդում էին, թալանում, սպանում: Մորս աչքերի անհուն թախիծն ամբողջացավ երկու բառում միայն. «Դոլանլարը կրկվում է…» Նրա տատը 1918 թ. եղեռնի ժամանակ 3 տարեկան էր: Տանջանքներով լի անհայտություն տանող ճանապարհին ծնողները նահատակվել են ու միայն հրաշքով է, որ փոքրիկ երեխաները` մորս տատիկն ու իր եղբայրները փրկվել, հասել են Հադրութի շրջան՝ հիմնելով Դոլանլար` ներկայիս Արևշատ գյուղը:

Մարդ կյանքի լավագույն տարիներն ապրի ապահովության պատրանքի ներքո և հանկարծ… մի ակնթարթում ամեն ինչ փլվեց: Փլվեց ու ես ամեն ինչ տեսա սեփական աչքերով, երբ ես պատահաբար չընկա ադրբեջանցիների ձեռքը, երբ ես հասկացա, որ ամեն մարդ պետք է իր տանը ապրի, իր հողում և յուրաքանչյուր հայ տղամարդ պարտավոր է զենք կրել ու զենքով պաշտպանել իր ընտանիքը…

Մենք հավաքվեցինք, որ վերադառնանք հայրենիք: Մեր հարևանները փորձում էին մեզ կանգնեցնել, թե ամեն ինչ ավարտվել է, պետք է հաղթահարել այդ փորձությունն ու նորից ապրել համերաշխ: Բայց մեզ համար ամեն ինչ պարզ էր: Մենք հնարավորություն ունեինք գնալու դեպի Ռուսաստան: Բայց անիմաստ էր մի օտարությունից ճանապարհ բռնել դեպի մեկ այլ օտարություն: Ինչ էլ անես, օտար երկրում դու երրորդ կարգի մարդ ես լինելու: Իսկ այստեղ դու քո տանն ես ու քո տան տերն ես: Ու ոչ մի սոցիալական ձեռքբերում ու ֆինանսական բարեկեցություն ի վիճակի չէ փոխհատուցելու հյուրի կարգավիճակով ապրելու հոգեվիճակը: Մինչդեռ այստեղ ես հարազատ հողում եմ, արյամբ սրբագործված հողում, ու վայ նրան, ով փորձի խախտել հայրենիքիս անդորրը:

Այդպես հավաքվեցինք ու եկանք Արցախ: Մինչ այդ, ես հաճախ էի լինում Հադրութում, իսկ Ստեփանակերտն առաջին անգամ էի տեսնում: Դա մի փոքրիկ հրաշք քաղաք էր` հրաշք բնակիչներով: Անհնար էր չսիրահարվել Ստեփանակերտին: 1988-ին Արկադի Մանուչարովի թիկնապահն էի ու, կարգադրության համաձայն, երիտասարդներին մարզում էի, ինքնապաշտպանության տարբեր հնարքներ էի սովորեցնում: Ինչպես արդեն ասացի, ես 23 տարեկան էի, ու 18-ամյա եղբորս հետ առանց երկմտելու զինվորագրվեցինք Հադրութի ինքնապաշտպանական «Զևս» ջոկատին: Ազատագրական մարտերին սկզբում մասնակցում էի «Զևս» ջոկատի կազմում, այնուհետև, երբ կազմավորվեց մեր կանոնավոր բանակը, ընդգրկվեցինք բանակի կազմի մեջ: Մասնակցել եմ Տողի, Հողերի, Մալիբեյլիի / Աջափնյակի/, Խոջալուի / Իվանյանի/, Գյումշատու, Ղաջար /Ջիվանի/ համայնքների ազատագրական մարտերին: Հիամնականում մենք Հադրութի սահմաններն էինք հսկում, բայց երբ պետք էր լինում, մեկնում էինք հարևան շրջանների մարտերին ևս մասնակցում: Այդպես մասնակցել ենք Շահումյանի ու Մարտունու շրջանների մարտերին: 1992թ. սեպտեմբերին ինձ նշանակեցին 16-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, հետո 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին նշանակվել եմ Տումիի գումարտակի հրամանատար, որ վերահսկում էր Տումի, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը:

Պատերազմը պատերազմ, բայց ապրել էր պետք, ուժ էր պետք, կամք, որ կարողանանք ժպտալ` ցավը թողելով մեր հոգու խորքում: Ոչ ոք չէր աշխատում, գումար վաստակող չկար, բայց ապրում էինք, մեկս մեկին օգնելով` ապրում էինք ու լավ էինք ապրում: Հիմա, երբ փորձում եմ տակնուվրա անել հիշողությունս ու մի բան պատմել անցած-գնացած օրերից, միայն ուրախ դեպքերն եմ հիշում: Գուցե նրանից է, որ պատերազմն ինձնից շատ բան է խլել, կորցրած ընկերներիս տեղը հավերժ բաց կմնա, ու վիրավորումից քայքայված առողջությունս, ցավող մարմինս էլ միշտ ինձ հետ կլինեն, բայց ապրելու համար պետք է լավատես լինել: Անցյալից պետք է դաս առնել ու միայն լավ հիշողություններով բեռնված` առաջ գնալ: Իսկ այդպիսի հիշողությունները շատ-շատ են: Ահա դրանցից մի քանիսը.

Մենք ազատագրել էինք 43-րդ դիրքը, սակայն երեկոյան թուրքերը հարձակվել ու հետ էին վերցրել այդ բարձունքը: Այն Տողի գինեգործարանից վերև է գտնվում: Մենք հրաման ստացանք համար 1 հայտարարել ու հետ վերադարձնել բարձունքը: Այդպես էլ արեցինք: Գրոհեցինք բարձունքը, որտեղ թուրքերն արդեն դիրքավորվել էին: Ես ու Արմեն Գասպարյանը` Արմենչո էինք ասում միասին, միմյանց պատսպարելով բարձրանում էինք: Կարծես կինոյում լինեինք: Թուրքերը կրակում էին, մենք էլ մագլցելով բարձրանում բարձունքը: Այդպես մոտ 2-3 կմ: Երիտասարդներ էինք, լավ մարզավիճակում: Հասանք բարձունքի գագաթն ու նկատեցինք, որ մենակ ենք, մեր ընկերները չկան, իսկ թուրքերն այնքան մոտիկ են, որ մենք լսում ենք նրանց խոսակցությունները: Թուրքերը միմյանց զգուշացնում էին, թե` սևերը գալիս են, սևերը գալիս են: Մենք սև համազգեստով էինք, դրա համար էլ մեզ սևեր էին ասում: Երկու հոգով բարձունքին կանգնած չգիտեինք, ինչ անել: Ատրճանակիս փամփուշտները մատների վրա կարելի էր հաշվել իսկ Արմենչոն ընդամենը երկու նռնակ ուներ: Որոշեցինք խորամանկության դիմել: Սկսեցինք բարձր-բարձր գոռգոռալ` գումարտակ առաջ, վաշտ առաջ, նռնականետ աջից գնա, գնդացրորդ` ձախից: Ուռա, առաջ ենք գնում: Գոռում էինք, ու մի նռնակ նետում, գոռում էինք ու մեր վերջին գնդակները կրակում: Զգացինք, որ թուրքերի մոտ խուճապ է սկսել: Էս ոչխարներն սկսեցին խուճապահար փախչել, սևերը գալիս են, սևերը գալիս են… Այդպես մենք ազտագրեցինք բարձունքն ու, միայն հետո հասկացանք, թե ինչ խենթություն էր մեր արածը… Մեզ մոտ երկու փամփուշտ էր մնացել…

Մի անգամ դիրքում եղբայրս սկսեց կատակել մի տղայի հետ: Նռնակներից էին խոսում: Եղբայրս փորձում էր համոզել տղային, որ իր ձեռքի նռնակը բանի պետք չէ, ու կարող է հենց այդպես իր ձեռքին էլ պայթել: Ասում էր նետիր դա, տղան էլ շփոթվել-կանգնել էր, ասում էր, բա որ գցեմ, դու ինձ կտաս լավը, իսկականը: Եղբայրս խոստացավ նրան լավ նռնակ նվիրել ու մեր երիտասարդը օղակը հանեց ու նետեց նռնակը: Դու մի ասա, այդ պահին թուրքերը շրջապատել էին մեզ: Երբ նռնակը պայթեց, թուրքերը մտածեցին, թե մենք նկատել ենք նրանց ու թաքստոցներից դուրս գալով, սկսեցին կրակել մեզ վրա: Մենք արագ կազմակերպվեցինք ու հետ շպրտեցինք թշնամուն: Փաստորեն, այդ միջադեպը փրկեց մեր կյանքը:

Մի անգամ, երբ պետք է հարձակվեինք Հողերի վրա, թուրքերն ամեն կողմից կրակում էին մեզ: Մենք հակակարկտային ալազան ունեինք, որոշեցինք, կրակել, ու խուճապի մատնել թշնամուն: Միացրինք հակակարկատային կայանքը, բայց անձրևի ու արևի տակ անխնամ ընկած լինելով այն փչացել էր: Ալազանը դուրս չէր գալիս փողից ու այդ ճնշման տակ կայանքը սարսափելի ձայն հանելով սկսեց շրջանաձև պտտույտներ անել: Պայթյունի որոտը թուրքերի մոտ խուճապ առաջացրեց, հետ նահանջեցին: Նրանք կարծում էին, թե հայերը նոր զենք են ստեղծել, որը կարող է պտտվել 360 աստիճանով ու կրակել:

Մի անգամ Ինքնապաշտպանության շտաբում էինք, երբ ռուսաստանահայ մի երիտասարդ եկավ ու, մի տեսակ հանդիսավոր, ռուսերենով բարձր-բարձր դիմեց Սամվել Բաբայանին.

-Թույլ կտաք դիմել, պարոն նախարար:

-Թույլ եմ տալիս:

-Պարոն նախարար, ես կռվել եմ Ավոյի մոտ, ես կռվել եմ այսինչ, այնինչ տեղերում: Ես մի ցիստեռն /600լ/ օղի եմ գտել: Պարոն նախարար, ես կռվել եմ Ավոյի մոտ, թույլ կտաք օղին հետս տանեմ Ռուսաստան:

Բոլորը շվարած նայեցին միմյանց, չգիտեին ինչ անել: Չնայած երիտասարդի տարօրինակ կեցվածքին, Սամվել Բաբայանը մտածեց, թե սխալ կլինի մերժել Ավոյի զինվորին: Այդ պահին պատահաբար Ավոն ներս մտավ: Երիտասարդը հանդիսավոր քայլվածքով մոտեցավ Ավոյին, բայց Ավոն ռուսերեն ընդհանրապես չգիտեր, չէր հասկանում:

-Թուլյ կտաք դիմել ընկեր Ավո,- երիտասարդն է` նույն հանդիսավոր ռուսերենով:

-Այո, այո, այո,- Ավոն է:

-Ընկեր Ավո, ես մի ցիստեռն օղի եմ գտել:

-Այո, այո, այո:

-Ընկեր Ավո, թույլ կտաք ես իմ գտած օղին հետս տանեմ Ռուսաստան:

-Այո, այո,- հետևեց պատասխանը:

Մեզնից մեկը մոտեցավ, թե` Ավո, դու թույլ ես տալիս, որ նա 600լ օղին վերցնի տանի Ռուսաստան:

-Ի՞նչ օղի, ինչի՞ց եք խոսում,- զարմացավ Ավոն:

-Դե, դուք հենց նոր այս երիտասարդին թույլ տվեցիք օղին տանի Ռուսաստան:

-Չէ, ինքը հարցնում էր ես նրան ճանաչում եմ, ես ասացի՝ այո, ինքը հարցրեց ես նրան հիշում եմ, ես ասացի՝ այո: Օղի եք ուզում տաք, տվեք, ես ինչ գործ ունեմ, ինձ մի խառնեք,- ասաց ու ձեռքը թափ տալով դուրս եկավ: 

Երիտասարդն էլ հետևից վազում, չգիտեր ինչ անել: Իսկ մենք ծիծաղից արդեն թուլացել էինք:

Եթե դու լավ հրամանատար ես, ուրեմն քո շուրջը համախմբվում են լավ տղաներ:

Ընկերներիցս ամեն մեկն իր երազանքն ուներ, ապագայի իր տեսլականը: Ես ուզում եմ, որ մեր զավակները մի օր ապրեն այնպիսի երկրում, ինչպիսին նրանք էին երազում: Դրա համար մենք պետք է օր ու գիշեր աշխատենք ու մեր երկիրը մոտեցնենք նրանց երազած հայրենիքին:

Զրույցը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում