Ջավախահայության ձայնը կլսվի ոչ միայն Ախալքալակից Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա

Ջավախահայության ձայնը կլսվի ոչ միայն Ախալքալակից Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա

Անրադառնալ ադրբեջանական հաքքին.ազ կայքի Հունվարի 16-ի «Անջատողական Չախալյանի ազատ արձակումը ՝ իշխանությունների մեծ սխալն էր» վերտառությամբ՝ ոմն Կարինա Գրիգորյանի հետ արված հարցազրույցին բնավ չէի ցանկանա, եթե չունենայի մտահոգություն, որ թուրք-ազերիական մամուլը և նրանւմ գոյատևող հայանուն և վրացաանուն տականքը իմ լռությունից չէր ոգևորվի և ավելի չէր լկտիանա…

Կարդալով նյութն այնպիսի տպավորություն ես ստանում, որ Ալիևն իր գրպանի լրագրողների հետ ուս-ուսի տված ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները հորով֊մորով անելուց հետո օգնության ձեռք է մեկնել Վրաստանին՝ ջանալով նրան փրկել ջավախահայությունից ընդհանրապես և Չախալյանից մասնավորապես:
Անգրագիտության ամենաներքևի և ապատեղեկատվություն տարածելու ամենավերևի աստիճանին գտնվող ալիևյան թափթփուկները չեն էլ կարողացել տարբերել, որ խոսքը՝ հայցը քննության չընդունելու մասին է, իսկ հայցով ՄԻԵԴ ես դեռևս բանտից էի դիմել, սրանից ավելի քան հինգ տարի առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերին։ Իսկ թե ինչու է Եվրոդատարանը հարկ համարել հենց հիմա նայել և քննության չընդունել, դա իրենք՝ եվրոպացիները, լավ կիմանան և ամենևին էլ ալիևյան թափթփուկների խելքի բանը չէ:

Իմ՝ ընդհատակ անցնելու մասին տեղեկությանը, թերևս, կարելի էր ծիծաղով վերաբերվել, եթե այն իր մեջ չպարունակեր հեռուն տանող և սադրանքներ հրահրող բաղադրիչներ: Իմ գործունեությունը եղել է և միշտ էլ լինելու է թափանցիկ ու Վրաստանի Սահամանադրության շրջանակներում, նրա օրենսդրության տառին և ոգուն համահունչ, իսկ այն վարկաբեկել ցանկացողները միմիայն կատարել են թուրք-ազերիական հատուկ ծառայությունների պատվերը և ոչինչ ավելին:

Վրաստանում այսօր քչերը կգտնվեն, ովքեր դեռևս հավատում են ալիևասահակաշվիլիական պրոպագանդայի արգասիք՝ Ջավախքի անջատողականության հեքիաթին, որի այդ ծավալի տիրաժավորումը նպատակ էր հետապնդում շեղելու Վրաստանի հանրային ուշադրությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանն իրական սպառնալիք հանդիսացող վտանգից՝ այն է Վրաստանի՝ որպես քրիստոնեական երկրի վերացումով և նրա տեղում թրքա-ազերիական միավորի ձևավորմամբ, այսինքն պանթուրանական ծրագրի ամենագլխավոր կետի ի կատար ածմամբ:

Այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի անվտանգության իրական սպառնալիքը ոչ թե ջավախահայությունն է,  իր՝ տարածաշրջանում Հայերենին և Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի, ինչպես նաև Հայկական դպրոցներում՝ Գրականության և Պատմության դասաժամերի վերականգման պահանջներով, այլ «որևիցե պահանջ չներկայացնող», թուրք-ազերիական ներդրումային ծրագրեր անվամբ քողարկված, նույն թուրք-ազերիական ֆինանսական միջոցներով և նախկին տխրահռչակ նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Մ. Սահակաշվիլու բարձր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված պանթուրանական ծրագիրը:

Դրա բաղադրիչները կազմում են ինչպես մի շարք այսպես կոչված «տարածաշրջանային ծրագրերը»՝ այդ թվում Կարս-Ախալքալակի, Բաքու-Ջեհյանի, Շահ-Դենիս–Էրզրումի, Թափարվան և Քուռ գետերի վրա ՀԷԿ֊երի շինարարությունները, այնպես էլ «ներվրացական» խնդիրների լուծումը՝ ինչպիսիք են թուրք-մեսխեթցիների «հայրենադարձության խնդիրը», 150֊ից ավելի մզկիթների կառուցումը, Հեյդար Ալիևի անվան երիտասարդական կենտրոնների ստեղծումը, թրքա-ազերիական ժողովրդագրական աճի արհեստական խթանումը, դրա հետ զուգահեռաբար՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ ստեղծելու միջոցով Վրաստանում բնակվող քրիստոնեա ժողովուրդների ժողովրդագրական աճի արհեստական դանդաղեցումը և ծնելիության նվազեցումը, ինչպես դա տեղի է ունեցել հայերի և վրացիների պարագայում, կամ էլ համատարած արտագաղթի միջոցով ժողովրդագրական աճի բացարձակ դադարեցում, որը տեղի ունեցավ հույների հետ: Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի քրիստոնեա բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 30 տոկոսով, իսկ թրքա-ազերիների թիվը կրկնապատկվել է…

Անշուշտ, հայ-վրացական կոնֆլիկտը թուրք-ազերիական դարավոր երազանքն է, որը երազանք էլ մնալու է, դա բացարձակապես ջավախահայության քաղաքացիական բարձր գիտակցության, պատասխանատվության և համբերության շնորհիվ է, որը միայն դրվատանքի է արժանի: Իր առջև ծառացած խնդիրները ջավախահայությունը միշտ էլ ձգտել է լուծել քաղաքակիրթ ճանապարհներով և երկխոսության միջոցով:

Ջավախահայությունը չի ընդունել, չի ընդունում և երբևիցե չի ընդունելու այսպես կոչված Կարս–Ախալքալակ ծրագրի գոյությունը, այն իրականացվել է բացառապես անօրինական մեթոդներով ջավախահայերից խլված հողակտորների վրա: Նրա այսօրվա լռությունը դա ամենևին էլ ի նշան համաձայնության չէ, ինչպես փորձում են ներկայացնել Սահակաշվիլի-Ալիև-Էրդողան եռյակը, այն մի ամբողջ պետական մեքենայի կողմից տարիներ շարունակ վարած՝ ահաբեկումների, ձերբակալությունների, հետապնդումների և հալածանքների քաղաքականության հետևանք է, տասնյակ միլիոնավոր դոլարների ու մարդկային անմեղ զոհերի գնով ձեռք բերված լռություն: Եվ միանշանակ, երբ այդ բռնությունների հետևանքները վերանան, իսկ դրանք մի օր հաստատ վերանալու են, ապա ջավախահայության ձայնը վստահ լսվելու է և ոչ միայն Ախալքալակից Կարս, այլև Բաքվից մինչև Անկարա…

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում