Ռուսաստանը սկսել է ավելի լուրջ մոտենալ թուրք-ադրբեջանական հանգամանքին. հավասարակշռելու ժամանակն անցել է. Գագիկ Հարությունյան

Ռուսաստանը սկսել է ավելի լուրջ մոտենալ թուրք-ադրբեջանական հանգամանքին. հավասարակշռելու ժամանակն անցել է. Գագիկ Հարությունյան

Ռուս-թուրքական հակասությունից Հայաստանի օգուտն այն էր, որ Ռուսաստանը սկսեց ավելի լուրջ մոտենալ թուրք-ադրբեջանական հանգամանքին. հավասարակշռելու փորձերի ժամանակը գոնե ՌԴ-ի համար անցել է: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

-Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը Եվրոպա գազ մատակարարելու լուրջ հայտ ներկայացրեց: Մասնավորապես՝ Իրանի գազի ազգային ընկերության (ԻԳԱԸ) միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտարարեց, թե Ռուսաստանի օրինակով Իրանը նույնպես կարող է Եվրոպային գազ վաճառել, և եթե ՌԴ-ը դա իրականացնում է  3 հազար կիլոմետր երկարությամբ խողովակաշարով, ապա Իրանի դեպքում գազ կհասցվի Եվրոպա Սև ծովով, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի տարածքով կամ մի քանի խողովակաշարերի  միջոցով: Նավթագազային շահերը կարո՞ղ են հանգեցնել Իրան-Ռուսաստան տարաձայնության կամ «բախման»: 

-Նրանց միջև համագործակցությունը մի հարթությունում է գնում, խոսքը ռազմականի մասին է, որը վերաբերում է նաև հրթիռների վաճառքին, նախկինում էմբարգո կար, չէին կարող: Եվ, անշուշտ, կան տնտեսական խնդիրներ, որտեղ ամեն մեկն իր շահերից ելնելով յուրովի է գործում: Պիտի ասեմ, որ Իրանի նավթային շուկա մտնելու հետևանքների հետ կապված խոսակցությունները չափազանցված են, քանի որ Իրանը դեռ չէր մտել, երբ մեկ բարել նավթի արժեքն արդեն 30 դոլարից ցածր էր: Բայց, իրոք, սա լուրջ խնդիր է, որովհետև Իրանն ունի կուտակած նավթ, որը կարող է  ցածր գնով վաճառել, ինչը ձեռնտու չէ ռուսներին: Միաժամանակ, ռուսները հասկանում են, որ հիմնական գործոնը Իրանը կամ Սաուդիան Արաբիան չէ, այլ, որ այս աշխարհատնտեսական խաղն ավելի շուտ արևմտյան գործընկերներն են կազմակերպում: 

-Ժամանակին Ռուսաստանին մեղմ ասած՝ չէր ոգևորում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման գաղափարը, այսօր, սակայն, ոչ միայն ողջունում են, այլև պատրաստ են քննարկել այդ նախագծին իրենց հնարավոր մասնակցության հարցը: Ի՞նչ է փոխվել:  

-Առաջացել է Թեհրան-Մոսկվա առանցք,  որտեղ կարևոր դեր է խաղում Հայաստանը, քանի որ ճանապարհը դեպի Մոսկվա ինչ-որ տեղ տարվում է Երևանով: Կարծում եմ  չփոխելով իրենց աշխարհատնտեսական մոտեցումներն արդյունքի մասին, թե այդքան ապրանք չկա տեղափոխելու, որում ինչ-որ առումով չէին սխալվում, տեսնում են, որ աշխարհաքաղաքական գործոնը սկսել է ավելի կարևորվել, քան աշխարհատնտեսականը, ինչն առկա է նաև նավթի դեպքում:

-Ռուս տնտեսագետները պնդում են, թե ժամանակն է, որ Ռուսաստանը փոխի իր տնտեսական ուղեգիծը. որդեգրի արդյունաբերական քաղաքականություն և դիվերսիֆիկացնի տնտեսությունը: Հայաստանը, հաշվի առնելով  ՌԴ-ի տնտեսական վիճակից կախվածության հետևանքները, ի՞նչ պիտի փոխի տնտեսական իր կուրսում:

-Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս տարի ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական բաղադրիչը նվազելու է, որովհետև բոլոր երկրներում գրեթե խնդիրներ կան: Օրերս Ղրղզստանը չեղարկեց իր պայմանագիրը Ռուսաստանի հետ ՀԷԿ կառուցելու մասին, ռուսները հայտարարեցին, որ վարկեր չեն տալու և զուսպ են լինելու վարկային քաղաքականությունում: Շատ դժվար է ասել, թե ինչպես կլինի, այսօր ՌԴ-ում երկու ուղղություն կա. առաջին՝ խոսում են արդյունաբերության զարգացման մասին, դա ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի խումբն է, որն առաջարկում է բավական կոշտ միջոցներ արդյունաբերության և այլնի զարգացման վերաբերյալ, որի հետ համաձայն եմ. տեսնում ենք, որ հակառակը լավ չի աշխատում: Ռուսները կորցրել են իրենց տեխնոլոգիական ներուժը. փակվել է մոտ 5.000 գերատեսչական ինստիտուտ՝ հետազոտությունների կենտրոն, որտեղ կատարվում էին կիրառական նշանակության հետազոտություններ: Գուցե բոլորը փայլուն ինստիտուտներ չէին, բայցևայնպես…Այսօր ՌԴ-ի ղեկավարությունն ի դեմս Պուտինի գտնվում է երկկողմանի քննադատության տակ. ազատականները պահանջում են ավելի լիբերալ մոտեցումներ, և ավելի ռադիկալ՝ Գլազևի կողմից: Ես կարծում եմ, որ Պուտինը բավականին հավասարակշիռ քաղաքականություն է վարում՝ հետևելով չինական դեղատոմսին. չինացիները կարողանում են և ազատական մոտեցումներ ունենալ, և իրենց պետական արդյունաբերական քաղաքականությունը վարել: Սրա շնորհիվ ռուսական տնտեսությունը բավականին առողջացել է, այն է՝ հայտնվել են ընկերություններ, որոնք տարբեր սարքավորումներ, մեքենաներ են արտադրում, որը նախկինում չէինք նկատում: Պուտինը հետևում է չինական կուրսին, որը շատ ճիշտ է: Ըստ իս՝ մենք ևս նման մի բան պիտի անենք: Ես համոզված եմ, որ մեզ մոտ միշտ կլինի այս վիճակը, որը փայլուն չէ, եթե չկարողանանք փոխել վերաբերմունքը դեպի արդյունաբերությունը, տեխնոլոգիաները: Մենք անցած տարի ծավալուն զեկույց ենք ներկայացրել, թե ինչպես է ժողովրդագրական վիճակը կապված տեխնոլոգիաների զարգացման հետ,  և քանի որ վերջինը զարգացած չէ, ունենք այն ժողովրդագրական վիճակը, որն ունենք:

-Ռուս-թուրքական հարաբերություններն ի՞նչ երանգավորում կարող են ընթացիկ տարում ստանալ: Եվ որքանով է Հայաստանը կարողանում օգտվել աշխարհաքաղաքական կամ երկկողմ հակամարտություններից:

-Կարծում եմ նույն ձևով կշարունակվի: Ինչ վերաբերում է օգուտներին, ապա այն, որ այդ հակասությունը բերել է նրան, որ Ռուսաստանը սկսել է ավելի լուրջ մոտենալ թուրք-ադրբեջանական հանգամանքին, արդեն իսկ մեզ օգուտ է: Կարծում եմ, որ մեր նախագահի ելույթը ՀԱՊԿ հավաքի ժամանակ նույնպես դրա մասին էր խոսում, որովհետև այն, որ փորձում էին հավասարակշռել, գոնե ՌԴ-ի համար անցել է: Սա լրացուցիչ զսպաշապիկ է Ադրբեջանի համար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում