Թուրքիայի «փախուստը» դեպի Եվրոպա

Թուրքիայի «փախուստը» դեպի Եվրոպա

Եվրամիությունը 2015թ.-ից սկսած ապրում է երեք խոր ճգնաժամ: Դրանք են պարտքային ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և, իհարկե, փախստականների ճգնաժամը: Վերջինը լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի է վերածվել, որը հենց եվրոպացի չինովնիկների գնահատմամբ` աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Եվրամիության պաշտոնական տվյալներով` 2015թ.ի ընթացքում եվրոպական երկրներում են հայտնվել մոտ 1,5 միլիոն փախստական, որոնց մեծ մասը գաղթել է Մերձավոր Արևելքից (Սիրիա, Իրաք) և Հյուսիսային Աֆրիկայից:

Փախստականների հոսքը չի դադարում: Ամենամեծ թվով փախստականներ ընդունել է Գերմանիան, մնացած եվրոպական երկրները խուսափում են այդ տարաբախտ մարդկանց ընդունելուց: Եվ հենց Գերմանիայում փախստականների հարցը վերածվել է ներքաղաքական լուրջ խնդրի: Մեծ բողոք է հասունացել կանցլեր Անգելա Մերկելի հանդեպ: Վերջինս ընդդիմախոսների, անգամ սեփական կուսակիցների կողմից ենթարկվում է սուր քննադատության փախստականների հարցում մեղմ դիրքորոշում որդեգրելու և նրանց առջև Գերմանիայի դռները բացելու համար: Մի խումբ փաստաբաններ արդեն դատի են տվել Մերկելին` պնդելով, որ նա խախտել է Գերմանիայի սահմանադրությունը:

Այդ քաղաքական բանավեճն ավելի սրվեց, երբ ամանորյա տոներին Գերմանիայի քաղաքներում, մասնավորապես Քյոլնում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որոնցում մեղադրվում են արաբական և աֆրիկյան արտաքին ունեցող անձինք: Նրանք կասկածվում են կանանց նկատմամբ ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ: Այլ կերպ ասած` հարյուր հազարավոր փախստականների առկայությունը Եվրոպայում հանգեցնում է լուրջ սոցիալական լարվածության, որն ամեն պահի կարող է վերածվել էթնիկական և կրոնական ատելության: Իսկ նացիզմի և ֆաշիզմի անցյալ ունեցող Եվրոպայում այդ խնդիրը շատ ցավագին է ընկալվում:

Մյուս կողմից առկա է զուտ նյութական բնույթի բողոք: Եվրոպական երկրների կառավարությունները ստիպված են մեծ գումարներ ծախսել փախստականներին տեղավորելու, նրանց կյանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և սոցիումին ինտեգրելու համար: Իսկ դա էլ հարուցում է եվրոպացի շարքային հարկատուների զայրույթը, հատկապես տնտեսական ճգնաժամի ներկա պայմաններում:

Եվրամիության անդամ 28 երկրների միջև չկա միասնական դիրքորոշում, թե ինչպես լուծել փախստականների խնդիրը: Բանը հասել է այնտեղ, որ երկրների առաջին դեմքերը պնդում են, թե Շենգեն գոտին վտանգի տակ է: ԵՄ անդամ պետություններն աստիճանաբար սկսում են փակել իրենց սահմանները և խիստ վերահսկողություն իրականացնել: Իսկ դա շատ մեծ նահանջ է միասնական Եվրոպայի գաղափարից: Սահմանային վերահսկողություն են կիրառում արդեն 7 եվրոպական երկիր` Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ փախստականների ճգնաժամը կարող է ոչնչացնել Եվրոպան` նկատի ունենալով միասնական Եվրոպայի գաղափարը: Ըստ նրա` եթե վերանա Շենգեն գոտին, ինչի վտանգն այսօր ստեղծվել է, ապա կարող է շատ կարճ ժամանակ անց վերանա միասնական եվրոպական արժույթը` եվրոն, քանի որ միասնական արժույթն անիմաստ է դառնում, երբ վերանում է մարդկանց ազատ տեղաշարժը: Ահա այսպիսի բանավեճ է ծավալվել ամբողջ Եվրոպայում փախստականների խնդրի պատճառով:

Այս մռայլ ֆոնին Եվրամիության համար, որքան էլ տարօրինակ է, Թուրքիան է դառնում փախստականների խնդրի կարգավորման վերջին հույսը: Տարօրինակ է այն իմաստով, որ հենց Թուրքիայի տարածքից են փախստականների մեծ մասը հայտնվում Եվրոպա: Դեռ 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել հետևյալի մասին. Թուրքիան կանխում է փախստականների անկանոն հոսքը դեպի Եվրոպա, այլ կերպ ասած` փախստականներին պահում է իր մոտ, ինչի դիմաց Եվրամիությունը Թուրքիային տալիս է 3 միլիարդ եվրո, վերսկսում ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները և առաջիկայում ազատ վիզային ռեժիմ սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար:

Անցել է բավական ժամանակ, սակայն այդ պայմանավորվածություններից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Եվրամիության երկրներից, օրինակ, Իտալիան դեմ է այդ 3 միլիարդը Թուրքիային հատկացնելուն: 3 միլիարդ եվրոյի 500 միլիոնը համաեվրոպական բյուջեից է հատկացվելու, սակայն 2,5 միլիարդը պետք է տրամադրեն անդամ պետությունները: Եվրոպական երկրներում, անգամ Գերմանիայում, հատկապես Հունաստանում կա խիստ դժգոհություն և անվստահություն Թուրքիայի հանդեպ: Բանն այն է, որ թուրքական իշխանությունները գործնական քայլեր չեն ձեռնարկում հունա-թուրքական սահմանը վերահսկելու ուղղությամբ: Փաստացի, Անկարայի լուռ համաձայնությամբ և թողտվությամբ են փախստականները հասնում Եվրոպա:

Ինքնին պարզ է, որ անհնար է հարյուր հազարավոր մարդկանց տեղափոխումը` առանց երկրի իշխանությունների իմացության: Անհնար է, որ այդքան մարդ հեշտ ու հանգիստ հատի պետական սահմանը, այն էլ` Թուրքիայի նման պետության սահմանը: Ակնհայտ է, որ փախստականների այդ անկանոն հոսքը լիովին ձեռնտու է թուրքական իշխանություններին` Եվրամիության նկատմամբ որոշակի առավելության հասնելու և բանակցային սեղանի շուրջ վճռական դիրքերից հանդես գալու համար: Եվ Անկարային դա քաջողվել է: Հաջողվել է Գերմանիային ստիպել գնալ զիջումների: Բայց ինչպես նշվեց, պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել: Կա փոխադարձ վստահության մեծ դեֆիցիտ:

Երկու ամսվա այդ անգործությունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հունվարի 22-ին բանակցություններ են վարել փախստականների խնդրի շուրջ: Կարծես` հանդիպումն այնքան էլ դրական արդյունքներ չի ունեցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և վիզային ռեժիմի ազատականացման առումով: Բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունները ավելի շատ հիշեցնում են առևտուր գնի շուրջ: Մերկելը վերահաստատել է, որ Եվրամիությունը 3 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային, սակայն որևէ խոսք չի հնչեցրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին:

Իսկ Դավութօղլուն էլ հպարտորեն հայտարարել է, որ փախստականների խնդիրը թուրքական խնդիր չէ, որ Թուրքիան այդ խնդրի հետ կապ չունի, որ դա համաեվրոպական խնդիր է, և միայն Թուրքիայի ուսերին այն դնելը ճիշտ չէ: Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայում կա 2,5 միլիոն սիրիացի և 300 հազար իրաքցի փախստական, որոնց պահելու համար արդեն իսկ ծախսվել է 10 միլիարդ եվրո: Նրա խոսքով` Եվրամիության կողմից 3 միլիարդ եվրո տրամադրելը սիմվոլիկ գումար է` ըստ էության ակնարկելով, որ դա քիչ է:

Թուրքիայի վարչապետի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Անկարան գործնականում չի ստացել Գերմանիայից և Եվրամիությունից այն, ինչ ցանկանում էր: Ստացել է միայն խոստումներ: Բրյուսելը և Բեռլինը սպասում են, որ նախ Թուրքիան սկսի կատարել պարտավորությունները: Եվրոպային, ըստ էության, դուր չի գալիս, որ Թուրքիան, օգտագործելով փախստականների խնդիրը, բացահայտ լկտի առևտուր է անում և շանտաժի ենթարկում` ամենևին չդառնալով վստահելի գործընկեր:

Ինչևէ, Եվրամիությունում ճիշտ կանեն, որ շատ չտարվեն Թուրքիայի հետ առևտրով: Ոչ այդ 3 միլիարդ եվրոն, ոչ էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու խոստումները չեն կարող լուծել փախստականների խնդիրը: Ճգնաժամի լուծումը ոչ թե Թուրքիային աջակցելն է, այլ հակառակը, զսպելը: Թուրքիան ամեն ինչ արել է, որպեսզի Մերձավոր Արևելքում լինի ոչ թե խաղաղություն, այլ լինի հենց այն, ինչ այսօր է տեղի ունենում` մրցակից պետությունների (Սիրիա, Իրաք) կործանում, ինչի շնորհիվ բարձրացել է Թուրքիայի նշանակությունը: Թուրքիայի հանդեպ Եվրամիությունում առկա դժգոհությունը խոսում է այն մասին, որ եվրոպացիները այդ ամենը շատ լավ են գիտակցում: Սակայն եվրոպական կառավարությունները ամեն կերպ փորձում են խուսափել Թուրքիային շատ «վշտացնելուց»:

Այսպիսով` իրավիճակը մնում է նույնը: Մինչ պետությունների առաջնորդները բանակցում են, փախստականների հոսքը շարունակվում է, իսկ Սիրիայում և Իրաքում պատերազմն ու անարխիան չեն դադարում: Գաղթի ճանապարհին շարունակվում են զոհվել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր փախստականներ, որոնց թվում բազում երեխաներ: Հունաստանի ափերի մոտ օրերս երկու նավաբեկություն է եղել, զոհվել է 42 մարդ: Այս մարդկային դժբախտությունները դարձել են սովորական, շաբաթը մեկ հաղորդվում է նորանոր զոհերի մասին:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում