ԱՄՆ-ն խաղի իր կանոններն է փորձում թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ-ն խաղի իր կանոններն է փորձում թելադրել Արցախյան  հակամարտության կարգավորման գործում

Ձմեռային տոներից հետո տեղի ուենցավ մի ուշագրավ իրադարձություն, որը կարծես թե բավարար կարևորության չարժանացավ ոչ հայկական լրատվական, ոչ էլ քաղաքագիտական հանրույթի ներկայացուցիչների կողմից: Խոսքը Եվրոպայի հարցերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ի ազգային անվտանգության Եվրոպայի հարցերով պատասխաանատու Չարլզ Կուպչանի Հայաստան կատարած այցի մասին է: Հունվարի 14-ին իրականացրած այցի շրջանակներում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամեն տարի չէ, որ նման բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Հայաստան, սակայն հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը բավականին սուղ էր: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք.նախքան Հայաստան կատարելիք այցը Կուպչանը եղել էր Ադրբեջանում և մի շարք հանդիպումներ անցկացրել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների` նախագահի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանում ևս պաշտոնական հաղորդագրություններից բացի տեղեկատվություն չկար այցի բուն նպատակի վերաբերյալ: Իսկ պաշտոնական լրատվությունը գրեթե կրկնում էր հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվել էին նաև Երևանում: Չնայած որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում նշվում էր, որ հանդիպման առանցքային թեմաներից են եղել տարածաշրջանային նշանակության հարցերը, սակայն ԱՄՆ-ում այդ օրերին և դրա նախորդող կոնգրեսական քննարկումները բացահայտում են այցի բուն էությունը:

Այսպես, եթե այցն ունենար տարածաշրջանային նշանակություն, ապա Կուպչանը կայցելեր նաև Վրաստան, իսկ քանի որ նա եղել էր միայն Ադրբեջանում և Հայաստանում կարելի է ենթադրել, որ կուլիսների ետևում քննարկվող հիմնական թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Արցախյան հակամարտությունը: ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, վերջին ժամանակներս աչքի է ընկնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անհատական միջոցառումների կազմակերպմամբ: Արցախյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ գործունեությանը զուգահեռ ԱՄՆ-ի անհատական նախաձեռնողական քաղաքականության դրսևորումը կարելի տեսնել դեռևս 2014թ-ին, երբ մայսիսի հինգին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում Ջեյմս Ուորլիքը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման «Խաղաղության համաձայնագիրը», որը բաղկացած էր 6 կետից: Այս հայտարարությունն իսկապես աննախադեպ էր, քանի որ համանախագահ երկրի ներկայացուցիչն արտահայտեց ոչ թե Մինսկի խմբի կարծիքը, այլ հենց ԱՄՆ-ի, որն ի դեպ բավականին տարբերվում էր եռանախագահների համընդհանուր կարծիքից: Փաստորեն, համանախագահության պատմության ամբողջ ընթացքում Ուորլիքի հայտարարությունն առաջինն էր, որով ցույց տրվեց, որ ճեղքեր են տալիս նույնիսկ այն հարթակները, որտեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հաջողությամբ գործակցում էին:

Թերևս, ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությամբ կարելի է բացատրել նաև վերջին զարգացումները, երբ ԱՄՆ-ում մեծ ակտիվություն է ցուցաբերվում Արցախյան հիմնահարցի կարգավորման հետ կապված: Հունվարի 6-ին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էին հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էին 85 կոնգրեսական: Նրանք ներկայացրել էին առաջարկություններ, որոնք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին: Կոչ է արվում շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Պետքարտուղարությանն ուղղած այս նամակից ընդամենը օրեր անց ԱՄՆ-ի գլխավոր խորհրդականն այցելում է Ադրբեջան և Հայաստան: Բնականաբար, օրակարգային մյուս հարցերի շարքում Կուպչանի այցի օրակարգում ամենագլխավոր թեման հենց այս առաջարկությունների ներկայացումն էր և դրանց շուրջ երկու երկրների իշխանությունների կարծիքի հստակեցումը: Չնայած Արցախյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն կա կարծրատիպային մոտեցում, որ այս հակամարտությունը գտնվում է ռուսական կողմի հսկողության ներքո և հենց ռուսական շահերի գոտում: Սիրիայում ռուսական միջամտությունը բարձրացրեց նրա աշխարհաքաղաքական կշիռը և խառնեց ԱՄՆ-ի տարածաշրջանային հաշվարկները: Մինչ ռուսական միջամտությունը թվում էր սիրիական համակարտությունը գտնվում էր ամերիկյանի վերահսկողության ներքո, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է և տպավորություն կա, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում կորցրել է խաղի կանոնները թելադրողի իր դերը: Հավասարակշռությունը պահպանելու համար ԱՄՆ-ն էլ փորձում է ներգործություն ունենալ ռուսական ազդեցության գոտիններում: Նման քաղաքականության մեկնարկն ակներև է Ուկրաինայից Ղրիմի անջատման և Ռուսաստանին միանալուց հետ և ավելի ցայտուն է դրսևորվում սիրիական իրադարձությունների ֆոնին:

Հիմք ունենալով ստեղծված իրավիճակը` տրամաբանական է, որ 2016թ-ին ԱՄՆ-ն կփորձի նախաձեռնողականությունը մեծացնի այն կոնֆլիկտներում, որոնք ավանդաբար գտնվում են ՌԴ-ի հետաքրքրությունների գոտում: Դրանց շարքին է դասվում ԼՂ կոնֆլիկտը, որի կարգավորման գործում ԱՄՆ-ն կանի ամեն ինչ իր տեսակարար կշիռը մեծացնելու համար: Ռուսաստանն ու Ֆրանսիան, որոնք այսօր առերեսվում են բազմաթիվ խնդրիրների հետ և ներկայումս Արցախյան հակամարտությունը գուցե նրանց առաջնային հետաքրքրությունների ծիրում չէ, առայժմ չեն խոչընդոտի ԱՄՆ-ի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից անկախ ծավալած գործունեությանը, սակայն գործնական կիրառելության անցնելուց առաջ ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը սուր բնույթ կստանա Արցախյան հարթակում:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում